Անդրանիկն ու Նոան առայժմ անպարտելի են, Մուլահուսեյնովիչի հաղթական գոլը. գավաթի կիսաեզրափակիչ փուլը՝ 10 փաստով
2 հանդիպումներով մեկնարկեց Հայաստանի գավաթի 2025/26թթ. խաղարկության կիսաեզրափակիչ փուլը:
Sportmedia.am-ը գավաթի կիսաեզրափակչի առաջին հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1․ Կայացած 2 հանդիպումներից մեկում հաղթեցին հյուրերը, մյուսում գրանցվեց ոչ-ոքի: Գավաթի ընթացիկ խաղարկությունում անցկացված 21 հանդիպումներում դաշտի տերերը 8 հաղթանակ են տարել, հյուրերին հաջողությունն ուղեկցել է 9 անգամ, 4 խաղ ավարտվել է ոչ-ոքի:
2 խաղում խփվեց ընդամենը 3 գոլ (միջինը մեկ խաղում՝ 1,5 գոլ), որից մեկը՝ 11մ հարվածով: Անցկացված 21 հանդիպումներում 60 գոլ է գրանցվել (միջինը մեկ խաղում՝ 2,85 գոլ):
2․ «Ուրարտուն» գավաթի ընթացիկ խաղարկությունում առաջին ոչ-ոքին գրանցեց՝ ձեռքից բաց թողնելով հաղթանակն «Անդրանիկի» հետ մրցավեճում: Գավաթի խաղարկության նախորդ խաղում էլ Ռոբերտ Արզումանյանի սաները 2-3 հաշվով զիջել էին «Արարատին»:
3․ «Անդրանիկը» գավաթի ընթացիկ խաղարկությունում 5-րդ անպարտելի խաղն անցկացրեց՝ գրանցելով 2-րդ ոչ-ոքին:
4․ Գավաթի մրցաշարերում «Նոան» 2-րդ անգամ հաղթեց «Արարատ-Արմենիային»: Առաջին հաղթանակը գրանցվել էր գավաթի նախորդ խաղարկության եզրափակչում, որում «Նոան» Ռուի Մոտայի գլխավորությամբ առավելության էր հասել 3-1 հաշվով։
5․ «Արարատ-Արմենիան» գավաթի ընթացիկ խաղարկությունում առաջին գոլը բաց թողեց և առաջին անգամ խաղադաշտից պարտված հեռացավ:
6․ Արտյոմ Պոլյարուսը բացեց գոլերի հաշիվը գավաթի մրցաշարերում՝ հստակ իրացնելով 11մ հարվածը:

7․ Միքայել Նդիդին գավաթի ընթացիկ խաղարկությունում 2-րդ գոլը խփեց: Նա գոլերի հաշիվը բացել էր քառորդ եզրափակչի պատասխան խաղում՝ գրավելով «Սյունիքի» դարպասը:
8․ Նարդին Մուլահուսեյնովիչը բացեց գոլերի հաշիվը գավաթի մրցաշարերում՝ խփելով «Նոայի» կազմում պաշտոնական մրցումներում 12-րդ գնդակը:
9․ Արթուր Կոնեգլյանն ընթացիկ մրցաշրջանում 6-րդ անգամ դարպասն անառիկ պահեց: «Չոր» խաղերից 5-ը «Նոայի» դարպասապահն անցկացրել է ընթացիկ առաջնությունում, որում դեռևս գոլ բաց չի թողել:

10․ Սերգեյ Մուրադյանը, Հովհաննես Համբարձումյանն ու Գոռ Մանվելյանը «Նոայի» կազմում գավաթի մրցաշարերում 9-րդ խաղն անցկացրին ու այդ ցուցանիշով հավասարվեցին թիմի ռեկորդակիր Վլադիմիր Ազարովին: