Չունենք այն պոտենցիալը, որ հավաքականի նոր մարզչից ավելին պահանջենք․ Աբրահամ Խաշմանյան
Sportmediа.am-ը ծավալուն հարցազրույց է ունեցել Երևանի «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ։
Հարցազրույցի առաջին մասում ներկայացրել ենք Խաշմանյանի մեկնաբանությունն «Ալաշկերտի»՝ պայմանագիրը միակողմանի խզելու վերաբերյալ։
Հարցազրույցի երկրորդ մասում 57-ամյա մասնագետը խոսել է Հայաստանի ակումբային ֆուտբոլի ներկա վիճակի, ազգային հավաքականի և այլ թեմաների շուրջ։
- Ի՞նչ համեմատականներ կանցկացնեք Ձեր գլխավորությամբ «Ալաշկերտի» չեմպիոնական մրցաշրջանի և վերջին երկու-երեք մրցաշրջանների միջև։ Հայաստանի առաջնության ու ակումբային ֆուտբոլի որակը բարձրացե՞լ է։
-Այս հարցը վերջին տարիներին շատ ակտուալ է։ Ինձ շատ են ասում՝ տեսեք, մեր առաջնության որակը բարձրացել է՝ նայեք «Նոային», «Փյունիկին»․․․ Ես այդ կարծիքին չեմ։ Մենք խորը վերլուծություն չենք անում։ Ցանկալի է, որ վերլուծություն անեն ֆուտբոլային աշխարհի վերլուծաբանները, լրագրողները։ Իմ նման մարդկանց համար հեշտ է խորը վերլուծություն անել, մարզիչների համար դա հեշտ է, բայց եթե ուզում ենք ֆուտբոլը զարգանա, պետք է ոլորտի մարդիկ էլ լավ վերլուծություն անեն ու հասկանան՝ ակումբային ֆուտբոլը զարգանո՞ւմ է, թե՞՝ ոչ։
Ես միշտ ասել եմ՝ ինչո՞ւ եք դուք մեկ կամ երկու թիմով որոշում, որ հայկական ակումբային ֆուտբոլը զարգանում է։ Այդ մարդիկ վերացական են նայում։ Այսօր «Նոան» է եկել իր մեծ նախագծով, մեծ գումարներով, հիանալի ֆուտբոլիստներով. եվրոպական միջին մակարդակի առաջնության թիմ է, ինչը ողջունելի է։ «Նոան» հիմա լավ ակադեմիա է ստեղծում, տա Աստված, որ լինի երկարաժամկետ, որովհետև, եթե մենք ակնկալում ենք ակումբային ֆուտբոլի զարգացում, պետք է գնանք երկարաժամկետ ճանապարհով։

Նայեք մյուս թիմերին։ Կա 3 թիմ, որ ֆուտբոլային առումով գրեթե հավասարազոր են՝ «Արարատ-Արմենիա», «Ուրարտու», «Փյունիկ»։ «Փյունիկը» չգիտենք, թե ինչ կլինի վաղը նոր սեփականատերերի գալուց հետո։ Կարծում եմ, որ նախորդ տարի ավելի դիտարժան ու լավ ֆուտբոլ էին խաղում, ինչը չէի ասի այս մրցաշրջանի մասին։
Կան թիմեր, որոնք ունեն պոտենցիալ, բայց միշտ նույն տեղում են։ Օրինակ՝ «Արարատը», «Շիրակը»: «Վանը» նույնպես ունի լավ պոտենցիալ, ու կարծում եմ՝ նրանց որոշ ժամանակ է անհրաժեշտ, քանի որ ունեն լավ կապեր, լավ երիտասարդ ֆուտբոլիստներ ու ըստ իս՝ ճիշտ ճանապարհին են։ «Վիստայի» ու «Բոտևի» հետ կապերը մեծ հնարավորություն է նրանց համար։ Իսկ մյուս թիմերի տեղը տրամաբանական է, որովհետև ֆուտբոլում ոչինչ հենց այնպես չի լինում։
Խորհուրդ կտամ մտնել այս ակումբների մեջ, նայել նրանց գործելաոճը, նայել նրանց մոտեցումները,պրոֆեսիոնալիզմի աստիճանը, հետո նոր խոսել զարգացումից։ Ես բազմաթիվ ակումբներ եմ գլխավորել և լավ գիտեմ ներքին խոհանոցը։ Այսօր վատ միտում է գնում. շատերը մտնում են հայկական ֆուտբոլ, ակնկալելով շատ արագ ֆինանսներ, բացի արդյունքներից միգուցե նաև սև գործեր էլ անեն։ Մինչև չլինի երկարատև, հետևողական աշխատանք, ֆինանսեր չեն գա, ու այս մտածելակերպով այդ ակումբները հեռու չեն կարող գնալ։
SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ, ԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄ, ԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ
Կա ևս մեկ ակումբ, որը հիանալի է․ խոսքը ԲԿՄԱ-ի մասին է։ Իհարկե, ես ԲԿՄԱ-ն որպես առանձին ակումբ չեմ դիտարկում, քանի որ ֆեդերացիայի նախագիծն է։ Շատ եմ լսել քննադատություններ այս նախագծի հասցեին ու զարմանում եմ այդ մարդկանց վրա։ Չնայած՝ լավ ճանաչում եմ այդ քննադատողներին ու գիտեմ՝ ինչու են այդպես խոսում։ ԲԿՄԱ-ն հիանալի նախագիծ է։ Մեկ անգամ նշել եմ, որ մեզ մոտ պակասում են տաղանդաշատ երիտասարդները։ Ես հիմա կարող եմ ասել, որ վաղուց չեմ տեսել այսքան տաղանդավոր ֆուտբոլիստներ։ Ես ողջունում եմ այս նախագիծը, կարծում եմ՝ սա մեր ակումբային ֆուտբոլին փայլ է տալիս։

-Չեմպիոնական պայքարում ո՞ր թիմն է գլխավոր ֆավորիտը։
-Կարծում եմ, որ «Նոան» բացահայտ ֆավորիտ է ու 99 տոկոսով կդառնա չեմպիոն, «Արարատ-Արմենիան», «Փյունիկն» ու «Ուրարտուն» էլ կպայքարեն մրցանակային տեղերի համար։ Կարծում եմ՝ «Արարատ-Արմենիան» այս երեք թիմերից ավելի լավ որակներ ունի։ Դեռ առաջնությունը չէր սկսվել, երբ տեսա «Նոայի» կազմը, ասացի, որ «Նոան» մրցակցություն չի ունենա։ Հիմա էլ եմ ասում՝ «Նոան» բացահայտ ֆավորիտ է, բայց ֆուտբոլում ոչինչ չի կարելի բացառել։ Եթե նայեք իրար մեջ անցկացրած խաղերը, բացի «Ուրարտուից», «Նոան» հաղթել է բոլոր թիմերին ու մյուս խաղերում էլ կհաղթի։
SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ, ԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄ, ԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ
-Վերջին շրջանում շատ են քննադատություները ՀՖՖ-ի հասցեին։ Ինչպե՞ս կգնահատեք ֆեդերացիայի աշխատանքը։
-Ես ասում եմ, որ հայկական ակումբային ֆուտբոլն այսօր վատ վիճակում է գտնվում։ Կան թիմեր, որոնք հիմա լուծարվել են ու ակումբները մեղադրում են ՀՖՖ-ին։ Ցանկանում եմ հարց տալ այդ մարդկանց․ ՀՖՖ-ն ի՞նչ կապ ունի ակումբային ֆուտբոլի հետ։ Ես չեմ հասկանում սա։ Ակումբն ունի իր սեփականատերը, որն իր ճանապարհով գնում է առաջ։ Անհասականալի են այս մասով մեղադրանքները ՀՖՖ-ին։ Մեզ մոտ ուղղակի ձևավորվել է դա՝ մարդ ենք ման գալիս, որ մեր սխալները բարդենք իրենց վրա։ Եթե ուզում ենք առաջընթաց ապրել, պետք է ընդունենք մեր սխալները։ ՀՖՖ-ն այսօր ամեն ինչ անում է ֆուտբոլը զարգացնելու համար։

Օրինակ այն թիմերը, որոնք լուծարվել են այս ֆեդերացիայի ժամանակ։ Նայեք մեր պատմությունը. մենք ունեցել ենք շատ ակումբներ, որ նույնպես լուծարվել են նախկին ղեկավարների ժամանակ։ Ու եղել են այնպիսի թիմեր, որոնք տոն են տվել Հայաստանի առաջնությունում։ Ինչու՞ են հիմա բոլոր ձախողումները տանում դեպի ֆեդերացիա։
-Պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու մասին խոսակցությունները շարունակվում են, բայց այս մասով ոչ մի լուրջ քայլ չի արվում։ Անհրաժեշտությո՞ւն է այս իրավիճակում պրոֆեսիոնալ լիգա ունենալը։
-Կարծում եմ, որ պրոֆեսիոնալ լիգան լավ բան է։ Ես կողմ եմ այդ գաղափարին։ Գիտեմ, որ շատ կողմ է նաև ֆեդերացիան ու աջակցում է, որ այդ գաղափարն իրականանա, բայց գիտեմ նաև, որ կան շատ խոչընդոտներ։ Նորից մեր հայկական մտածելակերպն է խոչընդոտում, որովհետև ակումբային պրոֆեսիոնալ լիգա ունենալու համար բոլոր ակումբները պետք է տան իրենց համաձայնությունը։ Մեզ մոտ կարող է 10 ակումբ համաձայն լինի, իսկ մեկը՝ ոչ, քանի որ պրոֆեսիոնալ լիգայի դեպքում ակումբներից մեկի նախագահը կամ ներկայացուցիչը պետք է լինի լիգայի նախագահ։ Այստեղ շահերի բախում է լինում և այս իրավիճակում նույնպես մեղադրում են ՀՖՖ-ին։ Ես գիտեմ, որ ֆեդերացիան մեծ ուրախությամբ կազատվի այս բեռից ու կանի ամեն ինչ, որ ստեղծվի պրոֆեսիոնալ լիգան։
SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ, ԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄ, ԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ
-Հայաստանի հավաքականը շարունակում է մնալ առանց մարզչի՝ այնինչ հաջորդ ամիս կարևորագույն խաղեր ունենք Վրաստանի հավաքականի հետ: Ֆեդերացիան հայտնել է, որ նոր գլխավոր մարզիչը հայաստանցի չի լինելու: Ինչպե՞ս կմեկնաբանեք ֆեդերացիայի այս որոշումը:
-Ֆուտբոլային կյանքը ցույց է տվել, որ պետք է նայել մեդալի երկու կողմին։ Բոլորը խոսում են, թե ո՞վ է լինելու մարզիչը, բայց դուք նայեք, թե ինչ ունենք, հետո նոր մտածեք մարզչի մասին։ Ես կարծում եմ, որ դա ֆեդերացիայի գործն է ու նրանք ավելի լավ գիտեն հայաստանցի՞ մասնագետ նշանակեն, թե՞ արտասահմանցի։ Դա ես կամ երկրպագուները չենք որոշում։ Հավաքականի մարզիչ կլինի, բայց մենք չունենք այն պոտենցիալը, որ այդ մարզչից ավելին պահանջենք։ Չունենք պոտենցիալ ԵԱ կամ ԱԱ եզրափակիչ փուլ դուրս գալու համար։

Այստեղ խնդիրն այն է, որ հանրությանը պետք է ասվի այն,ինչ կա, ոչ թե խոստումներ տրվի, որ մտնելու ենք Եվրոպայի կամ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Հասարակ ձևաչափ կա համեմատելու մեր հավաքականը մյուս հավաքականների հետ։ Նայեք, թե մեր հավաքականի ֆուտբոլիստները որտեղ են խաղում, ու նայեք, թե որտեղ են խաղում մրցակից հավաքականների ֆուտբոլիստները։ Երբ «Ալաշկերտում» էի տարիների առաջ, եվրագավաթներում երկու տարի անընդմեջ հանդիպեցինք Անդորայի «Սանտա Կոլոմային» ու այդ երկու տարում այդ ակումբը մեծ առաջընթաց էր գրանցել։ Փոքր երկրները շատ արագ առաջընթաց են ապրում, հատկապես նրա հաշվին, որ ապրում են քաղաքական նորմալ երկրում կամ զարգացած երկրների հարևանությամբ ու ունեն հնարավորություն լավ ֆուտբոլիստներ կամ մարզիչներ ձեռք բերելու։ Ոչ մի նշանակություն չունի՝ երկիրը մե՞ծ է, թե՞՝ փոքր։ Հիմա գաճաճ երկրների հավաքականները միավորներ են խլում նաև շատ ավելի ուժեղ հավաքականներից։
Մենք պետք է ռեալ գնահատենք մեր հնարավորությունները։ Լավ է, որ մեծ նպատակներ ենք դնում, բայց պետք է իրատես լինել։ Մեզ պակասում են որակյալ ֆուտբոլիստները։ Ժամանակին ունեցել ենք շատ լավ հավաքական, աստղային տղաներ, որոնք երիտասարդ էին ու ասելիք ունեին․ ոսկե սերունդ էր Հենրիխ Մխիթարյանի գլխավորությամբ, բայց նույնիսկ այդ սերունը ոչնչի չի հասել։ Հիմա ի՞նչ ենք ուզում մենք։ Ի՞նչ ունենք մենք հայկական ֆուտբոլում։ Մեծ հաշվով ունենք 11 ակումբ, ամեն ակումբում 90 տոկոսը լեգիոներներ են։ Չեմ խոսում առաջատար թիմերի մասին, բայց կան թիմեր, որտեղ լեգիոներները ուղղակի գործ չունեն, եկել են այստեղ ֆուտբոլ են խաղում։ Նորից եմ ասում՝ ԲԿՄԱ-ին դրեք մի կողմ։ ԲԿՄԱ-ն առանձին նախագիծ է։ 30 տարի է լսում եմ, որ ասում են մի բան ջնջենք , մի բան նորից սկսենք։ Հիմա մարդիկ եկել են 4-5 տարի է, որ փորձում են ինչ-որ բան անել, բայց քննադատության են ենթարկվում։

20 Տարուց ավելի մենք մի գծի վրա ենք եղել, դրա համար այսօր հավաքականում որակյալ ֆուտբոլիստների պակաս ունենք։ Ոչ մի հայաստանցի երիտասարդ ֆուտբոլիստ այսօր հավաքականի հիմնական կազմում չի խաղում, բացի Վահան Բիչախչյանից։ Նույնիսկ Բիչախչյանը «Պոգոնում» հիմնական կազմի ֆուտբոլիստ չէր։ Ցույց տվեք մեկին, ով ունի պոտենցիալ ու կարող է խաղալ ենթադրենք Հենոյի մակարդակով։ Սա մտածելու տեղիք է տալիս։ Հիմա տեսնում եմ, որ նույն ԲԿՄԱ-ում կան տաղանդավոր ֆուտբոլիստներ, ու եթե ճիշտ աշխատանք տարվի, մոտ ապագայում հավաքականում կունենանք մի քանի լավ ֆուտբոլիստներ, բայց այսօր բոլորը խոսում են իրենց շահերի համար։ Նույն մարդիկ ժամանակին ասում էին լեգիոներների լինելը լավ է, հիմա ասում են՝ բերեք լեգիոներների թիվը կրճատենք, որովհետև էլ հնարավորություն չունեն լավ լեգիոներներ բերելու։ Ամեն մեկը խոսում է իր շահի համար, բայց դրա մասին ոչ մեկ չի բարձրաձայնում։ Եթե ուզում ենք մեր ֆուտբոլն առաջ գնա, պետք է ճիշտ մտածենք, ճիշտ վերլուծենք, ոչ թե նայենք միայն մեր շահին։
-Հաջորդ ամիս Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի երկու խաղ ունենք Վրաստանի հավաքականի հետ։ Ինչպե՞ս կգնահատեք մեր շանսերը և պե՞տք է պայքարել B լիգա դուրս գալու համար։
-Վրաստանի հետ դիմակայությունը միշտ սկզբունքային է եղել։ Իհարկե, շատ լավ կլինի, որ արդյունքի հասնենք։ Մեկ դիմակայությունում հաղթելն ուրիշ բան է, մեկ խաղում ամեն ինչ կարելի է անել, բայց այլ հարց է մեկ հաջող մրցաշրջան անցկացնելը։ Եթե վերցնենք պոտենցիալները, կարծում եմ՝ վրացիներն ավելի որակյալ խաղացողներ ունեն։ Կարծում եմ, որ իրենց շանսը մի փոքր շատ է, բայց նորից եմ ասում, մեկ դիմակայությունով կարելի է վճռել ամեն ինչ։
SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ, ԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄ, ԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ