Սպերցյանին մեղադրում են ռասիզմի մեջ. ֆուտբոլիստն արձագանքել է
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը սոցիալական ցանցերում հայտարարություն է տարածել՝ հերքելով ռասիզմի մեղադրանքները և հայտարարելով իր փաստարկները ապացուցելու պատրաստակամության մասին։
Շաբաթ օրը «Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի տնային խաղում 2-0 հաշվով հաղթել է «Ախմատին»։ Խաղի վերջում «Ախմատի» պաշտպան Ուսմանե Նդոնգը կարմիր քարտ է ստացել Սպերցյանին ուսով հարվածելու համար։ Խաղից հետո սենեգալցին «Match TV»-ին ասել է, որ Հայաստանի հավաքականի խաղացողը ռասիստական դիտողություն է արել իր հասցեին՝ այդպիսով հրահրելով հարվածը։ Սպերցյանը ասել է, որ Նդոնգը վիրավորել է իր մորը, մինչդեռ աֆրիկացու հասցեին անպարկեշտ արտահայտություններ չեն եղել։
«Նման բան տեղի չի ունեցել։ Նա ասում է, որ ես նրան պորտուգալերե՞ն եմ հայհոյել։ Այդ նա էր ինձ պորտուգալերեն ինչ-որ բաներ ասում, ամբողջ խաղի ընթացքում ինձ սադրում էր։ Ես մի փոքր իսպաներեն գիտեմ, նա մեր առաջնությունում նոր խաղացող է, ինձ չի ճանաչում, մեր լիգան չի ճանաչում։ Ի՞նչ էր ասում՝ «La concha tu madre»։ Բոլորը գիտեն թարգմանությունը։ Որին ես միայն պատասխանել եմ՝ «Cala boca», որը նշանակում է «լռիր»։
Նդոնգը հակառա՞կն է պնդում։ Ինչպե՞ս կարող էի ես դա ասել որևէ լեզվով։ Ես երբեք դա ոչ մեկին չէի ասի։ Բոլոր տղաները ճանաչում են ինձ. բոլորը, ովքեր այնտեղ էին, լսեցին ինձ»,- ասել էր Սպերցյանը։
Հրապարակած տեսանյութում էլ հայ ֆուտբոիստը մանրամասնում է.
«Ես կցանկանայի մեկնաբանել երեկվա իրավիճակը, որն արդեն սրվել է։ Ես անընդունելի եմ համարում իմ դեմ չապացուցված մեղադրանքը։ Ես պատրաստ եմ ապացուցել իմ փաստարկները ցանկացած անհրաժեշտ միջոցով։ Դիտեք տեսախցիկները, կարդացեք իմ շուրթերով, հանձնեք պոլիգրաֆ՝ խնդիր չկա։ Ես վստահ եմ ինքս ինձ, վստահ եմ իմ խոսքերի մեջ։ Գիտեմ, որ ես դա չեմ ասել։
Ես մեծացել եմ Կովկասում, գիտեմ բոլոր կանոնները։ Ծնողներս ինձ լավ են դաստիարակել։ Եվ ես երբեք ինձ թույլ չէի տա դա անել։ Ես ունեմ շատ ընկերներ և ծանոթներ ամբողջ աշխարհում, որոնց հետ շփվում եմ։ Եվ այն, ինչ հիմա կատարվում է, մի փոքր զվարճալի է։ Դա նման է մի տեսակ կրկեսի։ Իմացեք, որ ես տեր եմ իմ խոսքերին և պատրաստ եմ ամեն ինչի», - ասել է Սպերցյանը հրապարակված տեսանյութում։
Նշենք՝ հարվածի արդյունքում Սպերցյանի մի քանի ատամ կոտրվել Է: