BazaResidence
Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)| Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դորտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին|
Նյու Յորք-Երևան-Արմավիր. Ո՞վ և ինչպե՞ս է կազմակերպում Սարդարապատի վերելքը
22 Մարտ 2026

Նյու Յորք-Երևան-Արմավիր. Ո՞վ և ինչպե՞ս է կազմակերպում Սարդարապատի վերելքը

Հայաստանի ակումբային ֆուտբոլը թեժ մրցակցության նոր չափանիշի է հասել: Եթե նախկինում հետաքրքիր չեմպիոնության, եվրագավաթների և մյուս դիրքերի համար համառ պայքար էր Fastex Պրեմիեր լիգայում, ապա ընթացիկ մրցաշրջանում նույն պատկերն է նաև Առաջին խմբում: Միանգամից 5 թիմ պայքարում է առաջին տեղի համար: Միջին դիրքերի և նույնիսկ հետնապահ թիմերը կազմերն ուժեղացնում են արտասահմանցիներով:  

Sportmedia.am-ը զրուցել է  Առաջին խմբի առաջատար «Սարդարապատ» ակումբի սպորտային տնօրեն Ժիրայր Մարտիրոսյանի հետ: Արմավիրցիներն առաջին մրցաշրջանն են անցկացնում պրոֆեսիոնալ ֆուտբոլում և գալիք մրցաշրջանում կարող են հանդես գալ Բարձրագույն  լիգայում:

— Այս շաբաթվա ընթացքում Առաջին խմբում կայացավ առաջատարների հանդիպումը: «Սարդարապատը» ոչ-ոքի (0:0) խաղաց ԲԿՄԱ-2-ի հետ: Ինչպե՞ս արձագանքեցիք այդ արդյունքին: 

— Նույնիսկ դժվար է ասել՝ միավորների կորո՞ւստ էր, թե՞ ոչ: Ամեն դեպքում կարևոր էր պահպանել առաջին տեղը: Եթե չեմ սխալվում, առաջնության սկզբից մինչև հիմա մենք առաջին տեղում ենք եղել: Հոգեբանական տեսանկյունից կարևոր էր պահպանել առաջին տեղը:

— Գոլային պահերով «Սարդարապատն» ավելի առա՞ջ էր:

— Այո, առաջին կեսում ունեցանք 2 լավ պահ, երկրորդում՝ 4-5: ԲԿՄԱ-ն մեկ պահ ունեցավ խաղավերջում: Ցավոք, Առաջին խմբի համար վերլուծական կայքերը xG-ն՝ սպասված գոլերի ցուցանիշը չեն ներկայացնում, որ համեմատենք գոլային պահերի հավանականությունը:

— Նույնիսկ եթե ԲԿՄԱ-2-ն առաջին տեղը գրավի, միևնույն է, դուք երկրորդ տեղով կարող եք Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճել: Որքանո՞վ է սկզբունքային հենց առաջին տեղը գրավելը:

— Իսկապես սկզբունքային է: Մեզ մոտ այնպիսի թիմ է հավաքված, որ պետք է առաջին տեղը գրավի:

— Ինչո՞ւ:

— Չնայած թիմում շատ են երիտասարդները, բայց նրանք մեծ փորձ ունեն, այդ թվում՝ Բարձրագույն խմբում: Առաջին հերթին մենք ինքներս մեզ պետք է ապացուցենք, որ Առաջին խմբում լավագույնն ենք, որպեսզի հետո շարժվենք առաջ: Ես նկատել եմ՝ ֆուտբոլիստների համար էլ սկզբունքային է առաջին տեղը գրավելը:

— Դա լրացուցիչ ճնշում է...

— Չեմ կարծում, մենք ճնշում չենք զգում: Ըստ իս՝ ճնշումն ավելի մեծ է մեզ հետապնդող թիմերի վրա՝ «Անդրանիկ», «Սյունիք», «Հայք»... Նրանք մեզ շրջանցելու նպատակ ունեն:

— Ձեր մրցակիցները լուրջ տրանսֆերներ են կատարում Առաջին խմբի համեմատ: Կարծես մի բան գիտեն: Օրինակ՝ որ ոչ թե մեկ, այլ երեք թիմ կարող է դուրս գալ Պրեմիեր լիգա: Ես հատուկ ևս մեկ անգամ ստուգեցի կանոնակարգը, որում 1 տեղ է նախատեսված: Բայց հնարավոր է մյուս մրցաշրջանում Պրեմիեր լիգայի թիմերի քանակը հասնի 12-ի: Դուք նման խոսակցություն լսե՞լ եք:

— Ես նման բան չեմ լսել, բայց հնարավոր է՝ լինեն խոսակցությունների մակարդակով: Նախկին փորձերը վերլուծելով՝ կարող ենք ենթադրել, որ նման սցենար հնարավոր է: Խոսքն այն տարվա մասին է, երբ «Նորավանքը» և «Սևանը» միաժամանակ բարձրացան Պրեմիեր լիգա:

— Ինչո՞ւ «Սարդարապատը» նույնչափ ակտիվ չէր ձմեռային տրանսֆերային շուկայում:

— Երբ մրցաշրջանի առաջին կեսում նշաձող է սահմանվում, ամեն հաջորդ նորեկ պետք է այդ նշաձողին համապատասխանի: Այսինքն՝ պետք է հաշվի առնել՝ արդյոք այդ նոր ֆուտբոլիստը թիմի խաղամակարդակը բարձրացնո՞ւմ է, թե՞ ոչ: Անիմաստ է հրավիրել ֆուտբոլիստ զուտ թվաքանակ ապահովելու համար:

— Ձմռանը «Սարդարապատ» եկան Սերոբ Գալստյանը, Արթուր Մելիքյանը և Արմեն Հովակիմյանը: Նրանք ուժեղացրե՞լ են թիմը:

— Այո, ընդ որում՝ Մելիքյանի վարձակալությունը ձևակերպեցինք տրանսֆերային պատուհանը փակվելուց րոպեներ առաջ:

— Սերոբ Գալստյանը բազմակողմանի ֆուտբոլիստ է: Մենք նրան տեսել ենք ձախ պաշտպանից մինչև աջ հարձակվող: Նրան ո՞ր դիրքի համար եք ձեռք բերել:

— Առաջին հերթին ձախ լատերալի: Մենք խաղում ենք 3-4-3 սխեմայով, որում ձախ պաշտպանի փոխարեն լատերալ է: Երբ ամռանը բանակ զորակոչվեց Հայկ Հովհաննիսյանը, մենք ձախլիկ ձախ պաշտպան չունեինք և ստիպված էինք այդ դիրքում փորձարկել աջլիկների: Մարզիչը դեռ դեկտեմբերից խնդրել էր այդ դիրքում ձախլիկ հրավիրել: Մենք իմացանք, որ Սերոբը հեռացել է «Փյունիկից» և որոշեցինք հրավիրել նրան: Այստեղ նա նախկին թիմակիցներ ունի, և ադապտացիան ավելի արագ ստացվեց: Մենք նրան երեք ամսվա համար չենք հրավիրել, այլ երկարաժամկետ ծրագրեր ունենք:

— Նշեցիք, որ Հայկ Հովհաննիսյանը զորակոչվել է բանակ, բայց հիմա նա կրկին ձեր թիմում է...

— Այո, վերադարձել է: Մինչև փետրվարի վերջը շատ փորձեր էինք կատարել ՀՖՖ-ի հետ համատեղ, որ Հայկը շարունակեր կարիերան ծառայությանը զուգահեռ: Օգոստոսից այդ հարցով զբաղվում էինք, բայց միայն փետրվարի վերջում հաջողվեց այնպես անել, որ նա վերադառնա թիմ:

— «Սարդարապատում» աշխատավարձերի բյուջե նախատեսվա՞ծ է:

— Այո, և կարող եմ ասել, որ Առաջին խմբում այն ամենամեծը չէ: Կարծում եմ՝ 3-4-րդն ենք աշխատավարձերի բյուջեով: Քանի որ ամենամեծ աշխատավարձերը մենք չենք վճարում, կարող ենք գոնե այլ հարցերում լավ պայմաններ ապահովել մեր ֆուտբոլիստների համար: Այդպես նույնպես ակումբը կարող է գրավիչ լինել ֆուտբոլիստների համար: Օրինակ՝ կազմակերպչական, բժշկական, սնունդ և այլ պայմաններ: Վերջերս վերանորոգեցինք մեր մարզասրահը:

— Ինչպե՞ս կփոխվի «Սարդարապատի» տրանսֆերային քաղաքականությունը, եթե թիմը բարձրանա Պրեմիեր լիգա:

— Թիմի կորիզը նույնն է մնալու: Կկատարվեն միայն սակավաթիվ փոփոխություններ: Իսկ տրանսֆերային քաղաքականությունը չի փոխվի նորեկներին ընտրելու հարցում: Մենք հիմա էլ, առաջին հերթին համալրման կարիք ունենալու դեպքում, նայում ենք տեղացի հայերի ուղղությամբ, փորձում նրանց հրավիրել: Եթե չի ստացվում, երկրորդ տարբերակ ենք դիտարկում արտասահմանի հայերին: Օրինակ՝ ամռանը շատ ենք փնտրել հայերի Ռուսաստանում և ԱՄՆ-ում: Օրինակ՝ հիմա շատ են խոսում Ալբերտ Ալեքսանյանի մասին, բայց հունիսին նրա մասին քչերը գիտեին: Այդ ժամանակ նա խաղում էր Նորվեգիայի մինչև 19 տարեկանների առաջնությունում, և մենք արդեն բանակցում էինք նրա հետ:Եվ ահա, եթե սփյուռքից էլ հայերի չկարողանանք հրավիրել, ապա նոր սկսում ենք դիտարկել արտասահմանցիների: Այժմ շեշտը դրել ենք աֆրիկացիների վրա:

 

— «Սարդարապատի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տորեսը ֆրանսիացի է: Հայկական ֆուտբոլում հաճախ լինում են դեպքեր, երբ արտասահմանցի մասնագետը հայ ֆուտբոլիստներին ուրիշ աչքով է նայում, նոր դիրքեր և ունակություններ բացահայտում նրանց խաղում: Օրինակ՝ «Արարատ-Արմենիայում» Մանուել Տուլիպան ցույց տվեց, որ հայերի վրա շեշտ դնելով կարող է առաջին տեղ բարձրանալ: Դուք Տորեսի աշխատանքում նման բան նկատե՞լ եք:

— Լավ հարց է, պետք է մտածել: Օրինակ՝ Արման Մկրտչյանը մեզ մոտ երբեմն խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, այլ փորձարկումներ էլ կան: Իշխան Դարբինյանին մարզիչը սկսեց ձախ լատերալի դիրքում փորձել, Տիգրան Այունցին ավելի հաճախ սկսեց փորձարկել կենտրոնական պաշտպանի դիրքում: Իսկ ինչ վերաբերում է հայերի վրա շեշտադրմանը, ապա եթե թիմում լիներ 15 հայ և 15 լեգեոնական, ապա մարզչի մոտեցման առանձնահատկությունների մասին ավելի հստակ կարող էինք խոսել: Բայց «Սարդարապատում» ընդամենը 4 արտասահմանցի է խաղում: Մեզ մոտ առանց այդ էլ շեշտադրումը հայերի վրա է:

— Առաջին խմբի մասին: Համաձա՞յն եք, որ նախորդ տարիների համեմատ ամենաբարձրակարգ առաջնությունն է այս մրցաշրջանում:

— Ես Առաջին խմբին հետևում եմ 2017-2018 թվականներից: Այս ընթացքում միայն այն մրցաշրջանի հետ կարող եմ մրցակցությունը համեմատել, որի մասին խոսում էինք: Այդ տարի (2020-2021թթ.) թեժ պայքար էր «Սևանի», ԲԿՄԱ-ի ու «Նորավանքի» միջև: Բայց նույնիսկ այդ մրցաշրջանի համեմատ այս առաջնությունը մրցակցությամբ գերազանցում է՝ 5 թիմ պայքարում է առաջին տեղի համար՝ «Սարդարապատ», ԲԿՄԱ-2, «Սյունիք», «Հայք», «Անդրանիկ»: Ես անձամբ շատ ուրախ եմ, որ «Սարդարապատի» առաջին պրոֆեսիոնալ մրցաշրջանը համընկավ այս մրցակցային տարվա հետ: Պարզ է՝ բարդ է, բայց այդ բարդությունն է, որ լրացուցիչ լիցք է հաղորդում: Հաջողությունը կրկնակի հաճելի կլինի:

— Մրցակցությունը լավ է: Իսկ խաղամակարդակն ինչպե՞ս կգնահատեք:

— Նույնպես բավականին բարձր: Այս մրցաշրջանը յուրահատուկ է նրանով, որ Բարձրագույն խմբում մշտապես խաղացող շատ մեծ քանակի ֆուտբոլիստներ նախընտրեցին մեկ տարի անցկացնել Առաջին խմբում, քան մնալ այնտեղ և քիչ խաղալ: Դրա շնորհիվ բարձրացավ Առաջին խմբի խաղամակարդակը: Գումարած՝ շատ թիմեր սկսեցին հրավիրել լեգեոնականների: Ընդ որում՝ խոսքը միայն առաջատար հնգյակի մասին չէ: Նույն «Բենտոնիտը», որը դեռ անցած տարի ուներ որակյալ խաղացողներ: Օրինակ՝ Առաջին խմբի ռմբարկու Իսմայիլ Օլավալեն նախորդ մրցաշրջանում խաղում էր «Բենտոնիտում»: Այսինքն՝ դուք կարող եք նաև լավ խաղացողներ գտնել ոչ միայն առաջատարների թվում: Օրինակ՝ «Լեռնային Արցախում» հիմա խաղում է արագ հարձակվող՝ 20 համարը (Սիլվեն Ջորդան Ֆոտսո՝ խմբ.):

Մենք բավականին բարձր առաջնություն ունենք: Նաև չմոռանանք Պրեմիեր լիգայի երկրորդ թիմերի մասին: Նրանցից ոչ ոք չի հանձնվում, նրանց հետ էլ բարդ խաղեր են ստացվում: ԲԿՄԱ-2-ի մասին էլ չեմ խոսում: Այնտեղ բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ են, որոնք, վստահ եմ, խաղալու են Բարձրագույն խմբում:

— «Սարդարապատը» հայկական ֆուտբոլի սիրահարների համար համակրելի է նրանով, որ ակումբը սկսեց հիմք կառուցել, հետո նոր պրոֆեսիոնալ մակարդակ դուրս գալ: Սկզբում եղավ ակադեմիան, այդ երեխաները հետզհետե մեծացան, և 4 տարի հետո նոր ակումբը մուտք գործեց պրոֆեսիոնալ մակարդակ: Այս մրցաշրջանն առաջինն է: Արդյո՞ք միանգամից խնդիր էր դրվել նվաճել Պրեմիեր լիգայի ուղեգիր, թե՞ նույնպես կայացման փուլեր են նախատեսված:

— Խնդիրն է անմիջապես նվաճել Բարձրագույն խմբի ուղեգիր: Ես սկզբում չեմ եղել «Սարդարապատում», այլ 2 տարի առաջ եմ միացել ակումբին: Ինձ էլ տպավորել է ակումբի այդ մոտեցումը՝ քայլ առ քայլ գնալ առաջ: Պատահական չէ, որ ամռանը մեր երիտասարդական թիմի 8 ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ պայմանագիր առաջարկեցինք, և նրանք հիմա գլխավոր թիմում են ու պայքարում են Պրեմիեր լիգայի ուղեգրի համար: Եթե հաջողվի նվաճել այդ ուղեգիրը, մենք ծրագրում ենք ստեղծել «Սարդարապատ-2» թիմը, որը հանդես կգա Առաջին խմբում, որպեսզի մեր սաները Մ18 թիմից հետո կարողանան շանս ստանալ նաև Առաջին խմբում: Նախկինում մեր ֆուտբոլիստները 18 տարեկանից հետո առանց թիմ էին մնում: Այժմ հենց շանս լինում է, սաներին խաղաժամանակ տրամադրվում է:

Այս տարի մի քիչ նրանց համար բարդ է, որովհետև Պրեմիեր լիգայի ուղեգրի համար պայքարում ավելի շատ խաղում են հայկական ֆուտբոլում ավելի կայացած խաղացողներ, բայց եթե նրանց հաջողվի լուծել Բարձրագույն խմբի ուղեգրի հարցը, մեր երկրորդ թիմը կստեղծենք, և ակումբի սաները զարգացման հաջորդ քայլը կատարելու ավելի շատ հնարավորություններ կունենան:

 

— Եթե Առաջին խմբում միանգամից խնդիր է դրված առաջին տեղը գրավել, Fastex Պրեմիեր լիգա բարձրանալու դեպքում ի՞նչ մոտեցում եք կիրառելու: «Սարդարապատի» հավակնությունների աստիճանն է հետաքրքիր:

— Էվոլյուցիոն ճանապարհով ենք գնալու՝ առանց մեծ քայլերի: Բայց այս պահին ճիշտ չէ խոսել Բարձրագույն խմբի մասին, քանի դեռ Առաջին խմբում ենք: Դեռ «փոսը չթռած՝ հոպ չասենք»:

— Այժմ քանի՞ ֆուտբոլիստ է մարզվում «Սարդարապատի» ակադեմիայում:

— 300-350 երեխա: Նաև աղջիկների թիմ ունենք:

— Իսկ աշխարհագրությունն ինչպիսի՞ն է: Արմավիր քաղաքի՞ց են երեխաները, թե՞ այլ վայրերից էլ կան:

— Հիմնականում Արմավիր քաղաքից և հարակից գյուղերից՝ Մրգաշատ, Հոկտեմբեր և այլն:

— Վճարովի՞ է ուսումը «Սարդարապատի» ակադեմիայում:

— Այո՛:

— Ֆրանսիական «Լանսի» հետ համագործակցությունն ինչպե՞ս է փոխվել այս տարիների ընթացքում:

— Ամեն ինչ շարունակվում է այնպես, ինչպես նախկինում: Տարին մի քանի անգամ մեր սաները գնում են «Լանսի» ակադեմիա, մարզվում այնտեղ: Ակադեմիայի մարզիչներն են գնում այնտեղ, փորձ կուտակում: Այս տարի առաջին անգամ մեր գլխավոր թիմի մարզիչներն էլ գնացին «Լանս»՝ ակումբին և նրա աշխատանքին ծանոթանալու և հետևելու համար:

— Եվ դրանից հետո «Լանսը» սկսեց ՊՍԺ-ի հետ հավասար պայքարել չեմպիոնության համար:

— Այո՛ (ծիծաղում է՝ խմբ.), ոտքներս խերով էր:

— Նաև «Լանսից» են գալիս Հայաստան...

— Այո, գոնե տարին մեկ անգամ: Ընդ որում՝ ամեն անգամ տարբեր ուղղվածության՝ սկսած դարպասապահների կամ մինչև ֆիզպատրաստության մարզիչներից մինչև տարբեր տարիքայինների գլխավոր մարզիչները: Փառք Աստծո, «Լանսի» հետ համագործակցությունը ոչ միայն կա, այլ նաև խորանում է: Պրեմիեր լիգա բարձրանալն էլ ավելի կխորացնի համագործակցությունը:

Возможно, это изображение американский футбол, футбол и трава

 — Դուք «Սարդարապատի» սպորտային  տնօրենն եք: Մենեջերական կրթություն որտե՞ղ եք ստացել և ինչպե՞ս եք հայտնվել հայկական ֆուտբոլում:

— Մագիստրատուրան սովորել եմ Նյու Յորքում՝ սպորտային մենեջմենթի ուղղվածությամբ: Սպորտային մենեջմենթում էլ պետք է ուղղվածություն ընտրել, ես ընտրել եմ ֆուտբոլը: Ամերիկայից վերադառնալուց հետո աշխատանքի եմ անցել «Ուրարտուում»: 2020 թվականն էր, երբ ակումբի նոր մարզական տնօրեն էր դարձել Դավիթ Աբրահամյանը: Սկսեցինք միասին աշխատել սպորտային բաժնում, օգնում էի նրան: Հետո Դավիթը հեռացավ, նրա փոխարեն նշանակվեց Սամվել Առուստամյանը, որի հետ շարունակեցինք աշխատանքը:

— Դուք սկաուտ էի՞ք:

— Այո, ընդհանուր առմամբ 3.5 տարի աշխատեցի «Ուրարտուում»: Հետո միացա «Փյունիկին»՝ 2023-2024 մրցաշրջանում: Թիմը դարձավ չեմպիոն, բայց ես արդեն ծրագրել էի հեռանալ Հայաստանից և կարիերաս շարունակել արտասահմանում:

— Բայց հայտնվեցիք «Սարդարապատում»:

— Այդ ժամանակ Սևան Կարյանը՝ «Սարդարապատի» նախագահը, ում ավելի վաղուց էի ճանաչում, առաջարկեց աշխատանք այս ակումբում: Նրանք արդեն տևական ժամանակ է՝ ստեղծել էին ակումբը և Էրիկ Ասադուրյանի հետ միասին արդեն ծրագրում էին պրոֆեսիոնալ թիմ ունենալ: Ինձ առաջարկեցին մարզական տնօրենի պաշտոնը: Ես հասկացա, որ երկարաժամկետ նախագիծ է և համաձայնեցի:

— Մտավախություն չկա՞ր:

— Դուք էլ գիտեք, թե որքան շատ են եղել Հայաստանում ակումբներ և նախագծեր, որոնք կարճ կյանք են ունեցել: Այնքան շատ են այդ վատ օրինակները եղել, որ եթե նոր նախագիծ է լինում, միանգամից թերահավատորեն ես վերաբերվում: Բայց Սևանի հետ մի քանի շփումներից ու հանդիպումներից հետո հասկացա, որ սա այդ դեպքը չէ: Երկարաժամկետ ու ապահով նախագիծ է: Գիտեի, որ բարդ է լինելու, որովհետև ամեն ինչ զրոյից ենք սկսելու, նոր թիմ հավաքել, կազմակերպչական շատ հարցեր լուծել: Յուրահատուկ մարտահրավեր էր, որը մոտիվացրեց ինձ:

— Սկաուտ եղած ժամանակ հաստատ հատուկ հետևել եք նաև արտասահմանցիների և առաջարկել ձեր ակումբին: Օրինակներ կբերե՞ք, երբ արդյունքում հաջողվել է այդ ֆուտբոլիստին բերել Հայաստան: Սկսենք «Փյունիկից»:

— Վագներ և Հենդրիքսը: Մեկ մրցաշրջան աշխատեցի «Փյունիկում»: Ձմռանը մարզիչները նախընտրեցին ավելի փորձված խաղացողների՝ Դեբլեն ու Յուրիչիչը վերադարձան «Փյունիկ»: Ամռանը մենք ցանկանում էինք Միմիտոյին հրավիրել, բայց նա արդյունքում հայտնվեց «Ալաշկերտում»: Ձմռանը փորձում էինք Բրայան Ալսեուսին հրավիրել, չստացվեց, բայց 2024-ի ամռանը նա հայտնվեց «Փյունիկում»:

— Իսկ «Ուրարտուի» համար ո՞ւմ եք բացահայտել:

— Պետք է հիշել... Մարկոսը, Զոտկոն, Խլյոբասը և ուրիշներ:

— Ինչպե՞ս էիք գտնում այդ խաղացողներին:

— Ամեն տեղ պրոցեսը տարբեր է: Կախված է նաև մարզչից՝ ինչպես է նա պատկերացնում թիմը: Սովորաբար, երբ փետրվարի վերջին փակվեց ձմեռային տրանսֆերային պատուհանը, մարտին արդեն սկսում ես աշխատել ամառային տրանսֆերների վրա: Մարզչական շտաբի, սպորտային տնօրենի ու նախագահի հետ հանդիպում եք ունենում և սահմանում գլխավոր նպատակները: Այդ գլխավոր նպատակներին հասնելու համար ձևավորվում է բուրգ՝ որքան բյուջե է լինելու, ինչ պայմաններ են նախատեսված և այլն: Ըստ դրա՝ հասկանում եք, թե որ երկրներում և դիվիզիոններում եք փնտրելու ֆուտբոլիստներ: Դա մի կողմն է:

Մյուսն էլ այն է, որ ձեր ցանկալի ֆուտբոլիստին գտնելուց հետո արդեն կապ ես հաստատում նրանց գործակալների հետ: Ի դեպ, գործակալները ևս մեկ տարբերակ են ֆուտբոլիստների հասանելիության մասին տեղեկություն ստանալու համար: Որպես սպորտային բաժնի աշխատող, այդպես երկու խողովակներով հավաքած տեղեկությունը սկսում ես համադրել մարզչի ցանկությունների ու ակումբի ֆինանսական հնարավորությունների հետ և սկսում բանակցությունները:

— Նյու Յորքում սպորտային մենեջմենթ սովորած մարդու համար հայկական ֆուտբոլի մենեջմենթում ի՞նչն է ավելի հաջողված և ի՞նչն անհաջող:

— Կոմերցիոն տեսանկյունից շատ աճելու տեղ ունենք, եթե համեմատենք Ամերիկայի հետ:

— Չէ, Ամերիկայի հետ մի համեմատեք:

— Թեկուզ Ռուսաստանի հետ համեմատենք, որտեղ սիրողական Մեդիալիգայի խաղերին ստադիոնում ազատ տեղ չի լինում: Մենք այդ առումով աճելու շատ տեղ ունենք: Ես ուսումնական առումով կոմերցիոն մենեջմենթի փորձ ունեմ, բայց աշխատանքային չունեմ և չեմ կարող շատ խորը վերլուծել: Սպորտային մենեջմենթի առումով կարծում եմ աճ կա: Ես աշխատել եմ իմ կարծիքով Հայաստանում երկու ամենաուժեղ սպորտային տնօրենների՝ Դավիթ Աբրահամյանի ու Սամվել Առուստամյանի հետ: Ունենք լավ մենեջերներ: Բայց ակումբների որոշումները հաճախ անհասկանալի են, որովհետև այժմ նրանք որևէ ակումբում չկան:

Բայց այն, որ Հայաստանում ակումբային ֆուտբոլը զարգանում է, դա միանշանակ է: Իհարկե, ինձ մոտ հարցեր առաջանում են, թե արդյոք այդ զարգացումն ուղիղ համեմատական է այն ներդրումների հետ, որոնք արվում են: Սա վերլուծելու հարց է: Որովհետև եթե դու միլիոններ ծախսես, այսպես թե այնպես ինչ-որ աճ լինելու է: Բայց արդյոք համապատասխա՞ն են ծախսերին: Սա որոշումներ կայացնելու ռացիոնալիության խնդիրն է, որը մեզ մոտ կա: Մյուս հարցն այն է՝ որքան էլ մեզ մոտ հայ ֆուտբոլիստների որոշակի աճ կա, բայց միևնույն է, ակումբային ֆուտբոլի հիմնական աճն արտասահմանցիների հաշվին է: Շատ ուրախալի է, որ ֆուտբոլը զարգանում է, բայց տեղացիներն էլ պետք է դրանից օգտվեն:

— Դուք հիշատակեցիք հաճախելիությունը Ռուսաստանում: «Սարդարապատը» խաղում է Արմավիրում: Քանի՞ մարդ է ներկա լինում տնային խաղերին:

— Օրինակ՝ ԲԿՄԱ-2-ի դեմ նախորդ խաղին 600-700 մարդ ներկա էր: Սովորաբար այդ թիվը կազմում է 300-400 երկրպագու:

— Ռեկորդը որքա՞ն է:

— 1000 մարդ:

— Եթե «Սարդարապատը» նվաճի Պրեմիեր լիգայի ուղեգիր, շարունակելո՞ւ է խաղալ Արմավիրում:

— Այո՛, միանշանակ: Ակումբի նախագահը մեծ ծրագրեր ունի ենթակառուցվածքների զարգացման հարցում: Մեր ծրագրերը երկարաժամկետ են:

Նախորդ հոդվածը
Բորուսիայի հարձակվողը կարող է տեղափոխվել Բարսելոնա
Հաջորդ հոդվածը
Սիները կրկնել է Ջոկովիչի ռեկորդը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։