Նոայի հաղթանակը, Համբարձումյանի տպավորիչ ցուցանիշը. Նոա - ԱԶ Ալկմար հանդիպումը՝ 10 փաստով
«Նոան» Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում սեփական դաշտում
նվազագույն հաշվով պարտության մատնեց Նիդերլանդների «ԱԶ Ալկմարին»:
Sportmedia-ն հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1. «Նոան» պատմական նվաճման հասավ՝ եվրագավաթների մասնակից հայկական ակումբներից առաջինը հանդես գալով Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում և նորամուտը նշելով հաղթանակով:
2. Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում «Նոան» 15-րդ խաղն անցկացրեց՝ տոնելով 6-րդ հաղթանակը: Հայաստանի չեմպիոնը 5 խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 4 պարտություն, խփել է 22 գոլ, բաց է թողել 19 գնդակ:
3. «Նոան» եվրագավաթներում 32-րդ խաղն ավարտեց 13-րդ հաղթանակով: Հայաստանի չեմպիոնը 7 խաղ ավարտել է ոչ-ոքի, 12-ում պարտվել է, խփել է 48 գոլ, բաց է թողել 50 գնդակ:

4. «Նոան» 3-րդ անգամ մասնակցելով Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարին, հոբելյանական՝ 25-րդ խաղն անցկացրեց: Այդ հանդիպումներում հայկական ակումբը 12 հաղթանակ է տոնել, 4 խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 9 պարտություն, խփել է 39 գոլ, բաց է թողել 37 գնդակ: «Նոայի» արդյունքը լավագույնն է այդ մրցաշարին մասնակցած հայկական ակումբների մեջ:
5. Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարին մասնակցած հայկական 6 ակումբները միասին ընդհանուր առմամբ 89 խաղ են անցկացրել՝ տոնելով 33 հաղթանակ, 16 հանդիպում ավարտելով ոչ-ոքի, կրելով 40 պարտություն: Հայկական թիմերը խփել են 126 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 142 գնդակ:
6. «Նոան» եվրագավաթների մրցաշարերում առաջին անգամ մրցեց նիդերլանդական թիմի հետ: Մինչև այդ 2009/10թթ. Եվրոպա լիգայի մրցաշարում «Գանձասար-Կապանն» էր մրցավեճի բռնվել նիդերլանդական «ՆԱԿ Բրեդայի» հետ՝ երկու հանդիպումներում 8 անպատասխան գնդակ ընդունելով սեփական դարպասը (0-6, 0-2):

7. Սանդրո Պերկովիչի գլխավորությամբ «Նոան» եվրագավաթների մրցաշարերում 6-րդ հաղթանակը տոնեց: Այդ ցուցանիշով Պերկովիչը հավասարվեց թիմի մարզիչներից ռեկորդակիր Ռուի Մոտային, որի օրոք Հայաստանի չեմպիոնը 6 հաղթանակ էր տարել անցկացրած 14 հանդիպումներում:
8. Հովհաննես Համբարձումյանը բացեց գոլերի հաշիվը «Նոայում» եվրագավաթների մրցաշարերում:
Ֆուտբոլային կարիերայում նա եվրագավաթներում իր 2-րդ գոլը խփեց: Համբարձումյանը եվրագավաթներում իր գոլերի հաշիվը բացել էր հյուսիսմակեդոնական «Վարդարում»՝ 2016/17թթ. Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում գրավելով Զագրեբի «Դինամոյի» դարպասը:
Հովհաննես Համբարձումյանը դարձավ եվրագավաթներում «Նոայում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը՝ «ԱԶ Ալկմարի» դարպասը գրավելով 35 տարեկան 138 օրականում: Նա գերազանցեց Օգնյեն Չանչարևիչի ռեկորդային ցուցանիշը, որը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլում հունական ԱԵԿ-ի դարպասը գրավել էր 34 տարեկան 316 օրականում:

«Նոայի» ավագը դարձավ հայկական ակումբների խաղացողներից եվրագավաթներում գոլ խփած 2-րդ ամենատարեց ֆուտբոլիստը: Ռեկորդակիրը «Միկայի» նախկին հարձակվող Սամվել Նիկոլյանն է, որը 2000թ. ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարում ռումինական «Ռապիդի» հետ խաղում գոլի հեղինակ էր դարձել 35 տարեկան 348 օրականում:
9. Ալեքսեյ Պլոշադնին եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում առաջին անգամ պաշտպանեց «Նոայի» դարպասը: Նա թիմի կազմում եվրագավաթներում 5-րդ խաղն անցկացրեց՝ 3-րդ անգամ դարպասը պահելով անառիկ:
10. Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում Սանդրո Պերկովիչը խաղադաշտ է դուրս բերել 26 ֆուտբոլիստների, որոնցից Սերգեյ Մուրադյանը, Հելդեր Ֆեռեյրան, Մաթեուս Այասը և Յան Էտեկին մասնակցել են բոլոր 15 հանդիպումներին:
Հելդեր Ֆեռեյրան և Մաթեուս Այասը եվրագավաթներում «Նոայի» կազմում անցկացրած 29-ական խաղով թիմի ռեկորդակիրներն են:
Լուսանկարները՝ «Նոա» ՖԱ-ի