Գոլս նվիրում եմ Գատուզոյին. նա արժանի չէր ԱԱ-ից դուրս մնալու հիասթափությանը․ Բարելա
«Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան Ա Սերիայի 33-րդ տուրի «Կալյարիի» դեմ հանդիպման իր գոլը նվիրել է մարզիչ Ջենարո Գատուզոյին, որը չկարողացավ Իտալիայի հավաքականին դուրս բերել ԱԱ-2026։
«Ես Ա Սերիայի կիսապաշտպանների վիճակագրությամբ առաջինն եմ, բայց ինձ դեռ քննադատո՞ւմ են։ Հնարավոր է՝ այս մրցաշրջանում եղել են և՛ վերելքներ, և՛ վայրէջքներ, կարիերայում նման բան պատահում է։ Միակ բանը, որ կարող եմ ասել՝ ես միշտ ներդրել եմ 100%։ Թերևս այս մրցաշրջանում իմ 100%-ը կազմել է այն ամենի մոտ 60%-ը, ինչ ես տվել եմ «Ինտերին» տարիներ շարունակ, բայց ես միշտ ներդնում եմ իմ ամբողջ ուժերը, դա կարող եմ երաշխավորել։
Հիմա ես վայելում եմ այն, ինչ տեղի է ունենում։ Հույս ունեի, որ դա ավելի շուտ տեղի կունենա՝ աշխարհի առաջնություն դուրս գալով, բայց այդպիսին են ֆուտբոլն ու կյանքը, դա մեր աշխատանքն է։
Ես կցանկանայի իմ գոլը նվիրել Գատուզոյին՝ լավագույն մարդկանցից մեկին, ում հանդիպել եմ ֆուտբոլում։ Նա արժանի չէր այս հիասթափությանը, մենք արժանի չէինք, բայց ես ուրախ եմ, որ իմ կյանքում հանդիպել եմ Գատուզոյին», – ասել է Բարելան։
Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։
Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։