Ֆաբրիցիո Ռոմանոն կիսվել է ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Մայքլ Քերիքի ապագայի վերաբերյալ նորություններով
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Մայքլ Քերիքի ապագայի վերաբերյալ նորություններով։
«Կարող եմ ասել, որ օրեցօր Քերիքի շուրջ մթնոլորտը դառնում է ավելի դրական։ Սա չի նշանակում, որ արդեն վերջնական որոշում է կայացվել «Մանչեսթեր Յունայթեդի» մշտական գլխավոր մարզչի հարցում 2026 թվականի ամռան համար։ Դեռ բավական ժամանակ կա, և վաղ է վերջնական եզրակացություններ անել։
Բայց «Մանչեսթեր Յունայթեդում» — և երբ ասում եմ «Մանչեսթեր Յունայթեդ», նկատի ունեմ սեփականատերերին, համասեփականատերերին, ղեկավարությանը և հենց թիմին — հանդերձարանում մթնոլորտը գերազանց է։ Ֆուտբոլիստները շատ գոհ են Մայքլ Քերիքից։ Ակումբում զգում են, որ Քերիքն ունի իրական շանսեր՝ մնալու որպես մշտական գլխավոր մարզիչ», — նշել է Ռոմանոն իր փոդքասթում։
Նրա խոսքերով՝ սկզբնական պլանը այն էր, որ ակումբը Քերիքին հնարավորություն տա դրսևորելու իրեն՝ միաժամանակ դիտարկելով այլ թեկնածուների։ Սակայն արդյունավետ աշխատանքի և հաղթանակների շնորհիվ մարզիչը ամրապնդում է իր դիրքերը ակումբի ներսում։
«Կրկնում եմ՝ որոշումը դեռ չի ընդունվել։ Սա պարզապես ակումբի ներսում ձևավորվող զգացողություն է, որը ուժեղանում է յուրաքանչյուր շաբաթ։ Բայց այժմ Քերիքն ունի իր հնարավորությունը։ Կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Եվ, իհարկե, շնորհավորանքներ Մայքլ Քերիքին», — հավելել է լրագրողը։
Քերիքի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է յոթ խաղից վեցում: