Հայաստանի Գավաթ․ Արարատի Արաքս-Շիրակ․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| Հայաստանի Մ17 հավաքականը սկսում է պայքարը ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլում | Հայտնի է Վանի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի անունը| Օսիյեկը պարտվեց Ռիեկային․ Մկրտչյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը| Նոան հաղթեց Արարատին (տեսանյութ)| Արարատ-Նոա․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր|
Միկա մարզահամալիրում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել
17 Հունիս 2025 |  213

Միկա մարզահամալիրում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր, որտեղ վաղվանից մեկնարկում է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը:

Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ ֆեյսբուքի էջից:

Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը ներկայացրել է համալիրի գործունեությունը, ենթակառուցվածքային հնարավորությունները և ընթացող վերանորոգման և արդիականացման աշխատանքները։ «Միկա» մարզահամալիրում, մասնավորապես, արդեն կատարվել են մարզադահլիճի հղկման, ներկման, սանհանգույցների, խոհանոցի վերանորոգման, ինչպես նաև հանդերձարանների նորոգման աշխատանքներ:




Ժաննա Անդրեասյանը շրջել է համալիրի մարզական և վարչական ենթակառուցվածքներում՝ տեղում քննարկելով առաջնության պատշաճ անցկացմանն ու անվտանգության ապահովմանն առնչվող մի շարք կազմակերպական հարցեր: Նշվել է՝ մարզահամալիրը լիովին պատրաստ է հյուրընկալել «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը:

Մրցաշարը ներառում է տարիքային երկու խմբեր՝
10-12 տարեկան (5-6-րդ դասարաններ)
13-15 տարեկան (7-9-րդ դասարաններ)

Յուրաքանչյուր տարիքային խմբում պայքարի մեջ են մտնում 16 թիմեր։ Խմբային փուլի հաղթողները կհասնեն փլեյ-օֆֆ փուլին, որը կանցկացվի հունիսի 19-21-ը։ Եզրափակիչ և երրորդ տեղի հանդիպումները կանցկացվեն հունիսի 22-ին։

Խմբային փուլի մեկնարկը նախատեսված է հունիսի 17-ին՝ ժամը 11:00-ից: Առաջին խաղում միմյանց հետ կմրցեն Չարենցավանի թիվ 4 հիմնական դպրոցի և Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի՝ 7-9-րդ դասարանների թիմերը: Մուտքն ազատ է:

Խորեն Զարգարյանը տեղեկացրել է՝ Երևանում կայանալիք բասկետբոլի Մ20 առաջնության նախապատրաստական աշխատանքները ևս ընթանում են մեծ թափով՝ ըստ սահմանված ժամանակացույցի։ Անհրաժեշտ ծավալով իրականացվել են նաև գույքով համալրման աշխատանքներ: Առաջիկայում նախատեսվում է հզորացնել մարզադահլիճի լուսային համակարգը՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին:





Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի հանդիպումները կանցկացվեն Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, իսկ մյուս երկրների հավաքականները կհյուրընկալվեն «Միկա» մարզահամալիրում։ Եվրոպայի Մ20 B դիվիզիոնի բասկետբոլի առաջնությունը կմեկնարկի հուլիսի 11-ին։ Երևանը կհյուրընկալի 20 երկրի հավաքականների, որոնք կպայքարեն չեմպիոնի տիտղոսի համար։

Ներկայում «Միկա» մարզահամալիրում տարբեր մարզաձևերով՝ ֆուտբոլ, ըմբշամարտ, կարատե, ձյուդո, ֆուտզալ և այլն, մարզվում է շուրջ 1500 երեխա, ինչը վկայում է կենտրոնի հանրային ակտիվ գործունեության մասին։

Նախորդ հոդվածը
Sportmedia Inside. Հայտնի է` ով է Շիրակի նոր գլխավոր մարզիչը
Հաջորդ հոդվածը
Մխիթարյանի ու Մովսիսյանի հանդիպումն՝ ԱՄՆ-ում (ՖՈՏՈ)

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։