Սա խայտառակություն է․ Լապորտան թվարկել է Ատլետիկոյի հետ խաղում մրցավարների բոլոր սխալները
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան քննադատել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղի մրցավարական անձնակազմին: Կատալոնական ակումբը զիջել էր երկու խաղերի արդյունքում (0:2, 2:1):
«Շնորհավորում եմ «Ատլետիկոյին» կիսաեզրափակիչ դուրս գալու առթիվ, բայց դա չի արդարացնում երեկվա խայտառակ մրցավարությունն ու VAR-ի աշխատանքը. դա անընդունելի է:
Առաջին խաղում մեր օգտին ակնհայտ տուգանային հարված չնշանակվեց, ինչպես նաև հեռացրին մեր խաղացողներից մեկին, թեև նա միայն դեղին քարտի էր արժանի. Ջուլիանոն չէր վերահսկում գնդակը: Մրցավարը սկզբում ճիշտ որոշում կայացրեց, բայց հետո VAR-ը միջամտեց, նա փոխեց որոշումն ու կարմիր քարտ ցույց տվեց
Այս դիմակայությունում մրցավարական որոշումները մեզ մեծ վնաս հասցրին և դա կրկնվեց պատասխան խաղում: Նրանք հեռացրին մեր ֆուտբոլիստին, երբ Կունդեն կարող էր հեշտությամբ հասնել գնդակին, իսկ Էրիկի խախտում վերջին հույսի չէր: Մրցավարը ցույց տվեց դեղին քարտ, ինչը ճիշտ որոշում էր, սակայն VAR-ը նրան ստիպեց փոխել այն: Եվս մեկ սխալ:
Ֆերանի գոլը պետք է արձանագրվեր: Օլմոյի նկատմամբ կանոնների խախտման համար պետք է 11-մետրանոց նշանակվեր: Ֆերմինի դեմ ագրեսիա կար: Գնահատեք՝ ինչպես ուզում եք: Դա անտանելի է, տղան տառապում էր, մինչ նրա վերքը կարում էին. դա անընդունելի է:
Մենք բողոք ենք ներկայացրել և մեզ պատասխանել են, որ այն ընդունված չէ: Հիմա մենք խնդրում ենք բացատրել՝ ինչու: Յուստեն ասել է, որ ևս մեկ բողոք կներկայացվի: Այն, ինչ մեզ հետ արեցին երեկ, անընդունելի է: Սա անտանելի է, սա խայտառակություն է», — ասել է Լապորտան: