Սևակ Քեթենջյան. Վստահ եմ՝ կկարողանանք հասնել արժանի արդյունքների
2026 թվականի Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը կգլխավորի Սևակ Քեթենջյանը։ Հայաստանի Մ20 հավաքականը ընդգրկվել է C ենթախմբում, որտեղ մրցակիցներն են Իսլանդիայի, Պորտուգալիայի, Կոսովոյի, Բոսնիա և Հերցեգովինայի և Կիպրոսի հավաքականները։ Մրցաշարը կկայանա հուլիսի 10–19-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում։
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի քարտուղարության հետ զրույցում գլխավոր մարզիչը կիսվել է իր առաջին տպավորություններով, ծրագրերով և թիմի առաջ դրված նպատակներով։
- Ինչպիսի՞ն են տպավորությունները Մ20 հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո։
- Շատ ուրախ և հպարտ եմ, որ ստանձնել եմ Հայաստանի Մ20 հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Ինձ համար միշտ մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը և գլխավորել երիտասարդական թիմը։ Սա միաժամանակ մեծ պատասխանատվություն է և պարտավորեցնող առաքելություն։
Գիտակցում եմ, որ մեզ սպասվում է բարդ աշխատանք, բայց վստահ եմ՝ եթե աշխատենք համախմբված և հետևողական, կկարողանանք հասնել արժանի արդյունքների։
- Ինչպե՞ս է ձևավորվելու թիմը և ի՞նչ մոտեցում եք ընտրելու:
- Վերջին տարիներին փորձում ենք կառուցել երկարաժամկետ համակարգ, որտեղ խաղացողները զարգանում են դեռ փոքր տարիքային խմբերից և աստիճանաբար հասնում մինչև մեծահասակների հավաքական։
Մեր նպատակն է ոչ միայն բացահայտել տաղանդներ, այլ նաև նրանց զարգացնել՝ բարձրացնել խաղային որակը, մտածողությունը և փորձը։ Կարևոր է, որ խաղացողները լինեն նույն գաղափարի շուրջ համախմբված և հասկանան՝ ինչ ճանապարհ են անցնում։
- Ի՞նչ մարտահրավերներ եք տեսնում Բ դիվիզիոնում:
- Բ դիվիզիոնը բավականին բարձր մակարդակ ունի։ Խաղի տեմպը, ֆիզիկական պայքարը և թիմերի պատրաստվածությունը բոլորովին այլ են։
Հասկանալի է, որ հեշտ չի լինելու, բայց նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ մեզ համար լավ արդյունքները անիրատեսական չեն։ Մենք պայքարելու ենք յուրաքանչյուր խաղում և փորձելու ենք արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը:
- Ո՞ր գործոններն են որոշիչ լինելու թիմի հաջողության համար այս մրցաշարում։
- Համբերատար և հետևողական աշխատանքը։ Յուրաքանչյուրն իր դիրքում: