Հայաստանը նշում է ՈՒԵՖԱ Մասսայական ֆուտբոլի շաբաթը
ՀՖՖ-ն միանում է Եվրոպայի բոլոր 55 ազգային ասոցիացիաներին և սեպտեմբերի 22–29-ը նշում ՈՒԵՖԱ մասսայական ֆուտբոլի շաբաթը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
ՈՒԵՖԱ մասսայական ֆուտբոլի շաբաթը ամենամյա միջոցառում է, որը միավորում է միլիոնավոր մարդկանց ամբողջ Եվրոպայում՝ ընդգծելով մասսայական ֆուտբոլի դերը երեխաների, երիտասարդների, ակումբների, մարզիչների, ծնողների և կամավորների կյանքում։ Այն ցույց է տալիս, թե ինչպես է ֆուտբոլը ոգեշնչում, ներառում ու միավորում համայնքները՝ ապահովելով ֆուտբոլի հասանելիությունը բոլորի համար։
Այս տարի ՈՒԵՖԱ մասսայական ֆուտբոլի շաբաթն անցկացվում է ՈՒԵՖԱ-ի գործընկեր EA SPORTS FC FUTURES ծրագրի հետ համատեղ։ UEFA-ն իր եկամուտների 97%-ը վերադարձնում է ֆուտբոլի զարգացմանը, իսկ մասսայական ֆուտբոլն այդ ներդրման առանցքային ուղղություններից է։
Մասսայական ֆուտբոլը Հայաստանում
Հայաստանում ֆուտբոլով զբաղվում են հազարավոր երեխաներ, երիտասարդներ և մեծահասակներ։ Վերջին տարիներին ՀՖՖ-ն մեծ ուշադրություն է դարձնում այս ոլորտին, ներդնում ծրագրեր, որոնք նպաստում են երեխաների առողջ ապրելակերպին և ֆուտբոլի համընդհանուր հասանելիությանը։
Մասսայական ֆուտբոլի զարգացման համար ՀՖՖ-ն իրականացնում է մի քանի նախագիծ․
«Ֆուտբոլը դպրոցներում» կրթական ծրագիր
Մասսայական ֆուտբոլի ամենամեծ և ընդգրկուն ծրագրերից է։ Դրա միջոցով ցանկանում ենք բարելավել և արդիականացնել ֆուտբոլի դասավանդումը հանրակրթական դպրոցներում, նպաստել ֆուտբոլի մասսայականացմանը ՀՀ ամբողջ տարածքում, աշակերտներին ճանաչելի դարձնել «ֆուտբոլը որպես առողջ ապրելակերպ» հասկացությունը, ներգրավել աշակերտներին ֆուտբոլային մրցումներում և ավելացնել ֆուտբոլով զբաղվող երեխաների քանակը։
«Ֆուտբոլ բոլորի համար» գաղափարախոսության տարածում ներառական ֆուտբոլի միջոցով
Այս ծրագիրը հնարավորություն է ընձեռել ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին զբաղվել ֆուտբոլով։«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով»
Այն փախստականների ներգրավման ծրագիր է, որը հնարավորություն է ընձեռել Արցախից բռնի տեղահանված երեխաներին զբաղվել ֆուտբոլով հյուրընկալ համայնքներում և նպաստել երեխաների ինտեգրմանը։
Կանանց ֆուտբոլի նախաձեռնությունների զարգացում՝ ՈՒԵՖԱ Փլեյմեյքերս ծրագիր
Ծրագիրը նախատեսված է 5-8 տարեկան աղջիկ երեխաների համար: «Դիսնեյ» ընկերության հետ իրականացվող ծրագրի նպատակն է զվարճալի, դրական ուսուցման շնորհիվ ծանոթացնել աղջիկներին ֆուտբոլին՝ խթանելով սպորտաձևի մասսայականացմանը։
«Ֆուտբոլը դպրոցում» ծրագիր
«Ֆուտբոլը դպրոցում» ծրագրի շրջանակում կազմակերպվում են խառը ձևաչափով դպրոցական առաջնություններ։ Աղջիկները հնարավորություն ունեն մասնակցելու նաև այդ առաջնություններին։
Հֆֆ-ն հանդիսանում է ՈՒԵՖԱ Մասսայական ֆուտբոլի խարտիայի ստորագրող կողմ, ինչի արդյունքում ՀՖՖ-ն իրականացնում է ՈՒԵՖԱ-ի մասսայական ֆուտբոլի զարգացման ընդհանուր պահանջներին համապատասխան ծրագրեր և գործառույթներ։