Հայաստանի գավաթ. քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումներին ընդառաջ
Ապրիլի 1-ին մեկնարկում է Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումների փուլը:
Sportmedia.am-ը ներկայացնում է գավաթային հանդիպումների անոնսը։
«Նոա» - «Փյունիկ»
Ապրիլի 1, ժամը՝ 16:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր
2 խաղ, «Նոան» հաղթել է 1 անգամ, «Փյունիկը»՝ 1, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 2-4
1/4 եզր. 1-ին խաղ. 05.03.2026 «Փյունիկ» -«Նոա»՝ 1-2 (0-0)
Գոլերը՝ 0-1՝ Վալենտին Կոստակե 47՛, 1-1՝ Խավիեր Մորենո 57՛, 11մ, 1-2՝ Հովհաննես Համբարձումյան 67՛:
1. Գավաթի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Նոան» ռևանշի հասավ «Փյունիկի» նկատմամբ մրցակիցների միջև մինչև այդ կայացած գավաթային միակ հանդիպման ժամանակ կրած պարտության դիմաց: Այդ հանդիպումը կայացել էր 2022թ. նոյեմբերի 26-ին գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում և ավարտվել էր «Փյունիկի» 3-0 հաշվով հաղթանակով:
Աբովյանում կայանալիք պատասխան խաղում թեժ մրցակցություն է ընթանալու կիսաեզրափակչի ուղեգրի համար: Երկու թիմերն էլ հաջող են սկսել մրցաշրջանի գարնանային հատվածը և լի են վճռականությամբ պայքարելու գավաթի համար:

2. «Փյունիկը» գավաթի ընթացիկ խաղարկությունը սկսել է 1/8 եզրափակչից՝ 3 անպատասխան գնդակ խփելով «Գանձասարին»: Գոլերի հեղինակներ էին դարձել Մարիուս Նուբիսին, Դանիիլ Կուլիկովը և Միխայիլ Կովալենկոն: Դանիիլ Կուլիկովը դարձել էր գավաթի մրցաշարերում «Փյունիկի» հոբելյանական՝ 300-րդ գոլի հեղինակը:
Հայաստանի ութակի գավաթակիր «Փյունիկն» արդեն 10 տարի է, ինչ պատվավոր մրցանակի նվաճման բերկրանքը չի վայելել: «Փյունիկը» վերջին անգամ գավաթակիր է դարձել 2014/15թթ. խաղարկությունում՝ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ եզրափակչում 3-1 հաշվով հաղթելով «Միկային»: Դրանից հետո գավաթի եզրափակչում փյունիկցիները միայն մեկ անգամ են խաղացել՝ 2017թ. 0-3 հաշվով պարտվելով «Շիրակին»:
Գավաթի նախորդ 3 խաղարկություններում փյունիկցիները մշտապես հաղթահարել են քառորդ եզրափակչի արգելքը: 2022/23թթ. մրցաշարում «Փյունիկը» հաղթել էր «Նոային» (3-0), հաջորդ տարի պայքարից դուրս էր մղել «Վանին» (5-3), իսկ 2024/25թթ. քառորդ եզրափակչում երկու խաղերում էլ առավելության էր հասել «Լեռնային Արցախի» նկատմամբ՝ 7-2, 5-2:
3. Գործող գավաթակիր «Նոան» իր տիտղոսի պաշտպանության համար պայքարը սկսել է քառորդ եզրափակչից: 8 անգամ մասնակցելով գավաթի մրցաշարերին, «Նոան» 2 անգամ մտել է եզրափակիչ և երկու դեպքում էլ պատվո շրջան է կատարել գավաթով:
Թիմի առաջին հաջողությունը գրանցվել է 2019/20թթ. մրցաշրջանում, որում «Նոան» Իգոր Պիկուշչակի գլխավորությամբ գերարդյունավետ եզրափակչում (5-5) հետխաղյա 11մ հարվածաշարում հաղթել է «Արարատ-Արմենիային»: Գավաթի նախորդ խաղարկությունում էլ «Նոան» Ռուի Մոտայի գլխավորությամբ 3-1 հաշվով կրկին առավելության էր հասել «Արարատ-Արմենիայի» նկատմամբ։

«Նոային» առայժմ 3 անգամ է հաջողվել հաղթահարել քառորդ եզրափակչի արգելքը: 2019/20թթ. այդ փուլում «Նոան» նվազագույն հաշվով հաղթել է «Վանին», հաջորդ մրցաշրջանում էլ առավելության է հասել «Ուրարտուի» նկատմամբ՝ 2-0, 2-2: Իսկ 2024/25թթ. խաղարկությունում չեմպիոնը պայքարից դուրս է մղել «Գանձասարին»՝ 3-0, 4-0:
Դիմակայության լավագույն ռմբարկուն
«Փյունիկ»՝ Լուկա Յուրիչիչ – 2 գոլ:
«Ուրարտու» - «Արարատ»
Ապրիլի 1, ժամը՝ 19:00, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ
12 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 8 անգամ, «Արարատը»՝ 3, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 20-10
1/4 եզր. 1-ին խաղ. 03.03.2026 «Արարատ» - «Ուրարտու»՝ 0-3 (0-0)
Գոլերը՝ 0-1՝ Արտեմի Գունկո 81՛, 0-2՝ Կարեն Մելքոնյան 90+1՛, 11մ, 0-3՝ Արտեմի Գունկո 90+7՛:
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. Առաջին խաղում գրանցված խոշոր հաշվով հաղթանակի շնորհիվ «Ուրարտուն» կիսաեզրափակչի ուղեգրի նվաճման լուրջ հայտ է ներկայացրել: Բոլոր նախադրյալները կան գավաթի մրցաշարում պայքարը շարունակելու համար:
Հայաստանի առաջին գավաթակիր և պատվավոր մրցանակը 4 անգամ նվաճած «Ուրարտուն» 1/8 եզրափակչում 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Վանի» դարպասը: Այդ խաղում Կարեն Մելքոնյանը դուբլի հեղինակ է դարձել, մեկական գոլ էլ խփել են Էդիկ Վարդանյանն ու Օլեգ Պոլյակովը:
.webp)
«Ուրարտուն» 27-րդ անգամ է հանդես գալիս գավաթի քառորդ եզրափակիչ փուլում և միայն 4 անգամ չի կարողացել կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել: Վերջին անգամ դա տեղի է ունեցել գավաթի նախորդ խաղարկությունում, երբ Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ «Ուրարտուն» պարտվել է «Արարատ-Արմենիային»՝ 0-1, 1-2:
2. Հայաստանի վեցակի գավաթակիր «Արարատը» նախորդ 3 մրցաշրջաններում անհաջող է խաղացել՝ պայքարից դուրս մնալով առաջին իսկ փուլից: Իսկ ահա գավաթի ընթացիկ խաղարկությունում արարատցիներին վերջապես հաջողվեց հաղթահարել առաջին փուլի արգելքը՝ 1/8 եզրափակչում հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթելով «Սարդարապատին»: Արարատցիներից աչքի ընկան Աբուբակար Ուատարան, Մամադու Դումբիան և Գոռ Լուլուկյանը:
Վերջին անգամ արարատցիները քառորդ եզրափակչի արգելքը հաղթահարել են 2021/22թթ. մրցաշարում՝ Հովհաննես Նազարյանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթելով «Նոային»: Իսկ Հայաստանի գավաթն «Արարատը» վերջին անգամ նվաճել է 2021թ.՝ Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ եզրափակչում 3-1 հաշվով հաղթելով «Ալաշկերտին»:

3. Գավաթի խաղարկություններում «Ուրարտուի» և «Արարատի» ճանապարհները 8-րդ անգամ են հատվում: Մրցակիցների գավաթային դիմակայությունում 5 անգամ հաջողությունն ուղեկցել է «Բանանցին», 2 անգամ առավելության են հասել արարատցիները:
Գավաթի մրցաշարում մրցակիցների առաջին ծանոթությունը տեղի է ունեցել 1992թ. ապրիլի 15-ին «Հրազդան» մարզադաշտում կայացած 1/8 եզրափակչի խաղում: Նորաստեղծ «Բանանցը» Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ իսկական անակնկալ մատուցեց՝ 2-0 հաշվով պարտության մատնելով փորձառու արարատցիներին: «Բանանցին» հաղթանակ պարգևեց Աշոտ Բարսեղյանի դուբլը:
«Արարատն» ու «Բանանցը» պատվավոր մրցանակի համար 2 անգամ հանդիպել են եզրափակչում: 2007թ. մայիսի 9-ին «Հանրապետական» մարզադաշտում կայացած վճռորոշ խաղում «Բանանցը» չեխ Յան Պոշտուլկայի» գլխավորությամբ լրացուցիչ ժամանակում հաղթել է 3-1 հաշվով: Խաղի հիմնական ժամանակում արարատցի Մարկոս Պիզելիի խփած գոլին «Բանանցը» պատասխանել էր Սեմյոն Մուրադյանի գոլով: Լրացուցիչ ժամանակում «Բանանցին» հաղթանակ էին պարգևել Արամ Բարեղամյանի և Սեմյոն Մուրադյանի խփած գնդակները:
Մեկ տարի անց նույն օրն Իջևանի «Արնար» մարզադաշտում կայացած գավաթի եզրափակչում Վարուժան Սուքիասյանն իր սաների հետ ռևանշի հասավ «Բանանցի» նկատմամբ, որին մարզում էր բուլղարացի Նեդելչո Մատուշևը: Կրկին խաղի հիմնական ժամանակում գրանցվեց ոչ-ոքի՝ 1-1: Հաշիվը բացեց բուլղարացի Մարկո Գանչևը, 2-րդ խաղակեսում արարատցի Վահագն Մինասյանը վերականգնեց հավասարակշռությունը: «Արարատին» հաղթանակ պարգևեց լրացուցիչ ժամանակում Մարկոս Պիզելիի խփած գոլը:
Մրցակիցների գավաթային նախորդ դիմակայությունը կայացել է 2018/19թթ. խաղարկության քառորդ եզրափակչում, որում «Բանանցը» հաղթել է 2 խաղերում էլ՝ 3-1, 1-0:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Ուրարտու»՝ Աշոտ Բարսեղյան, Սեմյոն Մուրադյան, Ադամու Աբդուլլահի, Արտեմի Գունկո - 2- ական գոլ:
«Արարատ»՝ Վահե Յաղմուրյան, Մարկոս Պիզելի - 2-ական գոլ:
«Անդրանիկ» - «Սյունիք»
Ապրիլի 2, ժամը՝ 16:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ
1 խաղ, որում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի:
1/4 եզր. 1-ին խաղ. 03.03.2026 «Սյունիք» - «Անդրանիկ»՝ 0-0
84-րդ րոպեին Պետրոս Աֆաջանյանը («Սյունիք») չիրացրեց 11մ հարվածը (Ջեք Լանդրեթը հետ մղեց գնդակը):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Այս խաղում հաղթողն իրավունք կստանա պայքարը շարունակելու կիսաեզրափակչում: Դա մեծ հաջողություն կլինի Առաջին խմբի առաջնության մասնակից թիմի համար: Ճիշտ է, «Սյունիքը», որ մինչև 2021/22թթ. մրցաշրջանը կրում էր «Գանձասար-Կապան» անվանումը ու հանդես էր գալիս Բարձրագույն խմբում, բախտ ունեցել է վայելելու պատվավոր մրցանակի նվաճման բերկրանքը: Այդ հաջողությունը գրանցվել էր գավաթի 2017/18թթ. խաղարկությունում:
«Գանձասար-Կապանն» Աշոտ Բարսեղյանի գլխավորությամբ եզրափակչում հետխաղյա 11մ հարվածաշարում հաղթել էր «Ալաշկերտին»: Խաղի հիմնական ժամանակում հաշիվը չէր բացվել, իսկ լրացուցիչ ժամանակում մրցակիցները մեկական գնդակ էին փոխանակել: Գավաթի այդ խաղարկությունում անցկացրած 5 խաղերում գանձասարցիներն անպարտելի էին մնացել:
Դա գավաթը նվաճելու գանձասարցիների 2-րդ փորձն էր: 2013/14թթ. մրցաշարի եզրափակչում կապանցիները 1-2 հաշվով պարտվել էին «Փյունիկին»։
2. Գավաթի ընթացիկ խաղարկության նախնական փուլում «Սյունիքը» Կապանում 3-1 հաշվով հաղթել էր «Հայքին»: Գոլերի հեղինակներ էին դարձել Յոահիմ Ամիեկորին, Ալեն Կարապետյանն ու Արմեն Հովհաննիսյանը: 1/8 եզրափակչում էլ կապանցիները Էրիկ Սողոմոնյանի խփած միակ գոլի շնորհիվ պայքարից դուրս էին թողել «Կիլիկիային»:
3. «Անդրանիկը» 3-րդ անգամ է մասնակցում Հայաստանի գավաթի խաղարկությանը: Նախորդ երկու խաղարկություններում Վարդենիսը ներկայացնող թիմը նախնական փուլում մեկական խաղ է անցկացրել՝ պարտվելով համապատասխանաբար ԲԿՄԱ-ին (0-6) և «Վանին» (0-3):
Եվ ահա գավաթի ընթացիկ խաղարկությունում «Անդրանիկը» ոչ միայն բացեց գոլերի հաշիվը, այլև առաջին հաղթանակը տարավ պատվավոր մրցանակի մրցաշարերում՝ նախնական փուլում 3-0 հաշվով առավելության հասնելով «Բենտոնիտի» նկատմամբ: Թիմի առաջին գոլի հեղինակն Իսմաիլ Օգունսոլա Օլավալեն էր:
1/8 եզրափակչում էլ «Անդրանիկը» 2 անպատասխան գնդակ խփեց ԲԿՄԱ-ի դարպասը: Աչքի ընկան Կայ Մորոզումին և Խուան Բարենեչին։

4. «Անդրանիկն» ու «Սյունիքն» Առաջին խմբի առաջնությունում հաջող են հանդես գալիս: 22-րդ տուրում «Սյունիքը» սեփական դաշտում 2-1 հաշվով հաղթեց «Վան-2-ին», իսկ «Անդրանիկը» տանը պարտության մատնեց «Ուրարտու-2-ին» (4-2): «Սյունիքը» 22 խաղում վաստակած 52 միավորով 2-րդ տեղում է, «Անդրանիկը» 47 միավորով ընթանում է 4-րդ հորիզոնականում:
«Շիրակ» - «Արարատ-Արմենիա»
Ապրիլի 2, ժամը՝ 19:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ
1 խաղ, որում հաղթել է «Արարատ-Արմենիան», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 0-1:
1/4 եզր. 1-ին խաղ. 04.03.2026 «Արարատ-Արմենիա» - «Շիրակ»՝ 1-0 (1-0)
Գոլը՝ 1-0՝ Ալիունե Նդուր 45+1՛:
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Առաջին խաղում գրանցված նվազագույն հաշիվը «Շիրակին» ռևանշի հասնելու լավ հնարավորություններ է թողնում: «Շիրակը» գավաթային պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Արարատի Արաքսի» դարպասը: Գոլերի հեղինակներ են դարձել Ռաֆիկ Միսակյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Վարդան Թովմասյանն ու Գրիգոր Ղումաշյանը:
«Շիրակը» 30-րդ անգամ է հանդես գալիս գավաթի քառորդ եզրափակչում: 16 անգամ գյումրեցիները կիսաեզրափակիչ են մտել: Իսկ ահա նախորդ 7 խաղարկություններում շիրակցիներին միայն 2 անգամ է հաջողվել հաղթահարել քառորդ եզրափակչի արգելքը (2022/23թթ.՝ «Վան»՝ 2-0, 2023/24թթ.՝ «Կիլիկիա»՝ 1-0):
Հայաստանի կրկնակի գավաթակիրը վերջին անգամ պատվավոր մրցանակը նվաճել է 2016/17թթ. մրցաշրջանում՝ եզրափակչում 3-0 հաշվով հաղթելով «Փյունիկին»:
2. «Արարատ-Արմենիան» 9-րդ անգամ է մեկնարկում Հայաստանի գավաթի մրցաշարերում: Թիմի համար առայժմ ամենահաջողը 2023/24թթ. խաղարկությունն էր, որում «Արարատ-Արմենիան» Վարդան Մինասյանի գլխավորությամբ նվաճեց պատվավոր մրցանակը՝ եզրափակչում հետխաղյա 11մ հարվածներով հաղթելով «Ուրարտուին» (հիմնական և լրացուցիչ ժամանակում գրանցվել էր ոչ-ոք՝ 1-1):

Գավաթը նվաճելու «Արարատ-Արմենիայի» մյուս երկու փորձերն անհաջողության են մատնվել:
5 անգամ «Արարատ-Արմենիան» հաջողությամբ հաղթահարել է քառորդ եզրափակչի արգելքը: Գավաթի նախորդ խաղարկության քառորդ եզրափակչում երևանյան ակումբը հաղթել էր «Ուրարտուին»՝ 1-0, 2-1։