Նախկին գործակալը կդառնա ԱԶ Ալկմարի տնօրենը. նա արդեն ընտրել է հաջորդ մարզչին
«ԱԶ Ալկմարը» մտադիր է այս շաբաթ ներկայացնել Նիլս վան Դյունենին որպես Մաքս Հյուբերտսին փոխարինող տեխնիկական տնօրենի պաշտոնում: «Էքսելսիորի» ներկայիս տեխնիկական տնօրենն ի սկզբանե համարվում էր առաջիկա ամռանը թափուր մնացող պաշտոնի գլխավոր հավակնորդը, հայտնում է telegraaf.nl-ը:
«Ալկմարի» ու Վան Դյունենի միջև տեղի ունեցած արդյունավետ բանակցություններից հետո կողմերը մոտ են վերջնական համաձայնությանը:
Նիլս վան Դյունենը 2022 թվականից զբաղեցնում է «Էքսելսիորի» տեխնիկական տնօրենի պաշտոնը, իսկ նախկինում աշխատել է որպես ֆուտբոլային գործակալ: Նա «Էքսելսիորի» հարձակվող Մայկ վան Դյունենի եղբայրն է: «ԱԶ»-ից հեռացող տնօրեն Հյուբերտսն անձամբ է խորհուրդ տվել Վան Դյունենի թեկնածությունը:
Հյուբերտսը հեռանում է տասը տարի աշխատելուց հետո: Նա նախկինում եղել է ակումբի սկաուտը, գլխավոր սկաուտը և տեխնիկական համակարգողը, ինչպես նաև հանդես է եկել թիմի կազմում որպես ֆուտբոլիստ: Այդ տասը տարիների ընթացքում նա իրականացրել է ավելի քան 300 միլիոն եվրոյի տրանսֆերային վաճառքներ:
Վան Դյունենի առաջին խնդիրը կլինի նոր գլխավոր մարզչի նշանակումը: Մարտեն Մարտենսի պաշտոնանկությունից հետո «ԱԶ»-ն այժմ գլխավորում է ժամանակավոր մարզիչ Լերոյ Էխտելդը: Ալկմարյան ակումբի թափուր հաստիքի գլխավոր թեկնածուն Անտոնի Կորեյան է: Երիտասարդ մասնագետն այս և նախորդ մրցաշրջաններում մեծ տպավորություն է թողել «Տելստարում» իր աշխատանքով: Սպասվում է, որ կողմերը մոտ ժամանակներս համաձայնության կգան, ինչը թույլ կտա ակումբին արագորեն համալրել երկու առանցքային պաշտոնները:
Ընթացիկ մրցաշրջանում «ԱԶ Ալկմարը» Նիդերլանդների առաջնությունում զբաղեցնում է 5-րդ տեղը, իսկ Կոնֆերենցիաների լիգայում հասել է 1/16 եզրափակիչ (անցումային փուլ), որի առաջին խաղում պարտվել է «Նոային» (0:1): Պատասխան մրցավեճը կկայանա փետրվարի 26-ին: