BazaResidence
Խաղի մեկնարկից մինչև վերջ շատ լավ ֆուտբոլ խաղացինք․ Ռոբերտ Արզումանյան| Ամբողջովին արժանի էինք հաղթանակի․ Սանդրո Պերկովիչ| Ֆլիկը հիացած է Կանսելուի խաղով ու ծրագրում է նրան պահել թիմում| Արման Ծառուկյանը խոսել է Իլյա Տոպուրիայի հետ հնարավոր ընկերության մասին| Չեմպիոնների լիգան վերջին հնարավորությունն է Արբելոայի համար․ Մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել պաշտոնը| Ցրվենա Զվեզդան հերթական հաղթանակը տոնեց․ Նաիր Տիկնիզյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)|
Համահայկական ձմեռային երկրորդ խաղեր. Թեհրանի թիմը՝ ձնամարտի մրցաշարի հաղթող
04 Փետրվար 2025

Համահայկական ձմեռային երկրորդ խաղեր. Թեհրանի թիմը՝ ձնամարտի մրցաշարի հաղթող

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի մրցումային երրորդ օրը 2x3x1,2 կմ դասական ոճում թիմային սպրինտ մրցաձևով այսօր ավարտվել են դահուկավազքի մրցումները։

Առաջին տեղը գրավել են Սոչիի ու Վանաձորի ներկայացուցիչները` Վասելինա Խաչատրյանն ու  Էրիկ Ավետիսյանը: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Աշոցքի թիմերը` Միքայել Միքայելյան-Անահիտ Մարգարյան, Թադևոս Պողոսյան-Կատյա Գալստյան:

Հատկանշական է՝ այս մարզաձևի եռօրյա մրցումներում խաղարկված մեդալների գերակշիռ մասը՝ 12 մեդալ, նվաճել են Աշոցքը ներկայացնող դահուկորդները, այդ թվում՝ 3 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե։

Երեկ կայացել են դահուկավազքի դասական ոճի մրցումները. տղամարդկանց պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանի բազմակի չեմպիոն Միքայել Միքայելյանը, երկրորդ տեղում Սպարտակ Ոսկանյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Թադևոս Պողոսյանը: Երեքն էլ ներկայացնում են Աշոցքը: Կանանց պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Վասելինա Խաչատրյանը, երկրորդ տեղում Կատյա Գալստյանն է, իսկ եռյակը եզրափակել է Գյումրիի ներկայացուցիչ Ռոզա Սիմոնյանը: 

Ավելի վաղ տղամարդկանց ազատ ոճում հաղթողի կոչմանն արժանացել էր Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամ Միքայել Միքայելյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել էր Սպարտակ Ոսկանյանը, իսկ եռյակը եզրափակել էր Թադևոս Պողոսյանը: Կանանց ազատ ոճում առաջին տեղը զբաղեցրել էր Հայաստանի բազմակի չեմպիոն Կատյա Գալստյանը: Երկրորդ տեղում Վասելինա Խաչատուրյանն էր, իսկ լավագույն եռյակը եզրափակել էր Ռոզա Սիմոնյանը:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի շրջանակում ավարտվել է նաև ձնամարտի մրցաշարը, որին 18 թիմեր են մասնակցել: Առաջին անգամ խաղերի ծրագրում ընդգրկված ձնամարտի մրցաշարում հաղթող է ճանաչվել Թեհրանի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ջերմուկի թիմը, իսկ եռյակը եզրափակել է Արմավիրի մարզի Խոյ համայնքի թիմը:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի շրջանակում Երևանում երեկ մեկնարկել է հոկեյի մրցաշարը, որն անցկացվում է շրջանաձև մրցակարգով: Մրցաշարին մասնակցում են 4 թիմեր Վոլգոգրադից, Մոնրեալից, Դոնի Նախիջևանից ու Երևանից:  Մրցումային առաջին օրը միմյանց դեմ մրցել են Վոլգոգրադի ու Դոնի Նախիջևանի, Մոնրեալի ու Երևանի թիմերը:  Օրվա առաջին խաղում Դոնի Նախիջևանի թիմը 8:3 հաշվով առավելության է հասել Վոլգոգրադի թիմի նկատմամբ: Երկրորդ խաղում Երևանի թիմը 10:6 հաշվով հաղթանակ է տարել Մոնրեալի թիմի նկատմամբ:

Խաղերի շրջանակում շարունակվում են նաև շախմատի մրցումները: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում են 150 շախմատիստներ, իսկ կանանց առաջնությանը՝ 50: Ամենաշատ մասնակից հավաքած շախմատ մարզաձևի մրցումներն անցկացվում են շվեյցարական մրցակարգով՝ 9 խաղափուլով, յուրաքանչյուր մասնակցին տրվում է 15 րոպե ժամանակ մինչև խաղի ավարտը՝ 5 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից։ Մասնակիցների միջազգային և ազգային վարկանիշները չպետք է գերազանցեն՝ տղամարդկանց համար 2300-ը, կանանց համար՝ 2250-ը։Խաղերին մասնակցում են շախմատիստներ Հայաստանի բոլոր մարզերից, Ռուսաստանի մի քանի քաղաքներից, ինչպես նաև եվրոպական քաղաքներից:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի սպորտային պարերի մրցաշարին մասնակցում են 7 տարիքային խմբերի շուրջ 250 մասնակիցներ` 8 երկրից, 9 մարզից ու 29 քաղաքից: Խաղերի ամենակրտսեր մասնակիցները 5 տարեկան են՝ Գյումրիից ու Նյու Դելիից:

Սպորտային պարերի եզրափակիչները կկայանան փետրվարի 4-ի երեկոյան: Մրցումների ծրագրում ընդգրկված են պարահանդեսային՝ «Վալս», «Տանգո», «Կվիկստեպ» և լատինաամերիկյան՝ «Չա-չա», «Սամբա», «Ռումբա», «Պասադոբլ», «Ջայվ» պարերը։

Նշենք՝ փետրվարի 5-ին և 6-ին Ապարանի «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» լեռնադահուկային գոտում կանցկացվեն Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ծրագրով նախատեսված լեռնադահուկային սպորտի և սնոուբորդի մրցումները։

Նախորդ հոդվածը
Երեք ֆուտբոլիստ հեռացել է Ալաշկերտից
Հաջորդ հոդվածը
Սլովանը երրորդն է Տարվա լավագույն թիմ անվանակարգում. Բարսեղյանը ստացել է մրցանակը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։