BazaResidence
Ռեալը պարտվեց Մալյորկային| Բավարիան, պարտվելով 2 գնդակի տարբերությամբ, հաղթանակի հասավ՝ խաղավերջում խփելով 3 գոլ․ Բայերը 6 գոլ խփեց (տեսանյութ)| Արարատ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Ման․ Սիթին խոշոր հաշվով հաղթեց Լիվերպուլին․ Հոլանդը հեթ-տրիկ ձևակերպեց (տեսանյութ)| Ակրոնը վերջին 5 խաղից 4-ում պարտվել է․ Սևիկյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ խաղաց 16 րոպե | Մենք միշտ ազնիվ ենք․ Արտետան՝ ֆուտբոլիստների առողջական վիճակի մասին|
Երևանում կայացավ հրաձգության Եվրոպայի առաջնության բացման արարողությունը
27 Փետրվար 2026

Երևանում կայացավ հրաձգության Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

Երևանում բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է սպորտային հրաձգության Եվրոպայի առաջնությունը, որը պատմության մեջ առաջին անգամ է անցկացվում Հայաստանում։

Միջոցառումը մեկնարկել է տպավորիչ շոու ծրագրով, որի ընթացքում ներկայացվել են հրաձգություն մարզաձևի գեղեցկությունն ու առանձնահատկությունները։ Լուսաձայնային շոուից հետո տեղի է ունեցել մասնակից երկրների դրոշների շքերթը, տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության էջից:

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատները և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը։

Ողջունելով ներկաներին՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է․ «Հաճույքով ենք ընդունում այս առաջնությունը: Ուրախ ենք արձանագրել, որ ՀՀ-ն դառնում է Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արդեն սովորական վայր: Համոզված եմ, որ այս առաջնությունները նոր խթան կհանդիսանան ընդհանրապես միջազգային սպորտի զարգացմանը և տվյալ մարզաձևերի զարգացմանը Հայաստանում»։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ առաջնության անցկացումը մեծ պատասխանատվություն է Հայաստանի համար և կարևոր հնարավորություն՝ ևս մեկ անգամ միջազգային հանրությանը ներկայացնելու երկիրը՝ որպես բարձրակարգ մարզական միջոցառումներ կազմակերպող վստահելի հարթակ։

Նա ընդգծել է՝ վերջին տարիներին Հայաստանը հետևողականորեն իրականացնում է խոշոր միջազգային մրցաշարեր հյուրընկալելու քաղաքականություն՝ արդեն իսկ ընդունելով բռնցքամարտի և ծանրամարտի Եվրոպայի առաջնությունները, կարատեի աշխարհի առաջնությունը։ Առաջիկայում նախատեսվում է նաև սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության, ծանրամարտի աշխարհի առաջնության և Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային խաղերի անցկացումը Հայաստանում։

Հրաձգության Եվրոպայի առաջնությանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել շուրջ 40 երկրների հարյուրավոր մարզիկներ, մարզիչներ և պատվիրակներ։ Մրցումները կանցկացվեն օդամղիչ ատրճանակ, օդամղիչ հրացան և շարժվող թիրախ մրցաձևերում։ Ընդհանուր առմամբ՝ խաղարկվելու է 70 լրակազմ մեդալ։

ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել առաջնության կազմակերպման նպատակով ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին, պետական կառույցներին՝ կատարած նախապատրաստական արդյունավետ և հոգատար աշխատանքի համար, ինչպես նաև Եվրոպայի կոնֆեդերացիային՝ այս պատասխանատու միջոցառումը Հայաստանին վստահելու համար։

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև Հայաստանի հրաձգության ավանդույթներին՝ ընդգծելով, որ դեռ խորհրդային տարիներից ձևավորված ամուր դպրոցն անկախությունից հետո շարունակել է զարգանալ։ Նա հիշատակել է 1992 թվականին Օլիմպիական խաղերի չեմպիոն հռչակված Հրաչյա Պետիկյանին, անվանի հրաձիգներ Զինաիդա Սիմոնյանին, Երջանիկ Ավետիսյանին։ Նախարարն ընդգծել է՝ այսօր ևս հայ հրաձիգները շարունակաբար ամրապնդում են Հայաստանի ներկայությունը եվրոպական և համաշխարհային մրցաշարերում՝ արձանագրելով բարձր արդյունքներ։

Եվրոպայի այս առաջնությանը Հայաստանը մասնակցում է 26-հոգանոց ներկայացուցչական կազմով։ Նախարարը ողջունել է մասնակից երկրների ներկայացուցիչներին՝ հույս հայտնելով, որ առաջնությունը կդառնա ոչ միայն կարևոր մարզական իրադարձություն, այլև հնարավորություն՝ բացահայտելու Հայաստանը և կրկին վերադառնալու ծրագրեր կազմելու համար։

«Վստահ եմ՝ առաջնությունը կդառնա մարզական մեծ իրադարձություն՝ բոլորիս համախմբելով սպորտի շուրջ»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու հաջողություն մաղթել առաջնության մասնակիցներին։

Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատները խոստովանել է՝ Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու Հայաստանի առաջարկն ի սկզբանե շատ համարձակ է թվացել։

«Շատերի համար սա հավակնոտ մարտահրավեր էր, քանի որ հրաձգությունից նման մասշտաբային մարզական միջոցառում երբևէ չէր կազմակերպվել այս երկրում, բայց մենք հավատում էինք միմյանց, տեսանք մեր հայ գործընկերների վճռականությունը և հսկայական ներուժը՝ վստահելով նրանց փորձին։ Այսօր կարող եմ հպարտությամբ ասել, որ մեր հայ գործընկերները հաջողությամբ հաղթահարել են այս մարտահրավերները։ Նրանք հիանալի պայմաններ են ստեղծել հարյուրավոր մարզիկների համար։ Վստահ եմ, որ այս առաջնությունը Հայաստանում հրաձգության զարգացման հզոր խթան կդառնա»,- ասել է Ռատները՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ Կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանը համագործակցության և կատարած աշխատանքի համար։

Այնուհետև Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանին է փոխանցվել Հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի դրոշը՝ որպես Եվրոպայի առաջնության հյուրընկալման պատվավոր իրավունք։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Աշխարհի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Լուչիանո Ռոսսին, հյուրեր:

Եվրոպայի առաջնությունը կանցկացվի մարտի 1-5-ը Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Փետրվարի 28-ը կլինի մարզումային օր:

Նախորդ հոդվածը
Voetbal International. ԱԶ Ալկմարը փրկեց Նիդերլանդների պատիվը
Հաջորդ հոդվածը
Տուտբերիձե. Եթե Ադելիա Պետրոսյանը կատարեր երկու տուլուպ, ոսկե մեդալ կնվաճեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։