Նոայի պատմության լավագույն ռմբարկուն, Հենրի Ավագյանի տպավորիչ ռեկորդը. Fastex Պրեմիեր լիգայի 21-րդ տուրը՝ 10 փաստով
Առաջնության 21-րդ տուրն անվանեց նոր առաջատարին: Չեմպիոնական մրցավազքի կարևորագույն խաղում 2-0 հաշվով հաղթելով «Փյունիկին», «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Sportmedia.am-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1. 16-րդ տուրից հետաձգված «Արարատ» - «Ալաշկերտ» և 21-րդ տուրի հանդիպումներն անցան հյուրերի առավելությամբ, որոնք տոնեցին 4 հաղթանակ, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին մեկ պարտություն: Առաջնությունում անցկացված 100 հանդիպումներում դաշտի տերերը 43 հաղթանակ են տարել, 23 խաղում գրանցվել է ոչ-ոքի, 34 անգամ հաջողության են հասել հյուրերը:
6 խաղում խփվեց 15 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,5 գոլ), որից 5-ի հեղինակները դաշտի տերերն էին: Առաջնության 100 հանդիպումներում 255 գոլ է գրանցվել (միջինը մեկ խաղում՝ 2,55 գոլ):
2. «Գանձասարի» հետ հանդիպումը պաշտոնական մրցումներում «Նոայի» հոբելյանական՝ 300-րդ խաղն էր, որում չեմպիոնը 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ: Խաղերից 237-ը «Նոան» անցկացրել է Fastex Պրեմիեր լիգայում, 28-ը՝ Հայաստանի գավաթի, 2-ը՝ Սուպերգավաթի, 33-ը՝ եվրագավաթների մրցաշարերում:

3. «Արարատ-Արմենիան» «Փյունիկի» նկատմամբ տարած կարևոր հաղթանակով նշեց պաշտոնական մրցումներում իր հոբելյանական՝ 300-րդ հանդիպումը: Խաղերից 238-ը թիմն անցկացրել է Fastex Պրեմիեր լիգայում, որոնցում 143 հաղթանակ է տարել:
4. Առաջնությունում «Փյունիկի» 6 անընդմեջ հաղթանակների և անպարտելի 9 խաղերի շարքն ընդհատվեց: Նախորդ պարտությունը փյունիկցիները կրել էին անցյալ տարվա հոկտեմբերի 18-ին՝ Չարենցավանում 1-2 հաշվով զիջելով «Վանին»: Խուան Բալանտայի իրացրած 11մ հարվածը դարձավ ՀՀ առաջնություններում «Փյունիկի» մասնակցությամբ անցկացված հանդիպումներում գրանցված 2800-րդ գոլը: Փյունիկցիների օգտին ներկայումս Հայաստանի առաջնություններում 1946 գոլ է գրանցված:
5. «Շիրակը» թեև ընդհատեց առաջնությունում կրած 5 անընդմեջ պարտությունների շարքը, սակայն կրկին չգտավ մրցակցի դարպասի բանալին՝ գոլային երաշտը հասցնելով 499 րոպեի: Վերջին գոլը շիրակցիները խփել են անցյալ տարվա դեկտեմբերի 1-ին «Արարատ-Արմենիայի» հետ կայացած խաղի (1-4) 41-րդ րոպեին:

6. Մաթեուս Այասը «Նոայի» կազմում բոլոր մրցաշարերում խփած գոլերի ընդհանուր քանակը հասցրեց 28-ի և դարձավ ակումբի պատմության լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով Գոնսալու Գրեգորիուի ռեկորդային ցուցանիշը: Գոլերից 15-ն Այասը խփել է Հայաստանի առաջնություններում, 4 անգամ աչքի է ընկել Հայաստանի գավաթի մրցաշարերում, 9 անգամ էլ գրավել է մրցակիցների դարպասները եվրագավաթների հանդիպումներում:
7.Թեև «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճում ընդհատվեց Հենրի Ավագյանի դարպասն անընդմեջ անառիկ պահած 6 խաղերի տպավորիչ շարքը, սակայն «Փյունիկի» դարպասապահը պատմական ռեկորդ սահմանեց:
Ընթացիկ առաջնության հանդիպումներում Ավագյանը 608 րոպե շարունակ դարպասն անառիկ է պահել: Այդ ցուցանիշով նա դարձավ «Փյունիկի» պատմության լավագույն դարպասապահը: Հենրի Ավագյանը գերազանցեց թիմի նախկին դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանի ռեկորդային ցուցանիշը, որն առաջնության հանդիպումներում 600 րոպե շարունակ գոլ բաց չէր թողել: Առաջնությունում նախորդ գոլն Ավագյանը բաց էր թողել անցյալ տարվա նոյեմբերի 21-ին «Ուրարտուի» հետ հանդիպման 45-րդ րոպեին Բրունո Միշելի հարվածից հետո:
8. Խոսե Բուենոն պաշտոնական մրցումներում «Արարատ-Արմենիայում» հոբելյանական՝ 150-րդ խաղն անցկացրեց: Նա դարձավ այդ սահմանագիծը հատած թիմի 4-րդ ֆուտբոլիստն Արմեն Համբարձումյանից (238 խաղ), Կարեն Մուրադյանից (166) և Ալվին Թերայից (156) հետո:

9. Արարատցի Աբուբակար Ուատարան և ալաշկերտցի Ջոզեֆ Սաբոբոն բացեցին գոլերի հաշիվը Fastex Պրեմիեր լիգայում: Իսկ Ռոբերտ Հակոբյանն առաջին գոլը խփեց «Ալաշկերտում»:
10. Արսեն Բեգլարյանը հայկական ակումբներում բոլոր մրցաշարերում հոբելյանական՝ 300-րդ խաղն անցկացրեց: