Նեյմարի խոհարարը դատի է տվել ֆուտբոլիստին և պահանջում է 43 հազար եվրո
«Սանտոսի» հարձակվող Նեյմարի խոհարարը դատական հայց է ներկայացրել ֆուտբոլիստի դեմ։ Իր հայցադիմումում կինը հայտնել է, որ Ռիո դե Ժանեյրո նահանգի Մանգարատիբա քաղաքում գտնվող Նեյմարի առանձնատանն աշխատել է օրական մինչև 16 ժամ, ինչը չի համապատասխանել պայմանագրի դրույթներին:
Ըստ ֆուտբոլիստի և խոհարարի միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ նա պետք է սնունդ պատրաստեր երկուշաբթիից հինգշաբթի՝ ժամը 07:00-ից 17:00-ն, իսկ ուրբաթ օրերին՝ 07:00-ից 16:00-ն: Սակայն, ըստ հայցի, գրաֆիկը երբեք չի պահպանվել. նա պարբերաբար ստիպված է եղել մնալ հավելյալ աշխատաժամանակի՝ օրական աշխատելով միջինում ավելի քան 14 ժամ:
Կինը պնդում է, որ երբեմն իր աշխատանքային օրը տևել է մինչև ժամը 23:00-ն կամ նույնիսկ կեսգիշեր, իսկ երբեմն ստիպված է եղել պատրաստել մինչև 150 հոգու համար։
«Բացի չափազանց մեծ ծանրաբեռնվածությունից, հայցվորն ի սկզբանե կատարել է աշխատանք, որը պահանջել է ինտենսիվ ֆիզիկական ջանքեր. մշտապես տեղափոխել է մոտ 10 կիլոգրամ կշռող մսի կտորներ, զբաղվել է սառնարանների հսկողությամբ, ինչպես նաև բեռնել ու բեռնաթափել է սուպերմարկետից կատարված գնումները, այդ թվում՝ մեծ քանակությամբ ծանր տոպրակներ՝ ամբողջ հերթափոխի ընթացքում երկար ժամեր անցկացնելով ոտքի վրա», — նշված է դատարան ուղարկված փաստաթղթում:
Խոհարարի խոսքով՝ նման աշխատանքը հանգեցրել է ողնաշարի հետ կապված խնդիրների և կոնքազդրային հոդի բորբոքման:
Թեև պաշտոնական աշխատավարձը կազմել է մոտ 4 հազար ռեալ (շուրջ 650 եվրո), կինը պնդում է, որ հավելավճարների և արտաժամյա աշխատանքի հաշվին ամսական ստացել է միջինը 7,5 հազար ռեալ (մոտ 1225 եվրո): Հայցի համաձայն՝ չնայած նա վարձվել էր միայն աշխատանքային օրերի համար, ստիպված է եղել աշխատել նաև հանգստյան օրերին, հատկապես՝ կիրակի:
«Հայցվորը հերթափոխի ընթացքում կանոնավոր ընդմիջումից չի օգտվել: Պատասխանողը հայցվորին պարտադրել է նշել ընդմիջման ժամերը, թեև նա այդ ընթացքում շարունակել է աշխատել», — ասված է փաստաբանների հայտարարության մեջ:
Ընդհանուր առմամբ, խոհարարը պահանջում է, որ Նեյմարը և կապալառու կազմակերպությունը իրեն վճարեն 262 հազար ռեալ (գրեթե 43 հազար եվրո): Այս գումարը ներառում է աշխատանքից արձակման գումարը, տուգանքները, արտաժամյա աշխատանքի և բաց թողնված ընդմիջումների վճարը, բարոյական վնասի, առողջությանը հասցված վնասի փոխհատուցումը, ինչպես նաև բժշկական ծախսերը: