BazaResidence
Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)| Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դորտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին|
Ավելի քան 40 երկրի շուրջ 400 մարզիկ և մարզիչ. քննարկվել են հրաձգության ԵԱ-ի մանրամասները
06 Փետրվար 2026

Ավելի քան 40 երկրի շուրջ 400 մարզիկ և մարզիչ. քննարկվել են հրաձգության ԵԱ-ի մանրամասները

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել 2026 թվականին Հայաստանում նախատեսված խոշոր միջազգային մարզական մրցաշարերի կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը. քննարկվել են հրաձգության Եվրոպայի առաջնության կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հիմնական հարցերը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:

Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը, ինչպես նաև պետական և մարզական մի շարք կառույցների ներկայացուցիչներ։

Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը կանցկացվի փետրվարի 27-ից մարտի 5-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Արդեն իսկ մրցաշարին մասնակցության հայտ են ներկայացրել ավելի քան 40 երկրի շուրջ 400 մարզիկ և մարզիչ։ Վերջնական հայտացուցակը կհաստատվի առաջիկա օրերին։ Առաջնության շրջանակում կխաղարկվի մեդալների 70 հավաքածու։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ թեև Կառավարությունը վերջին տարիներին կուտակել է միջազգային խոշոր մարզական մրցաշարերի կազմակերպման զգալի փորձ, այդուհանդերձ, անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել հրաձգություն մարզաձևի առանձնահատկություններին։ Նախարարը կարևորել է բոլոր ներգրավված կառույցների համատեղ և համակարգված աշխատանքը մրցաշարի անխափան ընթացքի և անվտանգային հարցերի ապահովման նպատակով։

Նիստի ընթացքում քննարկվել են առաջնության անցկացման համար մարզագույքի ներկրմանը, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համապատասխան կահավորմանը և անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմանը վերաբերող հարցերը։ Անդրադարձ է կատարվել նաև առաջնության տարբերանշանի ընտրությանը, կամավորների ներգրավմանը, քաղաքի կենտրոնական հատվածներում երկրպագուների համար ֆան-գոտիների ստեղծմանը, հետհաշվարկի ժամացույցի տեղադրմանը, մրցումների հեռարձակման ապահովմանը, ինչպես նաև տոմսերի վաճառքի կազմակերպմանը։

Ամփոփելով նիստը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր կառույցներին արդյունավետ և համագործակցային աշխատանքի համար՝ ընդգծելով, որ նման մասշտաբային մրցաշարերի հաջող կազմակերպման հարցում միջգերատեսչական համատեղ ջանքերի ներդրումն ու ժամկետների պահպանումը կարևոր են։

Միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված են Ներքին գործերի և Առողջապահության նախարարությունների, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, Հանրային հեռուստաընկերության, ինչպես նաև մի շարք այլ կառույցների ներկայացուցիչներ։

Նախորդ հոդվածը
Այսօր տեղի կունենա ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը. մանրամասներ
Հաջորդ հոդվածը
Երևանում ֆուտզալի դպրոց կկառուցվի՝ 2500-2700 հանդիսատեսի համար նախատեսված խաղադաշտով

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։