Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղեր. բացման արարողությունը կկայանա Հանրապետության հրապարակում
Այսօր պաշտոնապես ներկայացվել է Հայաստանում 2027 թվականին անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի տարբերանշանը:
Խաղերը կանցկացվեն 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը, իսկ խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա Հանրապետության հրապարակում:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Մամուլի ասուլիսին մասնակցել է նաև Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբզանսկին:
Խաղերը կանցկացվեն 10 մշակութային (թատրոն, թվային ստեղծարարություն, տեսողական արվեստ՝ կերպարվեստ, քանդակ, լուսանկարչություն, հեքիաթասացություն, պար, երգեցողություն, գրականություն, ֆրիսթայլ գնդակով) և 10 սպորտային (աթլետիկա և պարաաթլետիկա, ֆուտբոլ, ծանրամարտ, շախմատ, ձյուդո, սեղանի թենիս, բասկետբոլ 3х3, անվասայլակով բասկետբոլ, բրեյք դանս) անվանակարգերում:
Ընդգծվել է՝ խաղերի տարբերանշանը մշակութային և գեղարվեստական շերտերի ներդաշնակ միաձուլում է: Այն հիմնված է հայկական ավանդական հավերժության նշանի վրա՝ որպես շարունակականության և հարատևության խորհրդանիշ, ինչպես նաև Քոչարի պարի շրջանաձև շարժման վրա, որը մարմնավորում է միասնություն և ուժ: Այս հիմքերը վերաիմաստավորվում են ժամանակակից արվեստի ազդեցությամբ՝ մարդկային շարժումը վերածելով համընդհանուր ռիթմի: Տարբերանշանն արտահայտում է էներգիա, կապ և խաղ՝ ներկայացնելով խաղերի էությունը որպես մշակույթի, սպորտի և մասնակցության շարունակական տոն: