Երկու 11-մետրանոց ու երկու կարմիր քարտ․ Շիրակը լարված խաղում հաղթեց Արարատին
Fastex Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Շիրակը» ընդունել էր «Արարատին» ու հաղթեց 4։2 հաշվով։
Հանդիպման հաշիվը 11-մետրանոցից բացեց Ռաֆիկ Միսակյանը՝ 11-րդ րոպեին։ 3 րոպե անց Մոհամեդ Ֆոֆանան փայլուն փոխանցում կատարեց Պատրիկ Հանձոնգոյին, վերջինս էլ օգտվելով շանսից՝ խփեց իր 1-ին գոլն «Արարատի» կազմում ու վերականգնեց հաշվի հավասարությունը։
19-րդ րոպեին էլ փայլուն փոխանցման հեղինակ դարձավ Մհեր Թառլոյանը, որից օգտվեց Սերգեյ Մանուկյանը՝ առաջ մղելով «Շիրակին»։ 36-րդ րոպեին հաշիվը կրկին հավասարվեց։ Հեռահար փայլուն հարվածով աչքի ընկավ Մուսա Կանտեն։
2-րդ կեսը «Արարատը» լավ էր մեկնարկել և թվում էր, թե գոլը հասունանում է, սակայն Յայա Սոգոդոգոն 55-րդ րոպեին ստանալով 2-րդ դեղին քարտը՝ հեռացվեց խաղադաշտից։
10 հոգով մնացած «Արարատը» դիմադրեց մինչև հիմնական ժամանակի ավարտը։ 91-րդ րոպեին Քլինթոն Դոմբիլան, որն ուներ դեղին քարտ, սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները «Շիրակի» նորեկ Վարդան Թովմասյանի նկատմամբ։ Դոմբիլան զգուշացվեց 2-րդ անգավ, հեռացվեց խաղադաշտից, իսկ «Արարատը» մնաց 9 հոգով։
2-րդ 11-մետրանոցն իրացնելու համար գնդակին մոտեցավ Լյովա Մրյանը, որի 1-ին հարվածը հետ մղեց Անզիմատի-Աբուդուն, սակայն Մրյանը 2-րդ փորձից առաջ մղեց «Շիրակին»։ Արդեն հիմնական ժամանակին ավելացված վերջին րոպեին էլ արագ հակագրոհի ընթացքում Վարդան Թովմասյանն իր անվան դիմաց գրանցեց «Շիրակի» 4-րդ գոլը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։
Այս հաղթանակից հետո «Շիրակը» 5 միավորով նախավերջին՝ 9-րդ տեղում է։ «Արարատը» 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Հիշեցնենք, որ տուրի մեկնարկային խաղում «Գանձասարը» նվազագույն հաշվով հաղթել էր «Վանին»։ Վաղը կկայանա ԲԿՄԱ-«Ալաշկերտ» հանդիպումը, իսկ սեպտեմբերի 14-ին՝ «Նոա»-«Փյունիկ» և «Ուրարտու»-«Արարատ-Արմենիա» հանդիպումները։