Շատերը շնորհակալություն էին հայտնում Արցախ ստեղծագործությունն ընտրելու համար. Կարինա Ակոպովա
Գեղասահորդ Կարինա Ակոպովան Sportmedia.am-ի հետ զրույցում ամփոփել է ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերը: Սպորտային զույգերի պայքարում Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը զբաղեցրին 14-րդ հորիզոնականը:
«Սկզբում մի փոքր տխուր էի, որ չհաջողվեց ցույց տալ մեր ամբողջ ներուժը և մտնել լավագույն տասնյակի մեջ։ Սակայն հետո մեր մարզիչը մեզ հանգստացրեց։ Նա ասաց. «Դուք այսքան դժվարություններ հաղթահարեցիք՝ տեղափոխության խնդիրներ, կարանտիններ, մշտապես ուղեբեռի հարցեր, վիզայի ուշացում… Այն ճանապարհը, որ անցել եք, արդեն իսկ հսկայական ձեռքբերում է։ Այո՛, գուցե այս անգամ չստացվեց, բայց ամենակարևորը՝ դուք դա արեցիք։ Դուք նաև հանդես եկաք «Արցախ» ստեղծագործության ներքո։ Դա է ամենակարևորը։ Եվ ընդհանրապես՝ արդեն իսկ մեծ բան է, որ հասաք Օլիմպիական խաղեր»,-Sportmedia.am-ի հետ զրույցում ասել է Ակոպովան։
Դրանից հետո հոգեպես ավելի թեթևացա։ Մենք հույս ունենք, որ սա մեր վերջին Օլիմպիական խաղերը չէ։ Ցանկանում ենք շարունակել մեր մարզումները և մասնակցել նաև հաջորդ Օլիմպիական խաղերին։ Ընդհանուր առմամբ՝ մեր զգացմունքները դրական են։
- Առաջին անգամ էիք մասնակցում Օլիմպիական խաղերին: Ի՞նչպիսին էր մթնոլորտը:
- Այո՛, սա մեր առաջին փորձն էր։ Զգացողություններով, անկեղծ ասած, այն առանձնապես չէր տարբերվում մյուս մրցումներից։ Թեև հաճախ ասում են, որ Օլիմպիական խաղերում շատ լարվածություն և մեծ հուզմունք կա, բայց ես, օրինակ, ընդհանրապես չէի հուզվում։ Նիկիտան նույնպես։ Այդ առումով ամեն ինչ հանգիստ էր, և ես պարզապես ուրախ էի, որ այնտեղ եմ։
- Զգո՞ւմ էիք երկրպագուների աջակցությունը։
- Այո՛, մինչև հիմա չեմ հասցրել պատասխանել բոլոր նամակներին: Այնքան շատ մարդիկ են գրել ու աջակցել մեզ: Շատերը շնորհակալություն էին հայտնում կարճ ծրագրում մեր օգտագործած ստեղծագործության համար։ Տրիբունաներում մեր ամբողջ ընտանիքն էր, նրանք պաստառներ էին պատրաստել։ Շատ հաճելի էր տեսնել, որ բոլորը եկել էին մեզ աջակցելու։
Գեղասահքի սպորտային զույգերի պայքարում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոովան և Նիկիտա Ռախմանինն ազատ ծրագրում վաստակել են 114.39 միավոր։ Կարճ ծրագրից հետո նրանք ունեին 66.27 միավոր և երկու վարժությունների հանրագումարում միավորների թիվը հասցնելով 180.66-ի՝ զբաղեցրել են 14-րդ հորիզոնականը: