Մեծ փոփոխություններ են հավաքականում․ Եղիշե Մելիքյան
Մարտի 29-ին ֆուտբոլի Հայասանի ազգային հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի հավաքականի հետ։
Այսօր կայացել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի նախախաղային ասուլիսը, որին մասնակցել է նաև սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը։
«Նորեկները շատ են, չէի ուզենա անհատապես խոսել։ Մեծ փոփոխություններ են ազգային հավաքականում։ Ֆուտբոլիստներ կային, որոնց գնալու ժամանակը եկել է, կան ֆուտբոլիստներ, որոնց գալու ժամանակն է։ Պետք է լավատես լինել, համբերություն ունենալ ու աշխատել։ Եթե հրավիրվել են ուրեմն արժանի են»։
«Չեմ կարող մեկ խաղով ստանալ այն, ինչ կուզենայի, որովհետև պատահական չէ, որ նվազագույնը 2 խաղ են անցկացնում։ Ունենանք այն, ինչ ունենք։ Չեմ ուզի բողոքել, պատրաստ ենք վաղվա խաղին։ Այս ընթացքում, որ չենք ունեցել խաղ, այլ ուղղություններով ենք մտածել ու աշխատել, չեմ կարծում, որ կորած օրեր են եղել»։
«Մենք մեկ օր էլ ժամանակ ունենք հասկանալու Սպերցյանը կլինի՞ խաղադաշտում, թե ոչ։ Վաղը այդ մասին կարող ենք իմանալ, որովհետև այժմ իրեն պատրաստելու աշխատանք է գնում»։
«Ունեցել ենք երկկողմանի խաղ հավաքականում։ Բոլորն աշխատում էին ու հասկանում, որ կա մրցակցություն։ Վերլուծել ենք այդ խաղը։ Տեսնում ենք խնդիրներ, շատերը նոր են, համագործակցության խնդիր կա։ Ազգային հավաքականում կան սկզբունքներ, որոնք ժամանակ են պահանջում։ Մեր ամենակարևոր խաղերին ունենք ժամանակ, բայց չեմ բողոքում, գործընթաց է, շարժվում ենք առաջ»։
«Ինչքան տեղյակ եմ, կարելի է 8 փոփոխություն։ Կաշխատենք օգտագործել, որպեսզի հասցնենք մեկ խաղով տեսնել շատ ֆուտբոլիստների»։
«Հավատում եմ Կառլեն Հովհաննիսյանին։ Ինքս շատ շուտվանից նկատել եմ իրեն, մեծ ապագա ունի։ Կօգնի մեր ընտրանուն։ Մեր ապագայի կարևոր ֆուտբոլիիստներից մեկն է»։
«Ես եմ ընտրել այս ու ամռանը կայանալիք խաղերի մրցակիցներին։ Մենք ունենք սեպտեմբերից խաղեր ու գիտենք, թե ինչ մրցակիցների դեմ ենք խաղալու։ Համապատասխան թիմեր են, պետք է պատրաստվենք նման թիմերի դեմ։ Շատ ուժեղ թիմեր ընտրելուց մենք կխաղայինք 2-րդ համարով, իսկ սեպտեմբերին տրամադրված չենք նման խաղի»։
«Շատ կուզենամ, որ մեր երկրպագուները գան ու լինի լեփ-լեցուն մարզադաշտ։ Դա օգնում է մեր ֆուտբոլիստներին։ Կան շատ երկրպագուներ, նրանք գիտեն, անհամբեր սպասում են ու գալու են։ Հուսով եմ, որ նման սիրտ ունեցող երկրպագուները շատ կլինեն ու կաջակցեն մեզ։ Ովքեր ցանկություն չունեն, իրենք մեղավոր չեն, մեղավորը մենք ենք, որովհետև ունենք պարտություններ։ Պետք է աշխատենք հաղթել, որ ոգևորենք մեր երկրպագուին»։
«Դիտել եմ Հայաստանի մինչև 19 տարեկանների խաղը Թուրքիայի դեմ։ Ֆուտբոլիստներից ոչ մեկ առայժմ պատրաստ չէ ազգային հավաքականի։ Մեծ հույսեր ունենք ու հետագայում էլ կունենանք, որովհետև լավ թիմ են։ Ոչ միայն մինչև 19 տարեկանների հավաքականում, այլ նաև մինչև 21-երի։»
«Կարեն Վարդանյանին նկատել եմ վաղուց։ Նա համապատասխանում է մեր հավաքականի որակներին, ես ցանկացել եմ գնալ, զրուցել նրա հետ, բայց իմացա, որ ընտրել Բելառուսի հավաքականը»։
Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կկայանա վաղը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 18։00-ին։