Երևանը կընդունի տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը. մանրամասներ
Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը 15 տարվա մեջ առաջին անգամ հանդես կգա ապրիլի 13-19-ը Երևանում անցկացվելիք IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում։ Առաջնության անցկացման մանրամասներն այսօր ներկայացվել են ասուլիսի ընթացքում, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արամ Սարգսյանը:
Առաջնությունն անցկացվելու է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում։
2023 թվականից Հայաստանում գործում է Հոկեյի լիգա
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առաջնության կազմակերպման կարևորությունն ընդգծել է ձմեռային մարզաձևերի զարգացման համատեքստում. «ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարության մեջ առանձնահատուկ շեշտադրված է ձմեռային մարզաձևերի զարգացման առաջնահերթությունը: Ուրախ եմ, որ 2023 թվականից արդեն ունենք Հայաստանում գործող Հոկեյի լիգա, որը խրախուսում է նաև տափօղակով հոկեյով զբաղվելն ու ակումբային սպորտը»:
Շնորհակալություն հայտնելով ֆեդերացիային մեծածավալ աշխատանքների համար՝ ԿԳՄՍ նախարարը հույս է հայտնել, որ առաջնության անցկացումը կխթանի մարզաձևի զարգացումը։

Ձմեռային մարզաձևերը՝ համահայկական ձմեռային խաղերում
Որպես ձմեռային մարզաձևերի հանդեպ ուշադրության ցուցիչ՝ նա նշել է, որ այս տարի Ջերմուկում անցկացված Համահայկական ձմեռային խաղերին մասնակցել է 18 պետության 80 քաղաքի ավելի քան 1300 ներկայացուցիչ։ Տափօղակով հոկեյը ևս ընդգրկված է եղել Համահայկական խաղերի ծրագրում՝ ի թիվս լեռնադահուկային սպորտ, դահուկավազք, սնոուբորդ և ձնամարտ մարզաձևերի:
«Ձմեռային մարզաձևերի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, ինչը մեզ ոգևորում է առավել զարգացնելու ոլորտը: Լրջագույն խնդիրներ ունենք ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ և առանց դրանք լուծելու՝ չենք կարող առաջ գնալ և մեծ արդյունքների մասին խոսել: Բայց նաև ուրախ եմ, որ վերջին տարիներին միջազգային և վարկանիշային մրցաշարերում դահուկային սպորտի մարզիկները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ, որը հուսադրող ցուցանիշ է ձմեռային մարզաձևերի զարգացման նոր հեռանկարների առումով»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ 2025 թ. հաշմանդամային սպորտի ոլորտում պարադահուկավազքի ուսանողական խաղերում մեր մարզիկը 1 բրոնզե մեդալ է նվաճել:

Հայաստանում միջազգային սպորտային մրցաշարեր կազմակերպելու քաղաքականության մասին
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Հայաստանում միջազգային սպորտային մրցաշարեր կազմակերպելու քաղաքականությունը ՀՀ կառավարության որդեգրած առաջնահերթություններից է: Տարին մեկնարկում է տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնությամբ, մայիսի 7-11-ը կանցկացվի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը՝ շուրջ 50 երկրի մասնակցությամբ: Ամռանը կանցկացվի նաև վոլեյբոլի Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչ փուլը՝ 16 երկրի մասնակցությամբ: Ամռանը բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների դիվիզիոնի անցկացումը հուլիսի 11-ից 20-ը ևս Հայաստանում է նախատեսվում: Այս տարի մեկնարկել է նաև դպրոցականների Բասկետբոլի լիգան՝ դպրոցական թիմեր մասնակցությամբ։
Սպորտային միջոցառմանը ներկա գտնվելը՝ հանրային մշակույթի մաս
Նրա գնահատմամբ՝ տարիների փորձառության կուտակումը նպաստելու է, որ հետագա տարիների աշխատանքը լինի ավելի նպատակային և արդյունավետ:
Նախարարի կարծիքով՝ թիմային մարզաձևերը երեխաների շրջանում զարգացնում են կարևոր մարդկային հատկանիշներ, օրինակ՝ համախմբման և ընկերության գաղափարը։ Նա կոչ է արել հանրությանը հետևել հոկեյի առաջնությանը․ «Տրիբունաները նախատեսված են շուրջ 550 հանդիսականի համար: Կարծում եմ՝ երկրպագուների աջակցությունը նշանակալի դերակատարություն կունենա՝ նպաստելով մեր հավաքականի հաջող ելույթներին: Ցանկանում ենք, որ տոմս գնելը և սպորտային միջոցառմանը ներկա գտնվելը դառնան հանրային մշակույթի մաս»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:
Երևանում կգործեն երկու ֆան-գոտիներ
Տափօղակով հոկեյի առաջնության շրջանակում կանցկացվի 15 հանդիպում, որոնց կմասնակցեն Հայաստանի, Իրանի, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի հավաքականները: Հանդիպումների տոմսերը վաճառվում են
SHO4ME.COM կայքում։ Բացի այդ՝ աշխարհի առաջնության ընթացքում Երևանում գործելու են երկու ֆան-գոտիներ Ազատության և Շահումյանի հրապարակներում, որոնցում տեղադրված մեծ էկրաններով երկրպագուները հնարավորություն կունենան ուղիղ հեռարձակմամբ հետևելու առաջնության հանդիպումներին՝ Fast Sports հեռուստաալիքներով: