Ըմբշամարտի ԵԱ․ Ամոյանը կպայքարի ոսկու, Խաչատրյանն ու Ասլանյանը՝ բրոնզի համար․ Թադևոսյանն ու Վարդանյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մտած հայ բոլոր ըմբիշները պահպանում են մեդալ նվաճելու հնարավորությունը։
77 կգ քաշային Մալխաս Ամոյանը վաղը կպայքարի ոսկե մեդալի համար։ Եվրոպայի քառակի չեմպիոնը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 4։0 հաշվով հաղթել էր շվեդ Կառլ Բաֆին։ Քառորդ եզրափակիչում Ամոյանը 10։0 հաշվով ջախջախել էր Ուկրաինան ներկայացնող Իրֆան Միրզոևին, իսկ կիսաեզրափակիչում առավելության հասել Մոլդովան ներկայացնող Ալեքսանդրին Գուտուի նկատմամբ։
Ամոյանը վաղը ոսկե մեդալի համար կպայքարի վրացի Ռամազ Զոիձեի հետ։
55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ 7։3 հաշվով պարտության էր մատնել ուկրաինացի Իվան Ստեֆանսկիին։ Կիսաեզրափակիչում Խաչատրյանը 1։3 հաշվով զիջել էր աշխարհի գործող չեմպիոն վրացի Վախթանգ Լոլուային ու վաղը բրոնզե մեդալի համար կպայքարի բուլղարացի Ստեֆան Գրիգորևի հետ։
63 կգ քաշային Կարեն Ասլանյանն առաջին գոտեմարտն անցկացրեց որակավորման փուլում, որտեղ 9։0 հաշվով ջախջախեց ռումինացի Ռազվան Առնուետին։ Քառորդ եզրափակիչում Ասլանյանը մրցավարական անհասականլի որոշումների պատճառով զիջեց ռուս Սերգեյ Եմելինին ու վաղը բրոնզե մեդալի համար կպայքարի Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովի հետ։
87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը 1/8 եզրափակիչում զիջեց Դանիան ներկայացնող Տուրպալ Բիսուլթանովին, որը հասավ մինչև եզրափակիչ՝ հայ ըմբիշին տալով սփոփիչ գոտեմարտ անցկացնելու ու բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն։ Թադևոսյանը սփոփիիչ առաջին գոտեմարտում ուժերը կչափի խորվաթ Մատեյ Մանջիչի հետ, որին հաղթելու դեպքում կպայքարի բելառուս Իհար Յարաշչիչի դեմ։ Այդ գոտեմարտում հաջողելու դեպքու Թադևոսյանն իրավունք կստանա բրոնզե մեդալի համար գոտեմարտել ուկրաինացի Յարոսլավ Ֆիլչակովի հետ։
130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ զիջեց թուրք Ռիզա Կայաալպին։ Վերջինս հասավ մինչև եզրափակիչ, իսկ Վարդանյանը ստացավ սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն։ Մրցակիցը ռուս Մուրադ Կամպարովն է, որին հաղթելու պարագայում Վարդանյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի բելառուս Պավել Հլինչուկի հետ։
Վաղը պայքարի մեջ կմտնեն 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը, 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, 97 կգ քաշային Սամվել Խլոյանը։