Առաջատար եռյակն ամրապնդեց դիրքերը, Գանձասարի պատմության լավագույն ռմբարկուն. Fastex Պրեմիեր լիգայի 18-րդ տուրը՝ 10 փաստով
5 հանդիպումներով ավարտվեց առաջնության 2-րդ շրջանը:
Sportmedia.am-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1. Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տարան 3 հաղթանակ, կրեցին 2 պարտություն: Առաջնությունում անցկացված 84 հանդիպումներում դաշտի տերերը 38 հաղթանակ են տարել, 20 խաղում գրանցվել է ոչ-ոքի, 26 անգամ հաջողության են հասել հյուրերը:
5 խաղում խփվեց 13 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,6 գոլ), որից 8-ի հեղինակները դաշտի տերերն էին: 5 ֆուտբոլիստներ այս տուրում բացեցին իրենց գոլերի հաշիվը Fastex Պրեմիեր լիգայում: Առաջնության 84 հանդիպումներում 214 գոլ է գրանցվել (միջինը մեկ խաղում՝ 2,54 գոլ):
2. «Փյունիկը» 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ ընթացիկ առաջնությունում 2-րդ անգամ պարտության մատնելով «Ալաշկերտին»: Առաջնության վերջին 4 հանդիպումներում Հենրի Ավագյանը դարպասն անառիկ է պահել:

3. «Արարատը» Fastex Պրեմիեր լիգայում 350-րդ պարտությունը կրեց, ինչը Հայաստանի առաջնությունների մասնակից թիմերի մեջ վատագույն արդյունքն է:
4. Վալենտին Կոստակեն բացեց գոլերի հաշիվը նաև Fastex Պրեմիեր լիգայում: Իր առաջին գոլը «Նոայում» ռումինացի ֆուտբոլիստը խփել էր թիմի կազմում նորամուտի խաղում՝ Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչում գրավելով «Փյունիկի» դարպասը:
5. Դավիթ Հարությունյանն էլ առաջին գոլը խփեց Fastex Պրեմիեր լիգայում՝ գրավելով իր նախկին թիմի՝ «Ուրարտուի» դարպասը: Նա ընդգրկվեց ՀՀ առաջնություններում ԲԿՄԱ-ում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում՝ Ալեքսանդր Միշիևի դարպասը գրավելով 18 տարեկան 225 օրականում:
6. Զիդան Բանջաքին և Ալիունե Նդուրը բացեցին գոլերի հաշիվը Fastex Պրեմիեր լիգայում: Իսկ Արթուր Սերոբյանն ընթացիկ առաջնությունում 4-րդ գոլը խփեց ու հավասարվեց «Արարատ-Արմենիայի» լավագույն ռմբարկուներ Արայիկ Էլոյանին և Ուգո Օլիվեյրային: ՀՀ առաջնություններում Սերոբյանը 6-րդ անգամ գրավեց «Վանի» դարպասն ու դարձավ այդ թիմի հետ դիմակայությունում «Արարատ-Արմենիայի» լավագույն ռմբարկուն:

7. Լուկա Ռոդրիգեսն առաջին գոլը խփեց Fastex Պրեմիեր լիգայում: Բերտրան Մանին էլ բացեց ընթացիկ առաջնությունում իր գոլերի հաշիվը «Գանձասարում»: Նա 4 գնդակով դարձավ ՀՀ առաջնություններում «Գանձասարի» պատմության լավագույն ռմբարկուն:
8. Էդգար Մալաքյանը հայկական ակումբներում և Հայաստանի ազգային ու երիտասարդական հավաքականներում հոբելյանական՝ 400-րդ խաղն անցկացրեց: Խաղերից 365-ին նա մասնակցել է հայկական 5 ակումբներում, 21 անգամ հանդես է եկել Հայաստանի ազգային, 14 անգամ՝ երիտասարդական հավաքականներում:
9. Ալեքսանդր Լյովեն բացեց գոլերի հաշիվն «Ուրարտուի» կազմում՝ խփելով Fastex Պրեմիեր լիգայում իր 9-րդ գնդակը: Նախորդ գոլն առաջնությունում ֆրանսիացի ֆուտբոլիստը խփել էր «Նոայի» կազմում՝ 2023թ. նոյեմբերի 3-ին գրավելով «Արարատի» դարպասը:

10. Ալբերտ Գարեգինյանն իր նախկին թիմի դեմ խաղում նորամուտը նշեց «Նոայում»: Մինչև այդ նա «Շիրակում» առաջնությունում 10 խաղի էր մասնակցել: Գարեգինյանն ընդգրկվեց Fastex Պրեմիեր լիգայում «Նոայում» հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների հնգյակում: Խաղի օրը նա 17 տարեկան 133 օրական էր: Ցանկը գլխավորում է Արթուր Մովսեսյանը, որը նախորդ առաջնությունում «Վեստ Արմենիայի» հետ խաղում խաղադաշտ էր դուրս եկել 17 տարեկան 53 օրականում: