Փյունիկում առաջին անգամ հանդես կգա հույն ֆուտբոլիստ
«Փյունիկը» նոր համալրում ունի։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Երևանյան ակումբին է միացել հույն եզրային պաշտպան Նիկոլաոս Կայնուրգիոսը։
26-ամյա ֆուտբոլիստը նախկինում խաղացել է հունական «ԱՕՏ Ալիմոսի» և «ՊԱՍ Յանինայի» երիտասարդական թիմերում, ինչպես նաև «Աիտիտոս Սպատայում» և «ԱԷ Սպարտայում»։
2019 թվականի հունիսին Կայնուրգիոսը տեղափոխվել է Բելգիայի Պրո լիգայում (ուժեղագույնների խումբ) հանդես եկող «Զյուլտե-Վարեգեմ», որտեղ երկու մրցաշրջանների ընթացքում անցկացրել է 18 խաղ և դարձել 2 գոլի հեղինակ։
2021 թվականի հոկտեմբերին հույն ֆուտբոլիստը ելույթները շարունակել է Ռումինիայի ամենատիտղոսակիր թիմերից մեկում՝ Բուխարեստի «Դինամոյում», որի կազմում մասնակցել է 7 հանդիպման։
Նիկոլաոս Կայնուրգիոսի նախորդ թիմը՝ հունական «Կալիթեան» էր, որտեղ խաղացել է 2022 թվականի սեպտեմբերից։ 2023/24 թթ․ մրցաշրջանում նա «Կալիթեայի» հետ դարձել է Հունաստանի Սուպերլիգա 2-ի հաղթող։ Նախորդ մրցաշրջանում Կայնուրգիոսը «Կալիթեայի» կազմում Հունաստանի Սուպերլիգայում անցկացրել է 20 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ։
2019 թվականին Նիկոլաոս Կայնուրգիոսը հրավիրվել է Հունաստանի Մ-21 տարեկանների հավաքական։
«Փյունիկը» բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթել Նիկոլաոս Կայնուրգիոսին։