BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը մարզադպրոցների տնօրենների հետ քննարկել է ոլորտային հարցեր
14 Նոյեմբեր 2025

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը մարզադպրոցների տնօրենների հետ քննարկել է ոլորտային հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը հանդիպում է ունեցել ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող մարզադպրոցների տնօրենների հետ։ Հանդիպման նպատակն էր քննարկել ոլորտում առկա խնդիրները, գնահատել իրականացված աշխատանքները և միասին ձևակերպել հետագա անելիքները։

Հասմիկ Ավագյանը նշել է, որ այցեր է իրականացրել մի շարք մարզադպրոցներ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին, քննարկելու առկա խնդիրները և դրանց լուծումները. «Մարզադպրոցի տնօրեններին դիտարկում ենք՝ որպես առողջ ապրելակերպի և սպորտի ոլորտի զարգացման հարցերում սրտացավ մարդիկ։ Մեր ընդհանուր նպատակը պետք է լինի մարզադպրոցների դերի ամրապնդումը՝ հատկապես հանրակրթական դպրոցների և համայնքների հետ համագործակցության միջոցով։ Այսօր դեռ շատ ծնողներ բավարար տեղեկացված չեն, որ մարզադպրոցներում ուսուցումը լիովին անվճար է, և բոլոր ծախսերը՝ ներառյալ մարզիչների աշխատավարձերը, հոգում է պետությունը։ Սա միասին պետք է շտկենք՝ բարձրացնելով հանրային իրազեկվածությունը և խթանելով երեխաների ներգրավվածությունը սպորտում»։

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ տարբեր մարզադպրոցներ կատարած այցերի ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, այդ թվում՝ գործառույթների պատշաճ կատարման հետ կապված: Հասմիկ Ավագյանն ընդգծել է՝ անհրաժեշտ է առավել հետևողական լինել թերացումների վերացման հարցում, սակայն, միաժամանակ, կարևոր է գնահատել և խրախուսել այն տնօրեններին և մարզիչ-մանկավարժներին, որոնք ազնվորեն և նվիրվածությամբ են կատարում իրենց աշխատանքը. «Մեր նպատակը մեկն է՝ միասին կառուցել ավելի արդյունավետ, առողջ և գործուն համակարգ, որտեղ մարզադպրոցը կլինի սպորտի զարգացման ամուր հիմքը»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մի շարք այլ հարցեր, որոնք վերաբերել են մրցումների մասնակցության դեպքում տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագրին, մարզական հավաքների կազմակերպման ֆինանսավորմանը, մարզիչ-մանկավարժների աշխատավարձերի բարձրացման մեխանիզմներին, մասնավորապես՝ կամավոր ատեստավորման գործընթացին։

Հասմիկ Ավագյանը տեղեկացրել է՝ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ են նախատեսվում, և այս առումով շատ կարևոր են մարզիչ-մանկավարժների և նաև տնօրենների մասնագիտական դիտարկումները՝ դրույթների լավարկման և բարելավման նպատակով:

Նախարարի տեղակալը հորդորել է տնօրեններին ակտիվորեն ներկայացնել իրենց առաջարկները ԿԳՄՍ նախարարություն՝ ընդգծելով, որ ոլորտի բարելավումը պահանջում է համատեղ և շարունակական աշխատանք։

Նախորդ հոդվածը
Մ21. Հայաստան-Չեռնոգորիա հանդիպման ուղիղ հեռարձակումը
Հաջորդ հոդվածը
Հայտնի է Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։