BazaResidence
Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)| Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դորտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին|
2026 թվականին ֆեդերացիաներին տրվող աջակցությունը կավելանա 500 մլն դրամով. Ժաննա Անդրեասյան
08 Հունվար 2026

2026 թվականին ֆեդերացիաներին տրվող աջակցությունը կավելանա 500 մլն դրամով. Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, հաշվետու մամուլի ասուլիսում անդրադառնալով սպորտի ոլորտում իրականացված աշխատանքներին, ընդգծել է՝ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, որ բոլոր երեխաները զբաղվեն սպորտով, և ֆիզիկական առողջ ակտիվությունը դառնա ապրելակերպի մաս։

Այս համատեքստում խաղային մարզաձևերի զարգացման քաղաքականության շրջանակում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախորդ տարի դպրոցականների շրջանում անցկացված երկու նոր մրցաշարերը՝ Վոլեյբոլի և Բասկետբոլի լիգաները։ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ Դպրոցականների բասկետբոլի լիգայի համայնքային փուլին մասնակցել է ավելի քան 8000, իսկ Վոլեյբոլի լիգայի համայնքային փուլին՝ ավելի քան 5000 երեխա։

Բացի այդ՝ 2025 թվականին ՀՀ վարչապետի հովանու ներքո դպրոցականների շրջանում անցկացվել են նաև սիրողական սեղանի թենիսի, թիմային խճուղավազքի, խճուղային հեծանվավազքի և լողի մրցաշարեր։ Վերջինս առաջին անգամ է անցկացվել բացառապես դպրոցականների համար՝ լողավազաններում։

«Նախորդ տարվա 9700-ի փոխարեն այս տարի ունեցել ենք ավելի քան 25 200 երեխաներ, որոնք մասնակցել են Վարչապետի գավաթի մրցաշարերին։ Իհարկե, մենք տեսնում ենք, որ աճը էական է, սակայն սա ամենևին մեր իդեալական վերջնակետը չէ։ Պետք է հասնենք նրան, որ յուրաքանչյուր երեխա զբաղվի սպորտով՝ առնվազն իր նախընտրած մարզաձևով»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել՝ ներկայում շրջանառվում են օրենսդրական փոփոխություններ, որոնք միտված են նաև սպորտի ոլորտում ներառականության խթանմանը։

Անվճար լողի պարապմունքներ դպրոցականների համար

Նա խոսել է նաև լողի խրախուսման ծրագրի մասին. ԿԳՄՍ նախարարությունը ֆինանսավորում է մարզերում գործող մասնավոր լողավազաններում երեխաների լողի անվճար պարապմունքները։ Ծրագրում արդեն շուրջ 200 երեխա է ընդգրկված, իսկ գարնանը նրանց կմիանան նոր երեխաներ՝ նոր բնակավայրերից։ ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ այս տարի ծրագիրը կարող է համալրվել նոր մարզաձևերով։

Անդրադառնալով սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ մարզային տիպային մարզահամալիրների շինարարությունը կմեկնարկի Արարատում, Մարտունիում և Եղեգնաձորում։ Դրանք կունենան պարտադիր լողավազան, խաղային մարզադահլիճ և այլ սպորտային ենթակառուցվածքներ՝ էապես փոխելով մարզերում սպորտով զբաղվելու հնարավորությունները։ Այնուհետև, սպորտի ռազմավարությանը համահունչ, ծրագիրը կշարունակվի նաև մյուս խոշորացված համայնքներում։

Ժաննա Անդրեասյանը նաև նշել է՝ այս տարվանից մեկնարկում է օլիմպիական նպաստի ծրագիրը հեռանկարային մարզիկների համար։ Հունվարից նրանք կսկսեն ստանալ առանձին մարզական նպաստ՝ առաջիկա Օլիմպիական խաղերին պատշաճ նախապատրաստվելու համար: ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների» մրցույթին, որի նպատակն է խրախուսել սպորտի ոլորտի տարբեր մարզիկներին. «Ունենք շատ լավ արդյունքներ թե՛ կին մարզիկների, թե՛ հաշմանդամություն ունեցող մարզիկների, թե՛ խաղային մարզաձևերի, և թե՛ երիտասարդ մարզիկների շրջանում։ Այսպիսով՝ նրանք ստանում են տեսանելիություն և դառնում իրենց անվանակարգերում տարվա լավագույնների հաղթողներ»։

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ սպորտի ոլորտում աշխատանքները միտված են նաև կառավարման բարեփոխումներին. արդեն երկրորդ տարին է, ինչ ԿԳՄՍ նախարարությունը ֆեդերացիաների հետ աշխատում է նոր ձևաչափով․ վերջիններիս ֆինանսական և հաշվապահական գործառույթներն իրականացնում է Սպորտի կառավարման կենտրոնը. «Այս տարի այդ ձևաչափով կսկսեն աշխատել ավելի մեծ թվով ֆեդերացիաներ։ Ոլորտում ներդրվում է նաև տեղեկատվական համակարգ․ մարզադպրոցների բաղադրիչն արդեն փորձարկված է, իսկ առաջիկայում թվային տիրույթում աշխատանքներ կկատարվեն նաև ֆեդերացիաների հետ»։

Սպորտի ոլորտում ֆինանսավորման գործընթացի վերաբերյալ նախարարը նշել է, որ Կառավարությունը շարունակաբար մեծացնում է ոլորտի հատկացումները. 2026 թվականին ֆեդերացիաներին տրվող աջակցությունը կավելանա 500 մլն դրամով:

«Կառավարությունը նաև մի շատ կարևոր կարգ է փոխել, որը վերաբերում է ուսումնամարզական հավաքների կազմակերպմանը, մասնավորապես՝ օրապահիկի և գիշերակացի սահմանաչափերին. նախկինում սահմանված 9800 դրամի փոխարեն արդեն երկու տարի է՝ մեկ օրվա արժեքը սահմանված է 16300 դրամ: Տասնյակ տարիներ այն չէր փոխվել, այնինչ ակնհայտ է՝ մարզիկի համար լավ մարզավիճակում մնալու համար կարևոր է նաև ճիշտ սննդակարգը»,- ասել է նախարարը:

Նախորդ հոդվածը
Ինտերը շարունակում է հաղթարշավը․ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Ուրարտուն ուսումնամարզական հավաք կանցկացնի ԱՄԷ-ում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։