Սպասում ենք Ալաշկերտի խելամիտ քայլին. Աբրահամ Խաշմանյանի հարցազրույցը Sportmedia.am-ին
Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանից առաջ Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվեց Աբրահամ Խաշմանյանը։ 57-ամյա մասնագետը կարիերայում 5-րդ անգամ նշանակվեց երևանյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։ Նախորդ տարվա վերջին մի քանի խաղերում «Ալաշկերտը» հանդես էր գալիս առանց Աբրահամ Խաշմանյանի, սակայն ոչ գլխավոր մարզիչը, ոչ էլ ակումբն այս մասին որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել։ Հունվարի 22-ին «Ալաշկերտը» հայտարարեց, որ Խաշմանյանի հետ պայմանագիրը խզվել է միակողմանի։
Sportmediа.am-ը ծավալուն հարցազրույց է ունեցել Աբրահամ Խաշմանյանի հետ, որում մարզիչը խոսել է «Ալաշկերտի» կողմից պայմանագիրը միակողմանի խզելու, Հայաստանի ակումբային ֆուտբոլի ներկա վիճակի, ազգային հավաքականի և այլ թեմաների շուրջ։ Հարցազրույցի առաջին մասում ներկայացնում ենք Աբրահամ Խաշմանյանի մեկնաբանությունը կապված «Ալաշկերտի»՝ պայմանագիրը միակողմանի խզելու վերաբեյալ։
«Եթե պայմանագիրը խզվում է միակողմանի, ուրեմն այդտեղ կան կոնֆլիկտներ, խնդիրներ, անհամաձայնություններ։ Մինչև այս ես շատ լուռ ու կոռեկտ եմ եղել, հիմա էլ շատ փակագծեր չեմ բացի։ «Ալաշկերտն» արել է իր քայլը՝ հայտարարել է, որ միակողմանի խզել է պայմանագիրը Աբրահամ Խաշմանյանի հետ։ Մենք էլ մեր քայլն ենք արել։ Իրենց հայտարարությունից հետո էլ ես չեմ խոսել ու չեմ բացել փակագծեր։ Մենք արել ենք մեր քայլն ու հիմա սպասում ենք, որ «Ալաշկերտն» անի իր քայլը։
Ի՞նչ է սա նշանակում։ «Ալաշկերտն» իրավունք ուներ միակողմանի խզել պայմանագիրը՝ ըստ պայմանագրի կետերի, այսինքն այս դեպքում ակումբը պարտավորված է ըստ պայմանագրի կետերի ամբողջությամբ փոխհատուցում վճարել։ Մինչև հիմա այդ առումով քայլ չեն արել։ Մենք սպասում ենք նրանց խելամիտ քայլին՝ դա է փոխհատուցումը վճարելը։ Եթե անեն այդ քայլը, ուրեմն այս հարցը չի հասնի վերջին ատյան, այսինքն կլինի նորմալ մարդկային պայմանավորվածություն։ Այս ամենին տիրապետում է իմ փաստաբանը և գործընթացը վերահսկվում է հարյուր տոկոսով։ Ես այս ամենին ծանոթ եմ 10 տոկոսով, բայց իմ փաստաբանը պարբերաբար խորհրդակցում է ինձ հետ ու ներկայացնում է ընթացքի մասին։ Դատական պրոցեսն արդեն սկսվել է, բայց նորից եմ ասում, դա դեռ ոչինչ չի նշանակում։ Եթե ակումբն անի իր խելամիտ քայլը, մենք առաջ չենք գնա։ Բայց դեռևս չկա ոչ մի նորություն այս մասով։ Ժամանակը սեղմ է, մենք մի քանի օր էլ կսպասենք։

Պատճառների մասին եթե խոսեմ՝ շատ երկար կստացվի։ Ես փորձեցի մի փոքր փակագծեր բացել։ Եթե հարցը հասնի ինչ-որ կետի, միգուցե սկսեմ բացել ամբողջ փակագծերը և ասեմ ինչը ինչից հետո է եղել, ինչու ենք հասել այս իրավիճակին, բայց կարող է նաև չգա այդ ժամանակը, քանի որ ամեն ինչ կախված է ակումբից։
Կարող եմ ասել, որ սա իմ 3-րդ ակումբն է, որի հետ պրոֆեսիոնալ պայմանագիր եմ կնքում, չհաշված հավաքականները։
Մինչև այդ ես անհատական պայմանագիր եմ կնքել «Արարատի» հովանավորներից մեկի՝ Հրաչ Կաբրիելյանի հետ։ Կարող եմ ասել, որ շատ պարտաճանաչ ու պրոֆեսիոնալ անձնավորություն է ու երևի այս առումով միակն է «Արարատում»։ Երկրորդ պրոֆեսիոնալ պայմանագիրը եղել է «Լոռի» ֆուտբոլային ակումբի հետ՝ Թովմաս Գրիգորյան հետ, որը նույնպես կատարել է պայմանագրով բոլոր պարտավորվածությունները։ Այս պարագայում մենք կանգնած ենք խնդրի առաջ։

Մինչև այս ոչ մի անգամ ես ոչ մի պայմաններ չեմ դրել «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի առաջ, մտածելով, որ մենք ճանապարհ ենք անցել, համարել եմ ակումբն ինձ հոգեհարազատ, բայց տեսնելով այս տարիների վերաբերմունքը, այս անգամ ես որոշել եմ, որ մեր պայմանագիրը պետք է լինի պրոֆեսիոնալ։ Իմ պայմանն էր, որ կամ պետք է լինի պրոֆեսիոնալ պայմանագիր, կամ ես չեմ գլխավորի թիմը։ Բնականաբար, իրենք ստիպված գնացին դրան, քանի որ ես մեկ անգամ էլ եմ ասել, նույնիսկ մեկ ֆուտբոլիստ չունեին։ Զրո ֆուտբոլիստից փորձեցինք կառուցել թիմ։ Ընդհանրապես բնորոշ է՝ հատկապես «Ալաշկերտին», որ երբ վատ իրավիճակում են լինում՝ գնում են ամեն ինչի, իսկ հենց իրավիճակը լավանում է, փորձում են իրենցը թելադրել։ Սրանից ավելի ես ոչինչ չեմ խոսի։ Հարկ եղած դեպքում ես կբարձրաձայնեմ ու կպատմեմ ամեն ինչ, որոնց ներկա են եղել նաև շատ մարդիկ։
Մի քանի անգամ գլխավորել եմ «Ալաշկերտը»։ Կա պարզ վիճակագրություն։ Դուք եթե տեսնեք, թե ինչքան մարզչական փոփոխություններ են եղել, արդեն ամեն ինչ պարզ կդառնա։ Մարդիկ միշտ խնդիրը ման են գալիս գլխավոր մարզչի մեջ, բայց ինչո՞ւ միայն այդպես։ Էլի կան այդպիսի ակումբներ, որտեղ չափից շատ մարզչական փոփոխություններ են լինում, այդ պարագայում խնդիրը ակումբի մեջ է»,-մեկնաբանելով ստեղծված իրավիճակն ասել է Աբրահամ Խաշմանյանը։

-Նշեցիք, որ երբ պայմանագիր կնքեցիք, այդ ժամանակ թիմ չկար։ Ինչու՞ համաձայնեցիք գլխավորել «Ալաշկերտն» այդ իրավակիճակում ու ի՞նչ խնդիր էր դրված թիմի առաջ։
-Սա լրիվ այլ պատմություն էր։ Սա կապ չուներ «Ալաշկերտի» չեմպիոնական տարիների հետ։ Այն ժամանակ կային լավ ֆուտբոլիստներ, կար թիմ, կար բյուջե։ «Ալաշկերտը» 4 անգամ դարձել է չեմպիոն, 4 դեպքում էլ եղել է իմ գործոնը։ Երկու անգամ դարձել է չեմպիոն իմ գլխավորությամբ, իսկ մյուս երկու դեպքում եղել է իմ գործոնը։ Նորից եմ ասում, ես շատ մարդկային վերաբերմունք եմ ցույց տվել։ Ես մարդ եմ ու ամեն ինչ լավ հասկանում եմ։ Ես մտածեցի, որ ակումբը շատ ծանր վիճակում է։ Ի դեպ, մինչև ակումբը չի հայտնվում ծանր իրավիճակում, Բագրատ Նավոյանն ինձ չի դիմում։ Եթե չլիներ ծանր վիճակ, կդիմեր մեկ ուրիշին՝ այլ ոչ թե Աբրահամ Խաշմանյանին։ Իմանալով իմ պրոֆեսինոալ մոտեցումները, ֆուտբոլային դրական ամբիցիաները, չէին ցանկանա համագործակցել ինձ հետ, քանի որ նրանց դուր չի գալիս, որ թույլ չեմ տալիս մտնել թիմի ներքին խոհանոց՝ մտնել թիմի հանդերձարան և այլն։ Սա դուր չի գալիս որոշ մարդկանց։ Այդ պատճառով դժվարանում են ինձ հետ աշխատել, բայց ստիպված են ինձ դիմելու, քանի որ գիտեն, որ 1-2 հոգի կան, որ կարող են ոչնչից թիմ կառուցել։
Ոչ մի խնդիր չէր կարող դրվել իմ առաջ, քանի որ թիմում 0 ֆուտբոլիստ կար։ Նախորդ մրցաշրջանից հետո մարզչական շտաբն ու ամբողջ ֆուտբոլիստները հեռացել են։ Եթե ֆուտբոլիստ չուներ, ինչ խնդիր պետք է դներ իմ առաջ։ Իր ուզածը մեկ բան պետք է լիներ՝ զրոյից թիմ կառուցել, և դրա վրա էլ հետագայում առաջընթաց գրանցել։ Մեր պայմանավորվածությունը եղել է այն, որ այս մրցաշրջանում ինձանից ոչինչ չեն պահանջում, բայց գալիք մրցաշրջանում կպայքարենք եվրագավաթային ուղեգրի համար։ Պարադոքս է, որ ամեն ինչ սկսվեց «Փյունիկին» հաղթելուց հետո։ Հենց այդ խաղից հետո մեզ մոտ սկսվեցին խնդիրները:
ԱԲՐԱՀԱՄ ԽԱՇՄԱՆՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ 2-ՐԴ ՄԱՍԸ SPORTMEDIA.AM-ՈՒՄ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-ԻՆ