Հավաքականը պատրաստ է մեդալների պայքարին․ Սեյրան Նիկողոսյանը՝ Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության մասին
«Դեռ 2004 թվականին որոշում կար հրաձգության Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելու վերաբերյալ, բայց տարբեր պատճառներով չկայացավ։ Հիմա ֆինանսավորումը կա, պետությունն աջակցում է, ֆեդերացիան էլ ակտիվորեն ներգրավված է կազմակերպչական աշխատանքներում. անկասկած՝ մրցաշարը կանցկացվի ամենաբարձր մակարդակով»։
Այս մասին Sportmedia.am-ի հետ զրույցում ասել է հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը՝ անդրադառնալով Երևանում փետրվարի 27-ից մարտի 5-ը կայանալիք սպորտային հրաձգության Եվրոպայի առաջնությանը: Մրցաշարին ավելի քան 40 երկրի շուրջ 400 մարզիկ և մարզիչ կմասնակցեն։
Հայաստանի հավաքականը մեծահասակների, երիտասարդների և պատանիների մրցումներում շուրջ 27 ներկայացոցիչ կունենա:
«Թիմի կազմը հիմնականում որոշված է՝ նախորդ միջոցառումներից հետո: Անցկացրել ենք երիտասարդների առաջնություն, որին մեծահասակները ևս մասնակցել են, բայց՝ հաշվարկից դուրս։ Վերջնական կազմը որոշվում է նաև ստուգարքների արդյունքներով։ Հանդես ենք գալու օդամղիչ հրացան և օդամղիչ ատրճանակ մրցաձևերում: Մեծահասակների օղամղիչ հրացան մրցաձևի տղաների պայքարում երեք ներկայացուցիչ կունենանք, իսկ ատրճանակ մրցաձևում՝ երեք տղա և մեկ աղջիկ: Հրացան ձևում աղջիկ մասնակից չենք ունենա: Բացի այդ, մասնակցում ենք նաև շարժական թիրախ ձևերում՝ աղջիկներ, տղաներ, երիտասարդներ և պատանիներ»,- ասում է Սեյրան Նիկողոսյանը։

Գլխավոր մարզիչը վստահ է՝ մեդալներ կլինեն. լավ թիմ է ձևավորվել. «Կազմը հաստատվել է մարզչական խորհրդի կողմից։ Հավաքականը լավն է։ Կփորձենք հնարավորինս լավ հանդես գալ։ Մեդալներ կլինեն, բայց քանակը հիմա դժվար է ասել, քանի որ մրցակցությունը շատ ուժեղ է։ Մոտավորապես 40 երկրից մասնակիցներ են լինելու։ Այդ պայմաններում վստահ եմ՝ վատ հանդես չենք գալու։ Թիմը թույլ չէ»։
Այդուհանդերձ, մարզչի գնահատմամբ՝ սեփական պատերը կարող են ինչպես օգնել, այնպես էլ խանգարել. «Ասում են՝ տան պատերն օգնում են, բայց երբեմն կարող են նաև խանգարել։ Մեր մարզաձևը հանգստություն և կենտրոնացում է պահանջում․ շատ աղմուկը կարող է խանգարել։ Սակայն ընդհանուր առմամբ տրամադրությունը լավ է, թիմը պատրաստ է, ամեն օր աշխատում ենք, լարվածություն չկա»։
Անդրադառնալով թիմի նախապատրաստությանը՝ Սեյրան Նիկողոսյանը նշում է՝ տարեսկզբին հրաձիգները Գերմանիայում մասնակցել են «H&N Cup» միջազգային մրցաշարին և բարձր արդյունքներ են ցույց տվել. ընդհանուր առմամբ մարզիկները լավ վիճակում են գտնվում։

Սեյրան Նիկողոսյանը վստահ է՝ Երևանում նախատեսված Եվրոպայի առաջնությունը կնպաստի նաև մեր երկրում հրաձգության զարգացմանը:
«Երկար տարիներ օգտագործված գույքը հնացել է։ Հիմա ձեռք է բերվում 24 նոր թիրախ՝ 10 մետր օդամղիչ զենքերի համար, նորագույն տեխնիկայով, ինչպես նաև երկու նոր շարժական թիրախ։ Բացի այդ, մեծ քանակությամբ փամփուշտներ են ձեռք բերվել, որոնք բավական երկար ժամանակ կօգտագործվեն: Այս ամենը լուրջ խթան է մարզաձևի զարգացման համար՝ թե՛ փորձի, թե՛ մարզագույքի ապահովման տեսանկյունից»:
Անդրադառնալով ենթակառուցվածքներին՝ Նիկողոսյանը ցավով նշում է, որ Հայաստանում այսօր գործում է հրաձգության միայն մեկ հիմնական մարզադպրոց՝ Երևանում․ Գյումրիում և Վանաձորում իրավիճակը նույնպես մտահոգիչ է։
«Ժամանակին միայն Երևանում մոտ 10 հրաձգարան կար, իսկ այսօր մնացել ենք մեկ մարզադպրոցի հույսին։ Այդ պայմաններում առաջընթաց ապահովելը շատ դժվար է։ Այնուամենայնիվ, մեր մարզիկները բարձր արդյունքներով ապացուցում են, որ ենթակառուցվածքները միշտ չէ, որ ամենավճռորոշ գործոնն են։ Հուսով եմ՝ Եվրոպայի առաջնությունից հետո կսկսվեն նաև ենթակառուցվածքների զարգացման աշխատանքներ, ինչը կօգնի մարզաձևը դարձնել ավելի մասսայական ու տեսանելի»,- ասում է Սեյրան Նիկողոսյանն ու հիշատակում օրերս Եվրոպայի Մ16 և Մ8 տարեկանների Եվրոպայի առաջնությունից մեդալներով վերադարձած մարզիկներին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ է նվաճել Բուլղարիայի Բուրգաս քաղաքում անցկացված մինչև 16 և 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

Մ16 տարեկանների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել էր Դավիթ Խաչատրյանը: 10 մ օդամղիչ հրացան մրցաձևում նա ոսկե մեդալ էր նվաճել 414,7 միավոր արդյունքով: Այս տարիքային խմբում հայ մարզիկը գերազանցել էր նաև Եվրոպայի ռեկորդը:
10մ օդամղիչ ատրճանակ, մինչև 18 տարեկան տղաների պայքարում Հայկ Սարգսյանը 382 միավոր արդյունքով նվաճել է արծաթե մեդալ։ Չեմպիոնի կոչմանն արժանացած իտալացի Քուարտա Լորիսին Հայկ Սարգսյանը զիջել է ընդամենը 1 միավորով։
Մրցումային վերջին օրը 10 մ օդամղիչ ատրճանակ, մինչև 18 տարեկան տղաների տրիո մրցաձևում Հայաստանի հավաքականի անդամներ Արմեն Գևորգյանը, Հայկ Սարգսյանը և Արտակ Ամիրյանը 880,2 միավորով զբաղեցրել են երրորդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի։