Ուրարտուի անպարտելի խաղերի շարքն ընդհատվեց, Շիրակի ամենափորձառու լեգեոնականը. Fastex Պրեմիեր լիգայի 22-րդ տուրը՝ 10 փաստով
Առաջնության 22-րդ տուրի հանդիպումներից հետո չեմպիոնության համար մղվող պայքարն էլ ավելի սրվեց: «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտն» ու «Նոան» կարևոր հաղթանակներ տարան, իսկ «Փյունիկը» և «Ուրարտուն» խաղադաշտից հեռացան առանց միավոր վաստակելու:
Sportmedia.am-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1. Դաշտի տերերն ու հյուրերը 2-ական հաղթանակ տարան, մեկ խաղ ավարտվեց ոչ-ոքի: Առաջնությունում անցկացված 106 հանդիպումներում դաշտի տերերը 45 հաղթանակ են տարել, 25 խաղում գրանցվել է ոչ-ոքի, 36 անգամ հաջողության են հասել հյուրերը:
5 խաղում խփվեց 13 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,6 գոլ), որից 5-ի հեղինակները դաշտի տերերն էին: Առաջնության 106 հանդիպումներում 270 գոլ է գրանցվել (միջինը մեկ խաղում՝ 2,54 գոլ):
2. «Փյունիկն» ընթացիկ առաջնությունում 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ կրկին չգտնելով մրցակցի դարպասի բանալին: «Արարատի» հետ անցկացրած առաջնության նախորդ 11 հանդիպումներում «Փյունիկն» անպարտելի էր՝ տոնելով 9 հաղթանակ, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի: Նախորդ պարտությունն «Արարատից» «Փյունիկը» կրել էր 2022թ. հոկտեմբերի 9-ին՝ զիջելով նվազագույն հաշվով:

3․ Առաջնությունում «Ուրարտուի» անպարտելի 14 խաղերի շարքն ընդհատվեց: Այդ հանդիպումներից 9-ում թիմը հաղթել էր, 5 խաղ ավարտել էր ոչ-ոքի: Նախորդ պարտությունն «Ուրարտուն» կրել էր անցյալ տարվա սեպտեմբերի 14-ին ՝ սեփական դաշտում 2-3 հաշվով զիջելով «Արարատ-Արմենիային»:
4․ «Նոան» 6-րդ անընդմեջ հաղթանակը տարավ: Այդ խաղերում Արթուր Կոնեգլյանը դարպասն անառիկ է պահել, իսկ նրա խաղընկերները 14 գոլ են խփել:
5․ Տուրում նշանակված 3 11մ հարվածներից իրացվեց միայն մեկը: «Արարատի» դարպասին Էդգար Մալաքյանի կատարած հարվածը բարձր ստացվեց, իսկ գանձասարցի Բերտրան Մանիի հարվածից հետո ԲԿՄԱ-ի դարպասապահ Դավիթ Դավթյանը որսաց գնդակը:
6․ Կարեն Նալբանդյանն «Ուրարտուի» հետ խաղում դուբլ ձևակերպելով, ընթացիկ առաջնությունում խփած գոլերի թիվը հասցրեց 10-ի: ՀՀ առաջնություններում «Ալաշկերտում» խփած 18 գնդակով նա ընդգրկվեց թիմի պատմության լավագույն ռմբարկուների հնգյակում, որը 67 գնդակով գլխավորում է Միհրան Մանասյանը:
Կարեն Նալբանդյանն ընթացիկ առաջնությունում արդեն 6-րդ 11մ հարվածը դիպուկ իրացրեց: Նա միայն մեկ անգամ է վրիպել 11մ նշակետից: Անցյալ տարվա նոյեմբերի 29-ին «Ուրարտուի» հետ կայացած խաղի ավելացված ժամանակում նրա հարվածը հետ է մղել Ալեքսանդր Միշիևը:

Ջեֆերսոն Գրանադոն էլ բացեց գոլերի հաշիվն «Ալաշկերտում»
7․ Կարեն Մելքոնյանը Fastex Պրեմիեր լիգայում 181-րդ խաղն անցկացրեց ու դարձավ «Ուրարտուի» ռեկորդակիրը: Նա մեկ խաղով գերազանցեց Արամ Բարեղամյանի ցուցանիշը, որը մինչև այդ Հայաստանի առաջնություններում «Ուրարտուի» կազմում բոլորից շատ խաղերի էր մասնակցել: Ուշագրավ է, որ ի տարբերություն Բարեղամյանի, Մելքոնյանը ֆուտբոլային իր ողջ կարիերան անցկացրել է հարազատ ակումբում:
8․ Ալեքսանդր Միլկովիչը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց: Խաղերից 42-ին նա մասնակցել է «Փյունիկում»:
9․ Ալեքսա Վիդիչը պաշտոնական մրցումներում «Շիրակի» կազմում 122-րդ խաղն անցկացրեց ու դարձավ թիմի ամենափորձառու լեգեոնականը: Նա գերազանցեց Մուսա Փոլ Բակայոկոյի ռեկորդային ցուցանիշը, որը «Շիրակում» բոլոր մրցաշարերում 121 խաղի էր մասնակցել:
10․ Գրենիկ Պետրոսյանը պաշտոնական մրցումներում ԲԿՄԱ-ում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց: Նա դարձավ այդ սահմանագիծը հատած թիմի 5-րդ ֆուտբոլիստը: Ռեկորդակիրը ներկայումս «Փյունիկում» հանդես եկող Դանիել Աղբալյանն է, որը ԲԿՄԱ-ում 129 խաղի է մասնակցել: