Վրաստանում հաղթանակից բացի որևէ այլ տարբերակ չի քննարկվում․ Վրացի լրագրողը՝ Հայաստանի հետ կայանալիք խաղերի մասին
Ազգերի լիգայի B դիվիզոնի համար անցումային խաղերում Հայաստանի հավաքականը մրցելու է Վրաստանի հավաքականի հետ։
Դիմակայության առաջին խաղն անցկացվելու է Երևանում՝ մարտի 20-ին 21։00-ին, պատասխան խաղը՝ Վրաստանում՝ 3 օր անց 18։00-ին։ Կովկասյան դերբիից առաջ Sportmedia.am-ը զրուցել է Վրաստանի Սպորտային լրագրողների միության փոխնախագահ Միխայիլ Աբաիշվիլիի հետ, որի հետ խոսել ենք սկզբունքային դիմակայության, թիմերի խնդիրների, երկրպագուների, 2 երկրներում ակումբային ֆուտբոլի և այլ թեմաների մասին։
SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ, ԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄ, ԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ
- Վրաստան - Հայաստան խաղի տոմսերը սպառվեցին ժամերի ընթացքում։ Որքանո՞վ է այս խաղն առանձնահատուկ վրացիների համար։
-Այն բանից հետո, երբ Վրաստանի հավաքականը նախորդ տարի կարողացավ դուրս գալ ԵՎՐՈ 2024-ի եզրափակիչ փուլ, Վրաստանում իրական ֆուտբոլային բում եղավ։ Նախորդ տարի Հունաստանի հավաքականի դեմ անցկացրած խաղում նույն պատկերն էր։ Բորիս Պաիճաձեի անվան մարզադաշտը տեղավորում է 54000 հանդիսական, բայց այդ խաղին ներկա գտնվողների ցանկությունը 300․000-ից ավելի էր։ Քանի որ մեզ մոտ չենք կարող կառուցել «Մարականա», ինչքան էլ մարզադաշտը շատ հանդիսական տեղավորի, միշտ խաղին ներկա գտնվել ցանկացողներն ավելի շատ են։ Նշեմ, որ ԵՎՐՈ 2024-ի եզրափակիչ փուլում, Գերմանիայում, Վրաստանից շուրջ 30000 երկրպագու էր գնացել ու մեր հավաքականի յուրաքանչյուր խաղին 20-30000 հանդիսական էր ներկա։ Վրաստանում հանդիպմանը մարզադաշտից հետևելու ցանկություն շատ-շատերն ունեն ու կա տոմսերի պակասուրդ և սա ինձ համար զարմանալու չէ։ Նույն պատկերն էր նաև նախորդ տարի Լյուքսեմբուրգի ու Հունաստանի դեմ խաղերում։ Եթե չլինեին տեխնիկական պատճառները, տոմսերը մի քանի րոպեում կվաճառվեին։ Շատ վրացի հանդիսականներ են մնացել առանց տոմսի, ընդ որում, թե՛ Թբիլիսիում, թե՛ Երևանում կայանալիք խաղերի համար։
-Ի՞նչ սպասելիքներ ունեն վրացի երկրպագուներն այս դիմակայությունից։
-Պարզ է, որ ԵՎՐՈ 2024-ում գրանցած հաջողություններից հետո, հաղթանակից բացի որևէ այլ արդյունք չի քննարկվում։ Բոլորը հիմնավորված հավատում են, որ Վրաստանի հավաքականը հաղթելու է այս 2 խաղերում ու մնա B դիվիզիոնում։

-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանի հավաքականն Ազգերի լիգայի միջոցով հայտնվեց ԵՎՐՈ-ում, հնարավո՞ր է, որ վրացիները դիտարկեն C դիվիզիոն իջնելու տարբերակը, թե՞ անպայման պետք է հաղթել սկզբունքային դիմակայությունում։
-Այո, մենք Ազգերի լիգայի միջոցով դուրս եկանք ԵՎՐՈ-ի եզրափակիչ փուլ, բայց հիմա իրավիճակն այլ է։ Նախ ՈՒԵՖԱ-ն է փոխում կանոնադրությունն ու այս ուղով մեծ մրցաշարի եզրափակիչ փուլում հայտնվելն էականորեն բարդանում է, դառնում է գրեթե անհնար։ Այդ ամենից զատ, թիմի աճի համար կարևոր է B դիվիզիոնում մնալը։ Մենք ունենք բավականին երիտասարդ ու հեռանկարային թիմ։ Ունենք ֆուտբոլիստներ, որոնք 16-18 տարեկան են, բայց արդեն խոսում են նրանց մասին։ Թբիլիսիի «Դինամոյի» սան Սաբա Խարեբաշվիլին ընդամենը 16 տարեկան է, բայց նրան հետևում ու նրա համար պայքարում են «Բարսելոնան», «Ռեալն» ու «Լիվերպուլը»։ Կան այլ անուններ ևս ու որպեսզի այս տղաները լավ փորձ ձեռք բերեն, նրանց անհրաժեշտ են ուժեղ մրցակիցներ, իսկ B դիվիզիոնում թիմերն անհամեմատ ավելի բարձր մակարդակ ունեն, քան C-ում։ Վրաստանում ոչ ոք չի մտածում այն մասին, որ C դիվիզիոնում հայտնվենք։ Հեղինակության, արդյունքի ու փորձի համար, թե՛ մասնագետները, թե՛ երկրպագուները նշում են, որ B դիվիզիոնում մնալն անհրաժեշտություն է մեզ համար։
SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ, ԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄ, ԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ
-Ինչպե՞ս կգնահատեք Վրաստանի հավաքականի ներկայիս վիճակը։
-Հավաքականի կորիզը կազմում են արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները։ Նրանք բոլորն ունեն խաղային փորձ, լավ մարզավիճակում են։ Մեզ համար շատ հետաքրքիր է դարձել Ֆրանսիայի առաջնությունը՝ Լիգա 1-ը։ Մեր հարձակման գծի եռյակը՝ Կվարացխելիան, Միկաուտաձեն ու Դավիթաշվիլին այնտեղ են հանդես գալիս, գոլեր են խփում, գոլային փոխանցումներ կատարում։ Նախորդ ամիս, օրինակ Խվիչայի գոլը ճանաչվեց լավագույնը, դրանից առաջ Միկաուտաձեինը, ավելի վաղ Դավիթաշվիլիինը, որը մի քանի ամիս առաջ հեթ-տրիկ գրանցեց։ Մեր մյուս լեգեոներներն էլ, ովքեր այլ երկրներում են հանդես գալիս, հաջող խաղեր են ցույց տալիս։ Կարևորն այն է, որ բոլորը խաղաժամանակ են ստանում ու խաղային փորձ ունեն։ Կարելի է ասել, որ թիմը ֆիզիկական լավ վիճակում է։

-Արդյո՞ք Վրաստանում հետևում ու խոսում են հայկական ֆուտբոլի մասին։
-Մենք շատ ծանոթ ենք հայկական ֆուտբոլին։ Հատկապես իմ սերնդակիցները` ովքեր հիշում են հայկական ֆուտբոլի ոսկե սերունդը, նախորդ դարի 70-ականները, երբ «Արարատը» ոսկե դուբլ գրանցեց։ Այնտեղ Իշտոյանն էր հանդես գալիս, Անդրեասյանը, Խորեն Հովհաննիսյանը, որը սովետական ֆուտբոլի մեծ աստղերից էր։ Երևանի «Արարատի» ու Թբիլիսիի «Դինամոյի» հանդիպումները պատմական էին։ Կապ չունի, թե այս թիմերը ինչ դիրք էին զբաղեցնում մրցաշարային աղյուսակում՝ կովկասյան դերբին միշտ դիտարժան էր։ Մենք երկրպագում էինք «Արարատին», հայկական ֆուտբոլին։
Շատ տխրեցի, երբ իմացա, որ պետք է հայերի դեմ խաղանք ու մեր թիմերից մեկը իջնելու է C դիվիզիոն։ Հայաստանի հավաքականը լավ արդյունքներ ունի, Դանիային են հաղթել 4։0 հաշվով։ Մխիթարյանը վերջին 10 տարում հետսովետական շրջանի լավագույն ֆուտբոլիստն է։ Շատ ուրախ եմ, որ նա մեծ ակումբներում է հանդես եկել ու կայուն խաղ ցույց տվել։ Նա իրական պրոֆեսիոնալ է, նրան հաջողություն եմ մաղթում։ Ցավոք, նրան չենք տեսնի Թբիլիսիում։ Ցավալի է, որ նման բարձրակարգ ֆուտբոլիստը, որն անպայման կօգներ Հայաստանի հավաքականին, ավարտել է միջազգային կարիերան։ Թե՛ մենք՝ վրացիներս, թե՛ դուք՝ հայերդ, չենք կարող մեզ նման շռայլություններ թույլ տալ, որ նման ֆուտբոլիստները չխաղան հավաքականում։
-Ի՞նչ նշանակություն կունենա այն հանգամանքը, որ Վրաստանի հավաքականը պատասխան հանդիպումը տանն է անցկացնելու։
-Ընդունված է ասել, որ երբ 2-րդ խաղը տանն ես անցկացնում` որոշակի առավելություն ունես։ Պատմությունն ու փորձը ցույց են տալիս, որ ինչ-որ առավելություն այդ առումով ունենալու ենք, բայց դա չի լինելու գլխավոր որոշիչ հանգամանքը։ Շատ դեպքեր էլ կարող ենք հիշել, երբ թիմը դուրս է եկել հաջորդ փուլ, 1-ին խաղը տանն անցկացնելով։ Այդ առավելությունը պետք է ցույց տալ խաղադաշտում։ Շատ բան կախված է լինելու երկրպագուներից՝ մեր 12-րդ խաղացողներից ու դա կարևոր է լինելու տանտերերի համար։
-Ի՞նչ կասեք Էդուարդ Սպերցյանի բացակայության մասին: Ինչպե՞ս դա կազդի դիմակայության ելքի վրա։
-Չնայած այն բանին, որ ռուսական ակումբները չեն մասնակցում միջազգային մրցաշարերին, ռուսական ֆուտբոլի ու «Կրասնոդարի» մակարդակը լավ գիտենք և խաղալ նման ակումբում խոսում է այն մասին, որ այդ ֆուտբոիստը բարձր մակարդակ ունի։ Սպերցյանի բացակայությունը մեր օգտին է, բայց մեզ մոտ էլ Կվարացխելիան է բացակայելու։ Թե ինչպես այս ամենը կանդրադառնա խաղի վրա կտեսնենք 2 շաբաթից։
SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ, ԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄ, ԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ
-Հայկական ակումբները վերջին տարիներին պարբերաբար խաղում են եվրագավաթային մրցաշարերի հիմնական փուլում, իսկ վրացական ոչ մի թիմի նախորդ 20 տարում չի հաջողվել նման արդյունքի հասնել։ Վրաստանում համեմատականներ անցկացվո՞ւմ են հայկական ակումբային ֆուտբոլի հետ։
-Բարդ հարց է։ Եթե անկեղծ վերջին անգամ վրացական ակումբը 2004 թվականին է դուրս եկել եվրագավաթների խմբային փուլ (Թբիլիսի «Դինամոն» դուրս է եկել Ուեֆայի գավաթի խմբային փուլ և ընդգրկվել D խմբում ու կրելով 4 պարտություն՝ լքել է պայքարը) այդ ամենից հետո 1 անգամ է եղել փլեյ-օֆֆում ու զիջել հունական ԱԵԿ-ին։ Իհարկե մեր ակումբային ֆուտբոլը, այն մակարդակին չէ, որին արժանի է, դա փաստ է։ Մենք ունենք պատմություն, ավանդույթներ։ Եթե ոչնչից էլ չխոսենք, պետք է հիշենք, որ Թբիլիսիի «Դինամոն» է հաղթել 1984-ին Գավաթակիրների գավաթում։ Ունեցել ենք խաղեր, որոնցում հաղթել ենք «Լիվերպուլին», «Նապոլիին», «Ռոմային», «Վեստ Հեմին», «Ֆեյենորդին»։ ԽՍՀՄ փլուզումից հետո ֆուտբոլը փոխվեց՝ հիմնական ավերվեց։ Հետագայում սկսեցին քիչ-քիչ վերականգնել, բայց ակումբային ֆուտբոլում այդպես էլ լուրջ գումարներ չներդրվեցին, որպեսզի հասնենք լուրջ արդյունքի։ Գիտեմ, որ Հայաստանում կան լավ ներդրողներ, «Արարատ-Արմենիան», «Փյունիկը», «Նոան» ունեն հարուստ սեփականատերեր, ովքեր չեն խնայում գումարներ ու մեծ բան են անում ակումբային ֆուտբոլի զարգացման համար, ինչից էլ բխում են արդյունքները, լավ կադրեր են ի հայտ գալիս հավաքականի համար։ Վրաստանի ակումբային ֆուտբոլում նորություններ չկան։ Հույս էլ չունեմ, որ այս տարի էական բան կփոխվի և ինչ-որ թիմի կհաջողվի հայտնվել խմբային փուլում։ Հավաքականի հաջողության պատմությունն այլ է։ Այստեղ ակումբներում հայտնվում են նոր կադրեր և նրանց միանգամից ուղարկում են արտերկիր, քանի որ վրացական ֆուտբոլի մակարդակը բարձր չէ։ Նոր բանի այս տարի չեմ սպասում։ Սպասումներ ունեմ մի փոքր Քութայիսիի «Տորպեդոյից»։ Նրանք կարող են մի փոքր զարմացնել մեզ։ Ունեն նոր ներդրողներ, մեծ գումարներ են ներդնում, նոր ֆուտբոլիստներ են ձեռք բերել, լավ են սկսել առաջնությունը, ունեն մարզիչ, որն աշխատել է Բունդեսլիգայում, տնօրենն աշխատել է ԱՊԼ-ում։ Ցավոք, նախորդ տարի չեմպիոն չդարձան։ Ինչու ցավոք, քանի որ այս թիմն ավելի մեծ շանսեր կունենան։ «Տորպեդոն» կարող է հավակնել եվրոգավաթներում հայտնվելուն։
-Ի՞նչ սպասելիքներ ունեք առաջիկա խաղերի վերաբերյալ։
-Չնայած թղթի վրա Վրաստանի հավաքականն է ֆավորիտ, բայց ամեն ինչ որոշվելու է խաղադաշտում ու ամեն բան կախված է թիմերի տրամադրվածությունից ու երկրպագուների աջակցությունից։ Գիտեմ, որ Վրաստան են գալու բազմաթիվ հայեր, իսկ Հայաստան՝ վրացիներ։ Ես սպասում եմ սկզբունքային, դիտարժան հանդիպման, ինչպիսին տեսել ենք ԽՍՀՄ ժամանակ։ Կարելի է ասել, որ Վրաստանի հավաքականն ունի ռևանշ վերցնելու ցանկություն, երբ վերջին խաղում հայերը հաղթեցին։ Այս 2 երկրները, 2 հավաքականներն ունեն պատմություն, կերտած բազում հաղթանակներ ու կոնկրետ ասել, որ կհաղթի մի կամ մյուս թիմը ճիշտ չէ, չնայած Վրաստանի ընտրանու շանսերը մի փոքր ավելի բարձր են։
Բազմաթիվ տեսանյութեր եմ դիտել, թե ինչպես են հայ երկրպագուներն աջակցում մեզ։ Մեր երկրները, ժողովուրդները իրար հետ դարերի պատմություն ունեն։ Շատ հայ ընկերներ ունեմ։ Անպայման գալու եմ Հայաստան հանդիպումը դիտելու։
Հույս ունեմ, որ դիտարժան խաղի ականատես կլինենք։ Թող հաղթի ուժեղագույնը։
Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան առաջին հանդիպումը կկայանա մարտի 20-ին՝ 21։00-ին, պատասխանը խաղը մարտի 23-ին՝ 18։00-ին։
SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ, ԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄ, ԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ