BazaResidence
Ռոնալդուն կարիերայի 969-րդ գոլն է խփել| Ծանրամարտի ԵԱ․ Այսօր մրցահարթակ դուրս կգա Հայաստանի 2 ներկայացուցիչ| Կարեն Նալբանդյան. Շատ ուրախ եմ, որ խաղային իրավիճակից գոլ խփեցի (տեսանյութ)| ՊՍԺ-ն պարտվեց Լիոնին (տեսանյութ)| Յուվենտուսը հաղթեց Բոլոնյային, Միլանը՝ Վերոնային․ Ա Սերիայի խաղային օրվա արդյունքները | Հայտնի են Բարսելոնայի ու Մյունխենի մրցաշարերի հաղթողները|
Ռոբերտ Արզումանյան. Այսպիսի լարված պայքար վաղուց չի եղել
03 Մարտ 2026

Ռոբերտ Արզումանյան. Այսպիսի լարված պայքար վաղուց չի եղել

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը հարցազրույց է տվել Sportmedia.am-ին, որի ընթացքում խոսել է Ֆաբիո Կանավարոյի գլխավորած թիմի դեմ խաղի, երևանյան թիմում փոփոխությունների, չեմպիոնական պայքարի և այլ թեմաների մասին:


- Ինչո՞ւ որոշեցիք հենց Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացնել նախապատրաստական հավաքը և ինչպե՞ս այն անցավ:

- Վաղուց էինք ծրագրել հավաքն այնտեղ անցկացնել: Արդեն որերորդ տարին է՝ «Ուրարտուն» այնտեղ է մեկնում: Պատճառն առաջին հերթին պայմաններն են՝ մարզումային, կենցաղային, եղանակային, մրցակիցների հարցում... ամենը շատ որակյալ էր: Մարզաբազան հենց մեր հյուրանոցում էր, ինչը նույնպես շատ հարմար էր: Լավ է նաև, որ վնասվածք ստացած ֆուտբոլիստ չունեցանք:

- «Ուրարտուն» ԱՄԷ-ում ընկերական խաղեր անցկացրեց: Ի՞նչ խնդիրներ լուծեցիք:

- Բոլորը գրեթե հավասարաչափ խաղաժամանակ ստացան: Մարզումների ու հանդիպումների ժամանակ բարելավում էինք մեր խաղը գնդակով և առանց գնդակի: Շեշտադրում էինք կատարել նաև ֆուտբոլիստների անհատական առաջընթացի վրա, որովհետև եթե ուժեղանում է խաղացողը, աճում է նաև թիմը: Մրցակիցները բավականին ուժեղ էին՝ Ուզբեկստանի հավաքականը, Մոսկվայի «Լոկոմոտիվը», Չինաստանի Սուպերլիգայից երկու թիմ... Մենք չէինք կենտրոնանում մրցակիցների վրա, փորձում էինք մեր խաղաոճն ուժեղացնել:

- Ուզբեկստանի հավաքականը գլխավորում է Ֆաբիո Կանավարոն: Ի՞նչ տպավորություն թողեց:

- Ինչպես նրան հավանում էի որպես ֆուտբոլիստ, այնպես էլ նա տպավորություն թողեց որպես մարդ:

- Ինչպիսի՞ն էր նրա թիմի դեմ խաղը:

- Ոչ ստանդարտ հանդիպում էր, որովհետև 35 րոպեանոց երեք խաղակես անցկացրինք: Բացի այդ, դա մեր առաջին ընկերական խաղն էր: Այդ պահին ֆիզիկապես դեռ այդքան պատրաստ չէինք: Չնայած նրան, որ արտասահմանում հանդես եկող նրանց մի քանի ֆուտբոլիստներ չկային, բայց հավաքականը մնում է հավաքական: Բավականին ինտենսիվ խաղ ստացվեց: Շատ ուժեղ հավաքական ունեն, ինչը վերջին տարիներին տեսնում ենք գրանցած արդյունքներից:

- Ուզբեկստանի  հավաքականը խաղալու է առաջիկա Մունդիալում, նույն խմբում են Պորտուգալիայի հետ: Նրանք ունեի՞ն աշխարհի առաջնության մասնակցի մակարդակ:

- Այո, և միայն այս խաղով չեմ ասում: Հասցրել եմ հետևել նրանց: Մունդիալում շատ ուժեղ մրցակիցներ են ունենալու: Պորտուգալիան, Կոլումբիան շատ ուժեղ են: Հետո հայտնի կդառնա ևս մեկ մրցակից, կարծեմ՝ Աֆրիկայից է լինելու: Խմբից դուրս գալը մեծ հաջողություն կլինի:

- «Ուրարտուի» կազմում ձմռանը շատ փոփոխություններ չեղան: Դա ձե՞ր ցանկությունն էր:

- Այո: Մենք ունենք հավասարակշռված կազմ բոլոր դիրքերում, ֆուտբոլիստներն էլ առաջընթաց են դրսևորում: Եթե նորեկներ պիտի լինեին, ապա անպայման այնպիսին, ով մեծ տարբերություն կստեղծեր: Մենք ունենք խաղակցված թիմ, լավ կոլեկտիվ: Հեշտ չէ նման թիմ բերել այլ ֆուտբոլիստ, ով կկարողանա անմիջապես մեծ օգուտ տալ: Հատկապես Հայաստանի առաջնությունից նման ֆուտբոլիստ գտնելը դժվար է: Միևնույն ժամանակ ունենք հատկապես հարձակման գծում երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնց խաղաժամանակ է հարկավոր աճ գրանցելու համար, այլապես կփակվի նրանց աճ գրանցելու ճանապարհը:

- Ամեն դեպքում թիմում մի քանի նորեկներ կան: Նրանցից մեկը Միգել Վելոզան է: Նա կարիերայում ամենաշատը խաղացել է աջ եզրում, որտեղ գործում է «Ուրարտուի» և Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու Բրունո Միշելը: Նրանք նույն դիրքի համա՞ր են պայքարելու:

- Մենք Վելոզային դիտարկում ենք որպես ձախ հարձակվող: Նա այդ դիրքում խաղալու փորձ ունի: Միգելը հավասարաչափ լավ կարող է խաղալ նաև լատերալի և ինսայդի դիրքերում:

- ԲԿՄԱ-ից «Ուրարտու» են վերադարձել նաև Լևոն Բաշոյանը և Գառնիկ Մինասյանը: Ի՞նչ կտան նրանք թիմին:

- Երկուսն էլ «Ուրարտուի» սան են: Ես շատ գոհ եմ Բաշոյանից: Նա իր հետ որակ է բերել: Ինչ վերաբերում է Մինասյանին, ապա, ցավոք, նա վնասվածք ունի և հիմա ապաքինման շրջանում է: Կարծում եմ՝ Գառնիկն էլ մեծ պոտենցիալ ունի:

- Ավանդաբար «Ուրարտուն» ամենաշատն է շահում ԲԿՄԱ ուղարկած ֆուտբոլիստներից, որոնք վերադառնալուց հետո մշտապես խաղում ու արդյունք են ապահովում: Հիմա էլ ԲԿՄԱ է մեկնել Դավիթ Հարությունյանը, ում դուք խաղաժամանակ էիք տալիս, երբ 17 տարեկան էր: Ինչպե՞ս Դավիթի վրա կազդի այդ տեղափոխությունը:

- «Ուրարտուում» խաղաժամանակ երիտասարդները ստանում են, և դեռ մեծ հարց է՝ նրանք ավելի կշահեն մեր ակումբում մնալուց, թե՞ ԲԿՄԱ տեղափոխվելուց: Իհարկե, կուզեի Դավիթը միայն շահեր այդ տեղափոխությունից, ժամանակը ցույց կտա: Հայաստանում կարգն այնպես է, որ ստիպված պետք է տեղափոխվեր: ԲԿՄԱ-ն նրան ընտրել է՝ չնայելով, թե որքան խաղաժամանակ կստանար իր մայր ակումբում: Հուսով եմ՝ ԲԿՄԱ-ում լավ աշխատանք կկատարեն, և Դավիթը կվերադառնա ավելի ուժեղ: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ «Ուրարտուի» կազմում ամենաշատն են խաղում ԲԿՄԱ-ից վերադարձող ֆուտբոլիստները, պատճառն այն է, որ «Ուրարտուն» ամենաուժեղ սաներ ունեցող ակումբն է Հայաստանում: Մեր սաները ԲԿՄԱ-ում չեն դառնում ուժեղ, այլ ԲԿՄԱ-ն նախապես լավագույններին է ընտրում և տանում, իսկ հետո նրանք վերադառնում են ու շարունակում խաղալ:

- Երեկ հայտարարվեց, որ կենտրոնական պաշտպան Արթուր Մելիքյանը վարձակալությամբ տեղափոխվեց «Սարդարապատ»: Ի՞նչ կտա նրան այդ տրանսֆերը:

- Արթուրը լավ որակներ ունի. նրան գիտեմ, երբ տարիներ առաջ «Ուրարտու-2»-ի մարզիչն էի: Վերջին տարիներին խաղաժամանակ քիչ էր ստանում, իսկ ֆուտբոլիստի համար խաղալու հնարավորությունն ամենակարևորն է: Վստահ եմ՝ մեր թիմում ունակ էր լավ խաղալ, բայց մրցակցությունն այդ դիրքում մեծ է: Այժմ նրան խաղաժամանակ է հարկավոր, որը կարող է ստանալ «Սարդարապատում»:

- Արթուրը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի զարմիկն է: Մելիքյանը նաև լավ ֆուտբոլիստ էր: Գեները փոխանցվե՞լ են Արթուրին:

- Չգիտեմ որքանով, բայց կարող եմ հաստատել, որ Արթուր Մելիքյանը լավ ֆուտբոլիստ է:

- Այս ձմռանը կայի՞ն ֆուտբոլիստներ, որոնք մոտ էին հեռանալուն, բայց գործարքը չկայացավ: Օրինակ՝ խոսակցություններ կային, որ արտասահմանյան ակումբները հետաքրքրված են Բրունո Միշելի ծառայություններով:

- Կային տարբեր ակումբներից հետաքրքրություններ, բայց բոլոր ֆուտբոլիստներն էլ մնացել են: Թիմի հաջողության համար ես ցանկանում էի, որ բոլոր ուժեղներն էլ մնային:

- Ֆուտբոլում քիչ չեն դեպքերը, երբ մարզիչները կտրուկ դեմ են լինում առաջատար ֆուտբոլիստների հեռանալուն՝ ընդհուպ մինչև հրաժարականի սպառնալիքը: Վերջերս այդպես էր վարվել Օլիվեր Գլասները «Քրիսթալ Փելասում»: Դուք նման քայլի կգնա՞ք երբևէ:

- Ոչ, ես ցանկացած ֆուտբոլիստի հետ պատրաստ եմ աշխատել, ու փորձել ուժեղանալ միմյանցով: Աշխարհում չկա ֆուտբոլիստ, որի տրանսֆերն անիրականանալի է:

- Բացի վինգերից, կայի՞ն այլ դիրքեր, որոնք կուզեիք ուժեղացնել:

- Դիտարկել ենք մի քանի այլ տարբերակներ, բայց մրցաշրջանի երկրորդ կեսին մոտեցել ենք լավագույն տարբերակով:



- Ի՞նչ ակնկալիքներ ունեք մրցաշրջանի երկրորդ կեսից:

- Ես սպասում եմ, որ ամեն հաջորդ խաղ մենք ավելի լավ կանցկացնենք, քան նախորդը:

- Մրցաշարային աղյուսակում «Փյունիկի» ու «Ալաշկերտի» հետ միասին ունեք հավասար միավոր, և բոլորն էլ 5 միավորով հետ են «Արարատ-Արմենիայից»: Բացի այդ, թիկունքից գալիս է «Նոան», որն այլևս եվրագավաթներին չի մասնակցում: Ինչպե՞ս եք գնահատում «Ուրարտուի» շանսերը:

- Մենք իրոք չենք նայում մյուս թիմերին, միավորների տարբերությանը: Եթե խաղադաշտում կատարենք այն, ինչ անում ենք մարզումներին, ապա ամենաբարձր տեղերի համար կպայքարենք: Մեր մրցակիցները շատ ուժեղ են իրենց ռեսուրսներով ու կազմերով, ուստի փորձում ենք կենտրոնանալ միայն հաջորդ խաղի վրա:

- Առնվազն 5 թիմ չեմպիոնական պայքարում է. սա խաղամակարդակի բարձրացման մասի՞ն է միայն:

- Այս մրցաշրջանը նախորդից անհամեմատ մրցակցային և ուժեղ է: Նույնիսկ եթե առաջին հնգյակի և մյուսների միջև միավորների տարբերությունը մեծ է, միևնույն է՝ երկրորդ հնգյակի թիմերը յուրաքանչյուր մրցակցից կարող են միավոր խլել: Իսկ մրցաշարային աղյուսակի վերջին հատվածում 5 թիմերի միջև այսպիսի լարված պայքար վաղուց չի եղել: Զուտ ֆուտբոլային մրցակցության առումով մակարդակը շատ բարձր է: Մնացած հարցերում բան չի փոխվել՝ էլի նույն ստադիոններն են, նույն անհասկանալի հետաձգումները խաղերի:

- Ստադիոնները հիշատակեցիք: «Ուրարտուն» այն քիչ ակումբներից է, որ սեփական ստադիոնն ունի: Բայց մրցաշրջանի առաջին կեսում զարմանալիորեն ձեր թիմը տնային խաղերում վաստակած միավորներով վեցերորդ տեղում էր, իսկ արտագնա խաղերում՝ առաջին: Դա ինչի՞ հետ եք կապում:

- Երևանում կայանալիք խաղերը, որոնք մեծամասնությունն են, տնայինից ու արտագնայից տարանջատելն այդքան էլ ճիշտ չէ: Մենք տնային խաղերում միավորները կորցրել ենք առաջնության սկզբում, երբ թիմը դեռ պրոցեսի մեջ էր: Նաև «Ուրարտուի» ստադիոնում խաղալը մոտիվացնում է մրցակիցներին, որոնք լավ տրիբունաներով ֆուտբոլային միջավայրում ավելի տրամադրված են լինում: Իսկ այն, որ «Ուրարտուն» շատ միավորներ վաստակում է արտագնա խաղերում, դա խոսում է թիմի ուժի մասին: Մենք մրցակցի խաղադաշտում էլ կարողանում ենք թելադրել մեր կամքը:

- Վերջին հարցը: Ձեր առջև չեմպիոնության խնդիր դրվա՞ծ է:

- «Ուրարտուում» հավաքված են ֆուտբոլիստներ, որոնք գիտեն՝ չեմպիոնությունն ինչ է, ֆուտբոլիստներ, որոնք ուզում են չեմպիոն դառնալ, ինչպես նաև նման հավակնություններով մարզչական շտաբ: Մենք ամեն խաղի դուրս ենք գալիս հաղթանակի համար, հեռուն չենք նայում:

Նախորդ հոդվածը
Կրասնոդարը բոլորի հետ մրցակցում է. չեմպիոնությունից հետո մեր հանդեպ վերաբերմունքը փոխվել է. Սպերցյան
Հաջորդ հոդվածը
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 9-րդն է

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։