Առաջին ծանոթությունից 26 տարի անց. Հայաստան-Բելառուս հանդիպմանն ընդառաջ
Բելառուսի հետ մարտի 29-ին կայանալիք ընկերական մրցախաղով Հայաստանի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստությունը սեպտեմբերին մեկնարկելիք Ազգերի լիգայի մրցաշարին:
Sportmedia.am-ը ներկայացնում է ընկերական հանդիպման անոնսը։
Հայաստան-Բելառուս
Մարտի 29, ժամը՝ 18:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
7 խաղ, Հայաստանի հավաքականը հաղթել է 2 անգամ, Բելառուսը՝ 3, գրանցվել է 2 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 9-9
Հայաստանի հավաքականը 3-րդ անգամ է նոր մրցաշրջանը սկսում Բելառուսի ընտրանու հետ հանդիպումով: Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2010թ.: Մարտի 3-ին Անթալիայում մրցակիցների միջև կայացած ընկերական խաղում մեր հավաքականը պարտվեց 1-3 հաշվով: Հայաստանի հավաքականից միակ գոլի հեղինակը Լևոն Փաչաջյանն էր: Դա բելառուսների հետ անցկացված 4-րդ խաղն էր, որում ՀՀ հավաքականն առաջին պարտությունը կրեց: Այդ խաղում հավաքականը գլխավորում էր Վարդան Մինասյանը:
Մրցաշրջանի մեկնարկում մրցակիցների 2-րդ հանդիպումը կայացել է 2016թ. մարտի 25-ին «Հանրապետական» մարզադաշտում: Ընկերական այդ հանդիպումը հիշարժան էր նրանով, որ Հայաստանի հավաքականի ավագ, փորձառու Ռոման Բերեզովսկին վերջին անգամ պաշտպանեց մեր ընտրանու դարպասը: Իր հրաժեշտի խաղի 8-րդ րոպեին Բերեզովսկին դարպասի պաշտպանությունը հանձնեց երիտասարդ Արսեն Բեգլարյանին, ավագի թևկապը՝ Հենրիխ Մխիթարյանին և ֆուտբոլասերների բուռն ծափահարությունների ուղեկցությամբ լքեց խաղադաշտը:

Իսկ ընդմիջման ժամանակ Ռոման Բերեզովսկին ՀՖՖ-ից «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենա նվեր ստացավ, Տարոն Մարգարյանն էլ նրան պարգևատրեց Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով՝ հայկական սպորտում մեծ ավանդ ունենալու համար:
Այդ օրը Բերեզովսկին 41 տարեկան 233 օրական էր: Նա դարձավ Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստը՝ գերազանցելով Սարգիս Հովսեփյանի ռեկորդային ցուցանիշը, որն իր վերջին խաղն անցկացրել էր 40 տարեկան 12 օրականում:
Այդ խաղում դարպասները մնացին անառիկ: Բացի Արսեն Բեգլարյանից, Վարուժան Սուքիասյանի գլխավորած հավաքականում իրենց նորամուտը նշեցին նաև Տիգրան Բարսեղյանը, Գոռ Մալաքյանը և Գեղամ Ղադիմյանը:

Հայաստանի և Բելառուսի հավաքականների միջև մինչև օրս կայացած 7 հանդիպումներից միայն երկուսն են ընտրական բնույթ կրել: Հայաստանի և Բելառուսի հավաքականներն ընդգրկվել էին 2002թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 5-րդ խմբում, որտեղ ուղեգրի համար պայքարում էին նաև Լեհաստանի, Ուկրաինայի, Ուելսի և Նորվեգիայի ընտրանիները:
Ընտրական մրցաշարին Հայաստանի հավաքականը նախապատրաստվել էր Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ: Մրցակիցների առաջին հանդիպումը կայացավ 2000թ. հոկտեմբերի 11-ին Մինսկի «Դինամո» մարզադաշտում: Դա ընտրական մրցաշարի 3-րդ տուրի մրցախաղն էր: ՀՀ հավաքականը մրցաշարը սկսել էր Օսլոյում նորվեգացիների հետ գրանցած գոլազուրկ ոչ-ոքիով, իսկ հաջորդ խաղում սեփական հարկի տակ 2-3 հաշվով զիջել էր ուկրաինացիներին:
Բելառուսի հավաքականը մեկնարկել էր Ուելսի նկատմամբ 2-1 հաշվով տարած տնային հաղթանակով, ապա հյուրընկալվելիս 1-3 հաշվով զիջել էր լեհերին:
ՀՀ հավաքականն ընտրական մրցաշարում 2-րդ պարտությունը կրեց: Առաջին խաղակեսում Ալեքսանդր Խացկևիչն ու Նիկոլայ Ռինդյուկը գրավեցին Հարություն Աբրահամյանի պաշտպանած դարպասը: Ընդմիջումից հետո Ֆելիքս Խոջոյանին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Մինսկում կայացած հանդիպումը Հայաստանի և Բելառուսի հավաքականների միջև առաջին խաղն էր:
2001թ. հունիսի 2-ին Երևանում մրցակիցների միջև կայացած պատասխան խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Հայաստանի հավաքականն ընտրական մրցաշարում այդպես էլ հաղթանակ չտոնեց, 10 հանդիպումներում վաստակած 5 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը: Իսկ բելառուսները 15 միավորով զբաղեցրին 3-րդ հորիզոնականը:
Հայաստանի հավաքականին 2 անգամ է հաջողվել հաղթել բելառուսներին: Առաջին հաղթանակը գրանցվել է 2008թ. Մալթայում անցկացված մրցաշարում: Փետրվարի 4-ին կայացած այդ խաղում, որում հավաքականը գլխավորում էր Յան Պոուլսենը, արդեն 5-րդ րոպեին Վյաչեսլավ Գլեբը գրավեց Մայիս Ազիզյանի պաշտպանած դարպասը: Սակայն 19-րդ րոպեին Արարատ Առաքելյանը վերականգնեց հավասարակշռությունը, իսկ ընդմիջումից հետո Արա Հակոբյանը խփեց հաղթական գոլը: Այդ խաղում հավաքականում նորամուտը նշեց Արթուր Եդիգարյանը:
Բելառուսների նկատմամբ 2-րդ հաղթանակը գրանցվել է մրցակիցների միջև կայացած առայժմ վերջին խաղում՝ 2017թ. նոյեմբերի 9-ին: Այդ օրը մեր ընտրանին Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ «Հանրապետական» մարզադաշտում կայացած ընկերական խաղում հաղթեց 4-1 հաշվով: Մեր ֆուտբոլիստներից աչքի ընկան Արաս Օզբիլիսը, Հենրիխ Մխիթարյանը, Ռումյան Հովսեփյանն ու Էրիկ Վարդանյանը, որը հավաքականում նորամուտը գոլով նշեց: Այդ խաղում հավաքականում նորամուտը նշեց նաև Հայկ Իշխանյանը:

ՀՀ հավաքականի նկատմամբ վերջին՝ 3-րդ հաղթանակը բելառուսները տարել են 2012թ. օգոստոսի 15-ին Երևանում կայացած ընկերական խաղում՝ 2-1: Հավաքականի գլխավոր մարզիչը Վարդան Մինասյանն էր, իսկ մեր խփած միակ գոլը գրանցվել էր մրցակցի պաշտպան Դմիտրի Վերխովցևի օգտին, որը գրավել էր սեփական դարպասը:
Մարտի 29-ին Երևանում կայանալիք մրցակիցների հերթական մրցավեճում Հայաստանի հավաքականում հնարավոր է ֆուտբոլիստների նորամուտներ գրանցվեն: Իսկ հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը հանդիպմանը մասնակցելու դեպքում 95-րդ անգամ խաղադաշտ դուրս կգա: Նա կշրջանցի Ռոման Բերեզովսկուն և կընդգրկվի Հայաստանի հավաքականի պատմության ամենափորձառու ֆուտբոլիստների եռյակում Սարգիս Հովսեփյանի (132 խաղ) և Հենրիխ Մխիթարյանի (95) հետ միասին: