Յամալը շատ խելացի է ու փորձառու, բայց պետք չէ ձևացնել, որ 18 տարեկանում ֆուտբոլիստն ամեն ինչ գիտի․ Դեկու
«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն խոսել է ակումբի վինգեր Լամին Յամալի մասին։
«Կարծում եմ՝ Լամինը առավելություն ունի․ նա շատ խելացի է, մեծ փորձ ունի, իր կյանքում շատ բան է սովորել։ Նա շատ արագ է յուրացնում ամեն ինչ։ Անկասկած, անցած մրցաշրջանում ստացած փորձը հիմա օգնում է նրան հասունանալ իր աշխարհում և իր պայմաններում։ Կարծում ենք, որ հրաշալի է, երբ ֆուտբոլիստը՝ անկախ տարիքից՝ 18, 17, 25 կամ 27, ամեն օր 100 տոկոսով նվիրվում է ակումբին, մարզումներին, իր աշխատանքին, ընդունում և կատարում է այն, ինչ իրեն բացատրում են։
Վերջիվերջո Լամինը, Ռաֆինյան, Ռեշֆորդը կամ Բեռնալը մեր ակումբի ֆուտբոլիստներն են։ Մենք բոլորին վերաբերվում ենք հավասար՝ նույնիսկ եթե յուրաքանչյուրն ունի իր աշխարհը և իր առանձնահատկությունները։ Ոմանք ամուսնացած են, ոմանք երեխաներ ունեն, ոմանք՝ ոչ... Յուրաքանչյուրն ունի իր իրականությունը։ Մենք ուրախանում ենք՝ տեսնելով, որ խաղացողները զարգանում են ոչ միայն մարզական առումով, ինչը երևում է խաղադաշտում, այլև անձնական առումով։ Այդպես մենք տեսնում ենք ներգրավված, գոհ ու երջանիկ ֆուտբոլիստի, որը հասկանում է՝ ինչ են իրեն բացատրում, և դա կիրառում է։
Բայց չենք կարող նաև ձևացնել, թե 18 տարեկանում խաղացողները ամեն ինչ գիտեն։ Մեր աշխատանքն է՝ ուղեկցել և օգնել նրանց որոշ հարցերում»,-ասել է Դեկուն։