BazaResidence
Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն| Ուրարտու-Գանձասար․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Նոան հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)| Ռանոսի ու Մկրտչյանի թիմերը հաղթողին չպարզեցին| Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Մադրիդի մրցաշարում|
Նոան ավարտեց ելույթները եվրագավաթներում. ԱԶ Ալկմար - Նոա հանդիպումը՝ 10 փաստով
27 Փետրվար 2026

Նոան ավարտեց ելույթները եվրագավաթներում. ԱԶ Ալկմար - Նոա հանդիպումը՝ 10 փաստով

Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում հյուրընկալվելիս 0-4 հաշվով պարտվեց Նիդերլանդների «ԱԶ Ալկմարին» ու դուրս մնաց հետագա պայքարից:

Sportmedia-ն հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. «Նոան» ավարտեց ելույթները Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկությունում՝ հասնելով մինչև անցումային փլեյ-օֆֆ: Այս ցուցանիշը լավագույնն է եվրագավաթներին մասնակցած հայկական ակումբների մեջ:

2. Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում «Նոան» ընդհանուր առմամբ 16 խաղ անցկացրեց, որից 4-ը՝ Չեմպիոնների լիգայի, 2-ը՝ Եվրոպա լիգայի, 10-ը՝ Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարերում: Այդ հանդիպումներում Հայաստանի չեմպիոնը 6 հաղթանակ տարավ, 5 խաղ ավարտեց ոչ-ոքի, կրեց նույնքան պարտություն, խփեց 22 գոլ, բաց թողեց 23 գնդակ:

3. «Նոան» եվրագավաթներում 33-րդ խաղն ավարտեց 13-րդ պարտությամբ: Հայաստանի չեմպիոնը 13 հաղթանակ է տարել, 7 խաղ ավարտել է ոչ-ոքի, խփել է 48 գոլ, բաց է թողել 54 գնդակ:

4. Մրցակցի դաշտում «Նոան» 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ կրկին չգտնելով դարպասի բանալին: Հյուրընկալվելիս անցկացրած վերջին 4 հանդիպումներում Հայաստանի չեմպիոնին չի հաջողվել հաղթանակ տոնել՝ կրելով 2 պարտություն, նույնքան խաղ ավարտելով ոչ-ոքի: Այդ խաղերում «Նոան» ընդամենը 2 գոլ է խփել, սեփական դարպասը բաց է թողել 8 գնդակ: Վերջին հաղթանակը հյուրընկալվելիս «Նոան» տարել է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում Սլովենիայի «Օլիմպիայի» նկատմամբ՝ 4-1:

5. Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում «Նոան» խոշոր հաշվով առաջին պարտությունը կրեց՝ երկրորդ անգամ մեկ խաղում բաց թողնելով 4 գնդակ: Առաջին անգամ դա տեղի էր ունեցել Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում, որում Հայաստանի չեմպիոնը 3-4 հաշվով զիջել էր հունգարական «Ֆերենցվարոշին»: «Նոան» եվրագավաթներում խոշոր հաշվով 4-րդ պարտությունը կրեց: Ամենախոշոր հաշիվը գրանցվել էր Կոնֆերենցիաների լիգայի նախորդ խաղարկությունում անգլիական «Չելսիի» հետ մրցավեճում՝ 0-8:

6. Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում հայկական 4 ակումբները միասին ընդհանուր առմամբ 26 խաղ անցկացրին՝ տոնելով 9 հաղթանակ, 6 հանդիպում ավարտելով ոչ-ոքի, կրելով 11 պարտություն: Հայկական թիմերը խփեցին 35 գոլ, սեփական դարպասը բաց թողեցին 41 գնդակ:

7. «Նոային» էլ չհաջողվեց եվրագավաթների մրցաշարերում հաղթահարել նիդերլանդական թիմի արգելքը: Հիշեցնենք, որ 2009/10թթ. Եվրոպա լիգայի մրցաշարում «Գանձասար-Կապանն» էլ անհաջողության էր մատնվել նիդերլանդական «ՆԱԿ Բրեդայի» հետ դիմակայությունում՝ երկու հանդիպումներում 8 անպատասխան գնդակ ընդունելով սեփական դարպասը (0-6, 0-2):

8. Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում «Նոայի» խփած 22 գոլերի հեղինակներ դարձան թիմի 9 ֆուտբոլիստներ, մեկ գնդակ էլ սեփական դարպասը խփեց «Ֆերենցվարոշի» ֆուտբոլիստ Ստեֆան Գարտենմանը: Առավել արդյունավետ գործեցին Ուլադ Օմարն ու Նարդին Մուլահուսեյնովիչը՝ դառնալով 5-ական գոլի հեղինակ: Ընդ որում վերջինս 5 խաղ անընդմեջ դաշտից չհեռացավ առանց գոլի, ինչը յուրօրինակ ռեկորդ է եվրագավաթների մասնակից հայկական ակումբների ֆուտբոլիստների մեջ: 3 գոլ խփեց Մաթեուս Այասը, 2-ական անգամ աչքի ընկան Հելդեր Ֆեռեյրան և Ալեն Գրգիչը, մեկական անգամ էլ մրցակցի դարպասը գրավեցին Յան Էտեկին, Մարին Յակոլիշը, Հովհաննես Հարությունյանն ու Հովհաննես Համբարձումյանը:

9. Հելդեր Ֆեռեյրան և Մաթեուս Այասը եվրագավաթներում հոբելյանական՝ 30-րդ խաղն անցկացրին: Նրանք եվրագավաթներում «Նոայի» ռեկորդակիրներն են:

10. Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում Սանդրո Պերկովիչը խաղադաշտ է դուրս բերել 26 ֆուտբոլիստների, որոնցից Սերգեյ Մուրադյանը, Հելդեր Ֆեռեյրան, Մաթեուս Այասը և Յան Էտեկին մասնակցել են բոլոր 16 հանդիպումներին

Նախորդ հոդվածը
Մեսսիի գոլը հաղթանակ է պարգևել Ինտեր Մայամիին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Չեմպիոնների լիգա․ Վիճակահանության արդյունքները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։