Եղբորս 2-3 տարով ուղարկելու եմ Դաղստան. IShowSpeed-ի խնդրանքը Մախաչևին
Բլոգեր IShowSpeed-ն անսովոր խնդրանքով է դիմել UFC-ի կիսամիջին քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևին: Վերջերս սոցցանցերում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ ամերիկացին կշտամբում է իր եղբորը՝ Ջամալին, թույլ ֆիզիկական պատրաստվածության համար. հոլովակում վերջինս չի կարողանում երեքից ավելի հենում-ծալում կատարել: Մախաչևը մեկնաբանություն էր թողել այդ տեսանյութի տակ, ինչից հետո IShowSpeed-ը որոշել է դիմել նրան:
Բլոգերը հենց Ջամալի ներկայությամբ, ուղիղ եթերում հայտարարել է, որ գրելու է Իսլամին՝ եղբորը Դաղստան ուղարկելու հարցով:
«Իսլամի հետ 2-3 տարի կանցկացնես ու կփոխես կյանքդ: Նա լեգենդ է: Վախենո՞ւմ ես: Բայց չէ՞ որ այդպես տղամարդ չես դառնա: Նա քեզ տղամարդ կդարձնի»,- հայտարարել է IShowSpeed-ը:
Դաղստան այցելելու մասին Մախաչևի արտահայտությունը վերջերս մեմ է դարձել: Իսլամը խորհուրդ էր տվել UFC-ի նախկին չեմպիոն Դանիել Կորմյեին որդուն ուղարկել Դաղստան՝ ըմբշամարտի հիմքերը սովորելու համար:
Կորմյեն զգուշացրել էր, որ որդուն մենակ չի ուղարկի և հաստատ ոչ երկար ժամանակով՝ առավելագույնը մի քանի շաբաթով: Սակայն Մախաչևը հնչեցրել էր իր արդեն հայտնի դարձած հայտարարությունը.
«Ուղարկիր որդուդ Դաղստան 2-3 տարով ու մոռացիր: Կարող ես նրան զանգել կես տարին մեկ անգամ»: