Ցլամարտից մինչև Ջենիֆեր Լոպես. ի՞նչ խնդիրների է բախվում Հանրապետական մարզադաշտը
Քանի դեռ Հայաստանում տևական անդորր է Ազգային ստադիոնի կառուցման շուրջ, «Հանրապետական» մարզադաշտը շարունակում է մնալ երկրի միակը, որտեղ կարելի է անցկացնել ՈՒԵՖԱ-ի բարձր պահանջներին համապատասխանող հանդիպումներ: Անհայտ ժամկետով հայերը շարունակելու են ապավինել հենց «Հանրապետականին», վախենալ, որ այնտեղ կարող են նոր համերգներ անցկացվել, հաճելիորեն փաստել, որ միջազգային խաղերի ժամանակ երկրպագուների թիվը շարունակում է աճել, և մտածել՝ արդյոք հարազատ դարձած ստադիոնը չի՞ կարող ավելի լավը լինել: Այդ և բազմաթիվ այլ հարցերի շուրջ Sportmedia.am-ը զրուցել է «Հանրապետական» մարզադաշտի տնօրեն Աշոտ Բարսեղյանի հետ:
-Դուք արդեն 3 տարուց ավելի է՝ «Հանրապետական» մարզադաշտի տնօրենն եք: Այն ժամանակ այդ լուրը մեծ անակնկալ էր հայկական ֆուտբոլում: Որքանո՞վ էր այն անակնկալ Ձեզ համար:
-Ինձ նախապես էին առաջարկել, և ես համաձայնել էի: Այդ ժամանակ «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչն էի, բայց ակումբին տեղեկացրի, որ հունվարից այլ պաշտոնի եմ անցնելու: Ինձ համար սա հնարավորություն էր ծանրաբեռնվածությունը թոթափելու, որովհետև մարզիչ լինելն էմոցիոնալ առումով շատ ծանր աշխատանք է՝ նույնիսկ առողջությանը վնասելու աստիճանի: Ֆուտբոլին նվիրված մարդն այդ ոլորտում ամեն տեղ էլ նվիրված կաշխատի:
-Այն ամենօրյա աշխատանք է, թե՞ հաճախ Ձեր ներկայության կարիքը չկա:
-Ամենօրյա և անդադար աշխատանք է: «Հանրապետական» ստադիոնը կառուցվել է 1933 թվականին, այսինքն՝ գրեթե 100 տարվա մարզադաշտ է: Ստադիոնում կազմակերպչական աշխատանքը բարդ է, որովհետև անգամ փոքր բացթողումը բոլորի աչքին է զարնում: Հիշո՞ւմ եք խոտածածկի հետ կապված անցած տարվա պատմությունը: Մարդիկ, ովքեր ստադիոնի տեղը չգիտեին, սկսել էին խոտածածկի մասին գրել ու խոսել: Ես էլ այնպիսի մարդ եմ, որ ձգտում եմ ամեն ինչ իդեալական լինի:
-Ի՞նչ քայլեր են արվում, որ ստադիոնն ավելի լավ տեսք ստանա:
-Արդեն մեկ ամսից ավելի է՝ մարզադաշտում հակահրդեհային համակարգ ենք տեղադրում: Փոխվում է նաև ակուստիկան. դրա համար նոր դինամիկներ ենք տեղադրում: Ժամանակակից տեխնիկան շատ մեծ ծախսերի հետ է կապված, ֆեդերացիան զբաղվում է այդ հարցով: Շուտով լուսային նոր համակարգ է տեղադրվելու: Նաև նոր նստարաններ ենք ունենալու: Մարդիկ կան, որոնք կարծես ուզում են կայանալ աթոռներ կոտրելով:
-Շա՞տ են նման դեպքերը:
-Հայաստանի հավաքականի յուրաքանչյուր խաղում 40-50 աթոռ է կոտրվում: Հիմնականում գազարագույններն են լինում, որոնք մեր պահեստում արդեն սպառվել են: Ստիպված կարմիր և կապույտ աթոռներն ենք ներկում գազարագույն, որ տեղադրենք կոտրվածների փոխարեն: Կոտրված աթոռներ լինում են նաև դերբիներից ու եվրագավաթներից հետո:
-Աթոռների փոփոխություն լինելո՞ւ է մարզադաշտում:
-Մենք 1000 աթոռ ենք պատվիրել: Երեք գույնի են՝ կարմիր, կապույտ և, իհարկե, գազարագույն. վերջիններս FAF-ի տեղակայման վայրում ամենաշատն են կոտրվում, և հենց այդ գույնից էլ ամենաշատն ենք պատվիրել: Մեր խնդիրը կոտրվողներն են, այլապես մեր աթոռները լավ վիճակում են:
-Որքա՞ն է ստադիոնի մեկ աթոռի գինը:
-Չգիտեմ, ֆեդերացիան է զբաղվում այդ հարցով:
-Դուք հետևո՞ւմ եք, թե աշխարհում ինչ տեխնոլոգիաներ են կիրառում ստադիոնի աթոռները լավ տեսքի բերելու համար:
-Այո՛: Մենք էլ ենք կիրառում: Այսպես կոչված «վառելու» միջոցով էլ ենք աթոռները թարմ տեսքի բերում: Լվանում էլ ենք, հատուկ խողովակներ ենք տեղադրել դրա համար: Բայց պետք է հասկանաք, որ որոշ դեպքերում ոչ մի տեխնոլոգիա չի օգնում: Օրինակ՝ Արևելյան տրիբունայում FAF-ն ամբողջ խաղի ընթացքում աջակցում է հավաքականին և դա անում է նաև աթոռների վրա կանգնելով: Դրանից հետո այդ աթոռները մաքրելու ենթակա չեն լինում:
-Դուք նաև լուսավորության մասին խոսեցիք: Նոր լուսարձակնե՞ր եք տեղադրելու:
-Այո՛: Ներկայիս լուսարձակները հին են և ունեն մեկ լուրջ խնդիր. դրանք մագնիսային են: Այսինքն՝ եթե Հայաստանի տարածքում ինչ-որ տեղ վթար է լինում, այդ տատանումից լուսարձակը հանգում է: Այն նորից միացնելու համար 4-6 րոպե ժամանակ է հարկավոր: Պատկերացրեք՝ խաղի ժամանակ նման բան տեղի ունենա: Նաև ներկայիս լուսարձակները լամպային են, որոնք շատ ծախսատար են: Մեկ լամպը 2 կիլովատ հոսանք է սպառում: Մենք տեղադրելու ենք LED լուսարձակներ, որ նշված խնդիրները վերանան:
-Ձայնային համակարգը ե՞րբ պատրաստ կլինի:
-Հայաստանի հավաքականի՝ աշնանը կայանալիք խաղերի ժամանակ նոր աուդիո համակարգ կլինի մարզադաշտում: Ամեն ինչ հերթով ենք անում. հակահրդեհային համակարգն արդեն տեղադրվում է, մյուսը ձայնայինն է, հաջորդը՝ լույսայինը:
-Ձեզ հաճույք պատճառո՞ւմ է այդ աշխատանքը:
-Ստադիոնն ինձ համար միշտ եկեղեցի է եղել: Մեծ հաճույք եմ ստանում, երբ մեր խաղադաշտը լավն է լինում, կարողանում ենք խաղեր անցկացնել, և ստադիոնը բոլորին գոհացնում է: Իմ աշխատողներին էլ ասում եմ՝ պետք է անմնացորդ նվիրվել այս աշխատանքին: Մենք երկիր ենք ներկայացնում, և աշխարհում մարդիկ, մեր ստադիոնում խաղերը դիտելով, Հայաստանի մասին կարծիք են կազմում: Ինձ համար այդ մարզադաշտը կարծես իմ տունը լինի. ես անգամ տնից տեսախցիկներով նայում եմ, թե ստադիոնում ինչ է կատարվում:
-Քանի՞ աշխատող կա «Հանրապետական» ստադիոնում:
-26:
-Ինչպե՞ս եք նման քանակով լուծում անվտանգության հարցը:
-Համագործակցում ենք անվտանգություն ապահովող կազմակերպության հետ, որը 24 ժամ զբաղվում է ստադիոնի անվտանգությամբ:
-Այժմ «Հանրապետական» ստադիոնն ի՞նչ կարգ ունի ՈՒԵՖԱ-ի սահմանած չափանիշներում:
-Երրորդ ու չորրորդ կարգի մարզադաշտ է: Այժմ հանդիսականների քանակով էլ է որոշվում մարզադաշտի կարգը: ՈՒԵՖԱ-ն 3-րդ և 4-րդ կարգերը գրեթե նույն մակարդակի է համարում: 30,000 հանդիսականից ավելի տարողություն ունեցող ստադիոններն այլ կարգի են դասվում, 40,000 և ավելին՝ մեկ այլ:
-Հաճախ լսել ենք խոսակցություններ, որ ՈՒԵՖԱ-ն ինչ-որ պահի այլևս թույլ չի տալու միջազգային խաղերն անցկացնել «Հանրապետականում»: Դա իրատեսակա՞ն սցենար է:
-Մեր ստադիոնն իր բոլոր ենթակառուցվածքներով համապատասխանում է միջազգային չափանիշներին: Ամեն անգամ, երբ միջազգային խաղի համար եկել են ՈՒԵՖԱ-ի տեսուչները, երբեք դժգոհություն չեն հայտնել: Ընդհակառակը՝ զարմանում են, որ կարողացել ենք ապահովել անհրաժեշտ բոլոր պայմանները: Թարմ օրինակ՝ վերջերս Բելառուսի դեմ ընկերական խաղում սովորականից երկու անգամ ավելի Wi-Fi հասանելիություն էին ուզում. ասացինք՝ խնդիր չկա, և տրամադրեցինք:
-Ժամանակակից ստադիոններում նաև մեծ էկրաններ են տեղադրված: Մարդիկ կարողանում են խաղը նաև այդ էկրաններով դիտել: Իրատեսակա՞ն, որ «Հանրապետականում» էլ լինի, թե արդեն ուշ է...
-Մեր այս համեստ ստադիոնում ամեն ինչ անում ենք, որ բոլոր չափանիշներին համապատասխանի և պարզերես լինենք բոլոր թիմերի առջև: Այո՛, ես շատ կուզեի, որ ստադիոնն ավելի արդիականացվեր, մեծ լուսատախտակ լիներ: Գիտեք՝ մեր լուսատախտակի վրա երկու գոլի հեղինակ է տեղավորվում, երրորդի համար տեղ չկա: Փոքր է: Շատ կուզեի, որ ավելի ժամանակակից լիներ:
-Ի՞նչն է խանգարում:
-Ժամանակի ընթացքում այդ հարցերով էլ կզբաղվեն, կամ այդ ամենն արդեն կտեսնենք, երբ Ազգային ստադիոնը կառուցվի: Պահանջարկը կա, որովհետև «Հանրապետականը» փոքր ստադիոն է՝ 14,000 երկրպագու է տեղավորում:
-Նախորդ անգամ, երբ «Հանրապետականում» տեղի ունեցավ Ջենիֆեր Լոպեսի համերգը, այն մեծ խնդիրներ էր առաջացրել: Առաջիկայում նոր համերգներ սպասվո՞ւմ են:
-Ո՛չ, դա եզակի դեպք էր, երբ ստադիոնում ոչ ֆուտբոլային իրադարձություն էր: Վերջին անգամ մոտավորապես 30 տարի առաջ ցլամարտ էր եղել մարզադաշտում, դրանից հետո խաղադաշտն ամբողջությամբ փոխվեց:
-Լոպեսի համերգից հետո էլ կարծես ցլամարտ եղած լիներ...
-Այս անգամ «մարտացուլ» եղավ: Այն հատակը, որ փռել էին, 48 աստիճանով տաքացրել էր և խոտը փտել էր: Անդուր հոտ էր գալիս: Համերգից հետո հյուսիսային կողմի տեխնիկան շուտ հավաքեցին, իսկ 2 օր հետո՝ հարավայինը: Այդ 2 օրը մեծ նշանակություն ունեցավ: Եթե հիշում եք, խոտածածկը հենց հարավային մասում էր ամենավատ վիճակում:
Այդ համերգը ստադիոնում մեզ բոլորիս՝ ֆեդերացիային և մյուսներին, ստրեսի մեջ գցեց: Ուղիղ մեկ ամիս հետո Պորտուգալիայի դեմ հանդիպումն էր կայանալու: ՈՒԵՖԱ-ն խաղադաշտին «ռիսկայինի» կարգավիճակ էր տվել: Բոլորն անհանգիստ էին. ՀՖՖ-ի ղեկավարներն առավոտյան գալիս էին ստադիոն, հետո նոր գնում աշխատանքի: Հսկայական ջանքեր գործադրեցինք: Ի վերջո, Պորտուգալիայի հավաքականի մարզիչն ասաց, որ հիացած է խաղադաշտի վիճակից, որովհետև դրանից 15 օր առաջ նայել ու վախեցել էր:
-«Հանրապետական» ստադիոնը պատկանո՞ւմ է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:
-Իհարկե:
-Այսինքն՝ եթե որևէ մեկը ցանկանում է այնտեղ համերգ անցկացնել, դիմում է ՀՖՖ-ի՞ն:
-Այո:
-Այսինքն՝ եթե համերգի կազմակերպիչները վնաս են հասցրել վարձակալած ստադիոնին, չպե՞տք է փոխհատուցում վճարեին ՀՖՖ-ին:
-Մենք ներկայացրել ենք փոխհատուցման ծախսերը: Նրանք վնասել էին նաև գորգային հատվածը հետո բերեցին, փոխեցին: Մնացած հարցերով զբաղվում են իրավաբանները, ավելին տեղյակ չեմ:
-Ամեն դեպքում, ինչպե՞ս կարելի էր նման ռիսկի ենթարկել միակ միջազգային մակարդակի ստադիոնը:
-Կազմակերպիչները համերգից առաջ մեզ անընդհատ հանգստացնում էին, ասում էին՝ ամեն ինչ արել ենք, որ վնաս չլինի: Նշում էին, որ խոտի վրա հատուկ պլասմասաներ կդնեն, դրանք հովացնում են խոտը: Իբր այդ ընթացքում մենք կարող էինք հանգիստ ջրել խոտը: Փափուկ բարձ դրեցին մեր գլխի տակ: Բայց համերգն ավարտվեց, տեսանք՝ խոտն ամբողջությամբ սև է դարձել: Մենք ստիպված մեկ տոննայից ավելի սերմ ենք ցանել: Էլ պատմելու չէ, թե որքան վիտամիններ ենք ներարկել: Կարծում եմ՝ այդ իրավիճակից պատվով դուրս եկանք:
-«Հանրապետական» ստադիոնի վերաբերյալ վերջին նորությունն այն էր, որ հյուրերի սեկտորում ճաղավանդակ կար, որը Դուք հանեցիք: Ինչո՞ւ գնացիք նման քայլի:
-Ճաղավանդակը տեղադրելիս ձողերը միմյանց շատ մոտ էին տեղադրել: Դրա պատճառով Հյուսիսային տրիբունայի մոտավորապես 200 նստարանից խաղադաշտն ընդհանրապես չէր երևում:
-«Նրանք» ասելով՝ նկատի ունեք «Նոա՞ն»:
-Այո՛, ղեկավարներով հանդիպեցին, խոսեցին, մենք թույլատրեցինք տեղադրել, ու սկսեցին շինարարությունը: Նրանք շատ հզոր մակարդակի շինարարություն արեցին, բայց տեսադաշտի հետ կապված խնդիր առաջացավ: Այդ ճաղավանդակի պատճառով մենք կորցնում էինք հայ երկրպագուների համար նախատեսված ևս 200 աթոռ: Մեր փոքր ստադիոնում 200 տեղ կորցնելու իրավունք չունենք:
-Հյուրերի սեկտորի տեղերի քանակը մեծացե՞լ էր:
-Չգիտեմ՝ ինչպես է ստացվել, բայց ի սկզբանե հյուրերի համար նախատեսված տեղերն ավելի շատ են եղել: Մենք ուզում էինք կրճատել հյուր երկրպագուների համար նախատեսված տեղերը և հասցնել թույլատրելի նվազագույնին: ՈւԵՖԱ-ի պահանջով՝ երկրորդ ու երրորդ կարգի մարզադաշտերում հյուր երկրպագուների թիվը պետք է լինի ստադիոնի տեղերի 5 տոկոսը: Մեր ստադիոնի 5 տոկոսը 700 տեղ է, իսկ մենք հյուրերի սեկտորում 904 տեղ ունեինք: Հիմա այդ 904 տեղը կդարձնենք 700, իսկ մնացած 204 տեղերը լրացուցիչ կհատկացվեն մեր երկրպագուներին:
-«Նոան» ինչպե՞ս արձագանքեց այն լուրին, որ ճաղավանդակներն ապամոնտաժվել են:
-Եկան, նկարեցին, ցույց տվեցի, որ այդ պատճառով 200 երկրպագուի տեսադաշտ փակվում էր: Նրանք գրել էին, որ անհատույց են տրամադրում: Կարծում եմ՝ ըմբռնումով մոտեցան:
-Ձե՞ր որոշումն էր հանել ճաղավանդակը:
-Մեր ղեկավարությունն ասաց սպասել մինչև «Նոայի» եվրագավաթային խաղերի ավարտը, հետո հանել: Մենք ոչ թե կտրել ենք, այլ շատ սիրուն, զգույշ կերպով հեղույսներից հանել ենք: Այնպես ենք արել, որ ցանկության դեպքում տանեն ու օգտագործեն: Վնաս չենք տվել, կտորների ենք բաժանել, և նրանք եկել ու տարել են: Հյուրերի սեկտորում այլևս ոչ թե ճաղավանդակ չկա, այլ այն վերադարձել է նախկին տեսքին:
-Հայաստանում ստադիոն գնալը վճարովի է միայն ազգային հավաքականի խաղերի, եվրագավաթային որոշ խաղերի և «Ուրարտուի» տնային հանդիպումների ժամանակ: Մնացած բոլոր խաղերն անվճար են: Ըստ Ձեզ՝ դա նորմա՞լ է: Ո՞վ կգնահատի մի բան, որն անվճար է տրվում:
-Իհարկե, շատ կարևոր է, որ ստադիոն գնալը վճարովի լինի, թեկուզ՝ սիմվոլիկ գումար: Մարդիկ թատրոն են գնում՝ վճարում են, կինո են գնում՝ վճարում են, ֆուտբոլն ինչո՞ւ պետք է անվճար լինի: Ամբողջ աշխարհում վճարովի է: Ակումբներն էլ բարդ վիճակում են՝ մտածում են, որ վճարովի դնելու դեպքում նույնիսկ այն քիչ հանդիսականների թիվն էլ կկրճատվի: Ես շատ եմ տխրում, երբ տեսնում եմ՝ Հայաստանի առաջնության խաղին «Հանրապետականում» ընդամենը 200-300 մարդ է ներկա: Ախր սա ֆուտբոլ է, Բարձրագույն խմբի ֆուտբոլ: Ինչպե՞ս կարելի է ֆուտբոլի չհաճախել...
-Հայկական ակումբներից «Հանրապետականում» միայն «Արարատն» է տնային խաղեր անցկացնում: Ըստ Ձեզ՝ խաղադաշտն ավելի շատ թիմերի ծանրաբեռնվածության կդիմանա՞:
-«Հանրապետականը» մեր հավաքականի խաղադաշտն է: Մենք պետք է այնպես պահենք, որ Ազգային ընտրանու հանդիպումներին պատրաստ լինի: Բացի այդ, օրերս «Հանրապետականում» խաղաց Հայաստանի կանանց հավաքականը, այնուհետև մինչև ամսվա վերջ 3 խաղ է անցկացնելու Հայաստանի Մ17 հավաքականը: Աշնանը հաճախ ընդառաջում էինք «Նոային», որ եվրագավաթային խաղերից բացի նաև առաջնության որոշ տնային խաղեր անցկացնեն մեր մարզադաշտում, որ թիմը հարմարվեր խաղադաշտին:
-Ի վերջո, Հայաստանի առաջնությունում «Արարատից» բացի, եթե այլ թիմ էլ տնային խաղերն անցկացնի «Հանրապետականում», խոտածածկը կդիմանա՞:
-Դժվար կլինի, բայց կարող ենք, եթե, իհարկե, ՀՖՖ-ի ղեկավարությունը որոշի գնալ նման քայլի:
-Վերջին հարցը Ձեր որդու՝ Տիգրան Բարսեղյանի մասին: Նա որոշեց ավարտել կարիերան Հայաստանի հավաքականում: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այդ որոշմանը:
-Լավ չընդունեցի այդ լուրը: Իհարկե, հարգում եմ նրա որոշումը, բայց ես խորհուրդ կտայի նման բան չանել, հատկապես այն ամենից հետո, ինչ նրա համար արեց Եղիշե Մելիքյանը: Նա Տիգրանին տվեց հավաքականի ավագի թևկապը, ամեն կերպ աջակցեց բարդ իրավիճակներում, որպես մարզիչ և մարդ հիանալի վերաբերմունք ցույց տվեց: Այդքանից հետո արժեր մնալ և օգնել հավաքականին ու Մելիքյանին:
Բայց մյուս կողմից էլ գիտեմ, որ վնասվածքների հետ կապված խնդիրներ կային: Հավաքականում իր վերջին խաղերից հետո Տիգրանը գնաց երկարատև բուժման, վնասել էր աճուկի հատվածը: Տարիքը մեծացել է, վնասվածքները շատացել են: Երևի շատացող վնասվածքներով այլևս չէր կարող օգտակար լինել հավաքականին: Շատ ափսոս է, որովհետև որպես ծնող՝ ինձ համար միշտ երանություն ու հպարտություն է եղել տեսնել որդուս ազգային հավաքականի խաղաշապիկով: