Պետության կողմից սպորտին աջակցությունը երբեք ավելին չի եղել. ԿԳՄՍ նախարար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է պետության կողմից ձմեռային մարզաձևերի, մասնավորապես՝ դահուկային սպորտի զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքներին:
«Տարօրինակ է, որ սպորտին աջակցության, ավելի ճիշտ դրա բացակայության մասին խոսքեր են հնչում այն պարագայում, երբ սպորտի ոլորտի ֆինանսավորումն անգամներով աճել է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով առանձին ուղղություններով ֆինանսավորումը:
Նրա խոսքով՝ 2017 թվականին մասսայական սպորտին հատկացվել է 207 մլն դրամ, իսկ այս տարի՝ 5.5 միլիարդ դրամ: Բարձր նվաճումների սպորտի ուղղությամբ նույնպես էական աճ կա. եթե 2017-ին բարձր նվաճումների սպորտին հատկացվել էր շուրջ 1.4 միլիարդ դրամ, ապա այժմ այն 6.9 միլիարդ դրամ է կազմում։ Նախարարն ընդգծել է՝ սպորտի զարգացման պետական քաղաքանության անբաժանելի մասն են նաև ձմեռային մարզաձևերը ու ներկայացրել 2025 թվականին այս ուղղությամբ կատարված աշխատանքները: Նա տեղեկացրել է՝ ավելի քան 10 տարվա ընդմիջումից հետո Ջերմուկում կայացել են Համահայկական ձմեռային խաղերը, նախորդ տարվա ապրիլին անցկացվել է Տափողակով հոկեյի աշխարհի D դիվիզիոնի առաջնությունը, ձմեռային մարզաձևերի ֆեդերացիաները ստացել են սահմանված ֆինանսական աջակցությունը: Դահուկային սպորտի ֆեդերացիային նաև հավելյալ աջակցություն է տրամադրվել մասնավորի հետ համագործակցությամբ:
«Պետության կողմից ապորտին աջակցությունը երբեք ավելին չի եղել: Այս տարի Դահուկային սպորտի ֆեդերացիայի ֆինանսավորումն աճել է շուրջ 18%-ով։ Ըստ այդմ, այս խոսակցություններն ուղղակի տեղին չեն և չեն համապատասխանում իրականությանը։ Բացի այդ, այս տարի հավելյալ ֆինանսավորում ենք տրամադրում ձմեռային մարզաձևերի ևս մեկ՝ Դահուկային լեռնագնացության ֆեդերացիային։ Ձմեռային մարզաձևերի զարգացումը մեր օրակարգում է որպես առաջնահերթ ու կարևոր խնդիր: Անկասկած, սպորտը երբեք չի ունեցել այսչափ պետական հոգածություն»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը: