ԵՎՐՈ 2026․ Հայաստանի հավաքականը զիջեց Խորվաթիային՝ լքելով պայքարը| Հաջողություն մաղթեցի ֆուտզալի Հայաստանի հավաքականին․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)| ԵՎՐՈ 2026․ Հայաստան-Խորվաթիա․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| ԲԿՄԱ-ն ու Գանձասարը ոչ-ոքի խաղացին| Նոան զիջեց Մոսկվայի Լոկոմոտիվին| Արարատն ընկերական խաղում հաղթեց Շիրակին|
Վայր եմ դնում լիազորություններս որպես Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ. Գագիկ Սարգսյան
20 Հունվար 2026 |  166

Վայր եմ դնում լիազորություններս որպես Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ. Գագիկ Սարգսյան

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը, 21 տարվա գործունեությունից հետո, հայտարարել է հրաժարական տալու մասին։

«Շատ դժվար և բարդ որոշում էր ինձ համար։ Շատ երկար եմ մտածել, ջանացել եմ անգամ չհասնել այս որոշմանը, սակայն այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ։ Արդեն չեմ տեսնում իմ շարունակությունը՝ որպես ֆեդերացիայի նախագահ»,- ասել է Գագիկ Սարգսյանը՝ անդրադառնալով նաև հրաժարականի պատճառներին։

Նրա խոսքով՝ հիմնական պատճառը համապատասխան աշխատանքային մթնոլորտի և կամքի բացակայությունն է, որը անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունում դահուկային մարզաձևը զարգացնելու համար։

«Դա միակողմանի չի կարող լինել։ Միայն ֆեդերացիայի կամ միայն ֆեդերացիայի նախագահի ջանքերով հնարավոր չէ զարգացնել այդ մարզաձևը։ Տարիներ շարունակ մեր բոլոր առաջարկները, խնդրանքները, հորդորները, նույնիսկ բողոքները Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմնին՝ այս դեպքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, այդպես էլ լուծում չեն ստացել։ Լինելով այդ գործընթացի ընդամենը մի կողմը՝ ժամանակի ընթացքում հասկանում ես, որ քո ներդրած ջանքն ու եռանդը, նվիրվածությունն ու նպատակները լիարժեք իրականացնել պարզապես հնարավոր չէ։ Հանդիպում ես խոչընդոտների, որոնք երբեմն նույնիսկ անլուծելի են թվում, և գալիս ես այն եզրակացության, որ գուցե հենց քո անձն է ինչ-որ փուլում դառնում խանգարող՝ այդ մարզաձևերն ու ոլորտը ավելի զարգացնելու համար»,- նշել է Սարգսյանը։

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին և մարզիկներին, որոնք 21 երկար ու դժվար տարիներ եղել են իր կողքին՝ միասնական աշխատելով, որպեսզի Հայաստանը տեսանելի դառնա աշխարհի դահուկային քարտեզում։

«Պատվով կարողացել ենք անցնել այս ճանապարհը, և վստահ եմ, որ ինձնից հետո էլ այդ խաչը կտանեն։ Երբ սկսեցինք՝ գրեթե ոչինչ չունեինք․ չկային սերտիֆիկացված սահուղիներ, միջազգային վարկանիշային մրցաշարեր, գույք, հանդերձանք։ Բայց այսօր Հայաստանը անցկացնում է միջազգային վարկանիշային մրցաշարեր, մեր դահուկորդները հանդես են գալիս ամենաժամանակակից և լավագույն հանդերձանքով, ունենք բազմաթիվ գրանցված սահուղիներ և բարձր արդյունքներ միջազգային ասպարեզում»,- ընդգծել է նա։

Գագիկ Սարգսյանը տեղեկացրել է նաև, որ այս պահին որոշել է իր մասնագիտական կարողություններն ու գիտելիքները ներդնել մեկ այլ երկրում։

«Եթե երբևէ Հայաստանում լինի լիազոր պետական մարմնի ներկայացուցիչ, որն իսկապես սեր և իրական ցանկություն կունենա սպորտի, մասնավորապես՝ դահուկային մարզաձևերի զարգացման նկատմամբ, ես միանշանակ կանգնած կլինեմ այդ մարդկանց կողքին՝ հանուն Հայաստանի դահուկային սպորտի զարգացման։ Այսօր՝ 2026 թվականի հունվարի 20-ին, դեռևս պետական ֆինանսավորումը չի բացվել, ֆեդերացիայի հետ պայմանագիր չի կնքվել, և մենք արդեն ձախողել ենք չորս միջոցառում, որոնցից մեկը միջազգային վարկանիշային վերջին մրցաշարն էր Լեհաստանում։ Այդ մրցաշարը հնարավորություն էր տալու մեր դահուկավազորդներին բարելավել իրենց վարկանիշային միավորներն ու ամրապնդել քվոտաները, սակայն դա, ցավոք, տեղի չունեցավ։

Տարիներ շարունակ Հայաստանի առաջնությունները անցկացվել են պարտքով, և նույն իրավիճակն այսօր էլ է շարունակվում։ Մեկ-երկու օրից նախատեսված էր Հայաստանի դահուկավազքի մեծահասակների առաջնությունը, որին պետք է հաջորդեր պատանիներինը։ Պատանիների առաջնությունն արդեն մեկ անգամ հետաձգվել է անորոշ ժամանակով, իսկ մեծահասակների առաջնության ճակատագիրն այս պահին անհայտ է։ Միջազգային ֆեդերացիայի տեխնիկական պատվիրակները նամակներ են ուղարկում՝ հարցնելով՝ առաջնությունը տեղի ունենալո՞ւ է, թե՞ ոչ, սակայն մենք մինչ օրս չենք կարողանում պատասխանել, քանի որ դեռ տեղեկություն չունենք պետական ֆինանսավորման մասին։

Այս պայմաններում այլևս իմաստ չունի շարունակել այն գործունեությունը, որը սկսվել է 21 տարի առաջ և որը, ցավոք, կամ գուցե որոշ մարդկանց համար բարեբախտաբար, ավարտվում է հենց հիմա»,- եզրափակել է Գագիկ Սարգսյանը։

Նախորդ հոդվածը
Նոան ԱՄԷ-ի հավաքի ընթացքում 5 ստուգողական խաղ կանցկացնի. հայտնի են մրցակիցները
Հաջորդ հոդվածը
Ինտերը պարտվեց Արսենալին․ Մխիթարյանը խաղաժամանակ չստացավ

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։