Բրունո Միշելը կրկնեց արդյունավետության ռեկորդն Ուրարտուում, Պետրոս Ավետիսյանի տպավորիչ ցուցանիշը. Fastex Պրեմիեր լիգայի 19-րդ տուրը՝ 10 փաստով
5 հանդիպումներով մեկնարկեց առաջնության 3-րդ շրջանը:
Sportmedia.am-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
- Դաշտի տերերն ու հյուրերը 2-ական հաղթանակ տարան, մեկ խաղ ավարտվեց ոչ-ոքի: Առաջնությունում անցկացված 89 հանդիպումներում դաշտի տերերը 40 հաղթանակ են տարել, 21 խաղում գրանցվել է ոչ-ոքի, 28 անգամ հաջողության են հասել հյուրերը: 5 խաղում խփվեց 12 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,4 գոլ), որից 7-ի հեղինակները դաշտի տերերն էին: Առաջնության 89 հանդիպումներում 226 գոլ է գրանցվել (միջինը մեկ խաղում՝ 2,53 գոլ):
- «Փյունիկը» 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ ընթացիկ առաջնության բոլոր 3 խաղերում էլ պարտության մատնելով «Ալաշկերտին»: Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 5 խաղերից 4-ում հաղթել է «Փյունիկը», մեկում գրանցվել է ոչ-ոքի:
- «Նոան» առաջնությունում 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ կրկին «չոր» հաշվով պարտության մատնելով «Շիրակին»: Շիրակցիների հետ կայացած առաջնության վերջին 6 խաղերում էլ հաղթել է «Նոան», որից 4-ում՝ խոշոր հաշվով: Այդ հանդիպումներում գյումրեցիներն ընդամենը մեկ գոլ են խփել:

- Բրունո Միշելն ընթացիկ առաջնությունում 16-րդ գոլը խփեց և կրկնեց «Ուրարտուի» նախկին հարձակվող Բրունո Կորեայի մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը լեգեոնականների շրջանում: Վերջինս 2011թ. առաջնությունում 16 գոլի հեղինակ էր դարձել:
- Պետրոս Ավետիսյանը բացեց գոլերի հաշիվը «Վանում», որը նրա հայաստանյան կարիերայում 7-րդ ակումբն է: Նա բոլոր թիմերում էլ գոլի հեղինակ է դարձել՝ ընդհանուր առմամբ 37 անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Ավետիսյանն առավել արդյունավետ է գործել «Փյունիկում» և «Արարատ-Արմենիայում»՝ խփելով 10-ական գոլ:
Ավետիսյանն ընդգրկվեց Fastex Պրեմիեր լիգայում «Վանում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ Բրունո Պինտուի դարպասը գրավելով 30 տարեկան 73 օրականում: Նա ցանկից դուրս մղեց Վահագն Այվազյանին, որն աչքի էր ընկել 29 տարեկան 33 օրականում:

- Արիս Կարապետյանը բացեց գոլերի հաշիվը Fastex Պրեմիեր լիգայում՝ «Վանին» փրկելով պարտությունից պաշտոնական մրցումներում թիմի հոբելյանական՝ 200-րդ խաղում: Արարատցի Պրինց Օբինան էլ առաջին գոլը խփեց Հայաստանի առաջնություններում:
- Մոմո Յանսանեն առաջնությունում «Փյունիկում» նորամուտը նշելուց հետո 3-րդ անընդմեջ խաղում խաղադաշտից առանց գոլի չի հեռանում՝ ընդհանուր առմամբ 4 անգամ գրավելով մրցակիցների դարպասները:

8․ Գուստավո Սանգարեի խփած գոլը դարձավ պաշտոնական մրցումներում «Նոայի» հոբելյանական՝ 450-րդ գնդակը:
9․ Հենրի Ավագյանն առաջնության 5-րդ անընդմեջ խաղում դարպասն անառիկ պահեց՝ 495 րոպե շարունակ գոլ բաց չթողնելով: Վերջին գոլն առաջնությունում նա բաց է թողել անցյալ տարվա նոյեմբերի 21-ին «Ուրարտուի» հետ հանդիպման 45-րդ րոպեին Բրունո Միշելի հարվածից հետո: Նա ընդգրկվեց դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակով «Փյունիկի» դարպասապահների տասնյակում: Ցանկը գլխավորում է թիմի նախկին դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը, որին հաջողվել է առաջնության հանդիպումներում 600 րոպե անընդմեջ դարպասն անառիկ պահել:
10․ Արթուր Կոնեգլյանն էլ ընթացիկ առաջնությունում անցկացրած 3-րդ անընդմեջ խաղում դարպասն անառիկ պահեց: Նա «Նոայում» Fastex Պրեմիեր լիգայում նորամուտը նշել էր նախորդ առաջնության ավարտական տուրում՝ մայիսի 27-ին «Ալաշկերտի» հետ կայացած խաղում, որում 20-րդ րոպեին նրա պաշտպանած դարպասը գրավել էր Սարգիս Մեթոյանը: Այնպես որ Կոնեգլյանն արդեն 340 րոպե շարունակ գոլ բաց չի թողել: Այդ ցուցանիշով նա ընդգրկվեց թիմի դարպասապահների լավագույն տասնյակում: