Անդրանիկի պատմական նվաճումը, Արարատ-Արմենիայի տպավորիչ ցուցանիշը. գավաթի քառորդ եզրափակիչ փուլը՝ 10 փաստով
4 հանդիպումներով ավարտվեց Հայաստանի գավաթի 2025/26թթ. խաղարկության քառորդ եզրափակիչ փուլը: Պատվավոր մրցանակի համար վիճակահանությամբ կիսաեզրափակչում կմրցեն «Անդրանիկ» - «Ուրարտու», «Արարատ-Արմենիա» - «Նոա» զույգերը:
Sportmedia.am-ը գավաթի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1. Կայացած 4 հանդիպումներից մեկում հաղթեցին դաշտի տերերը, 2-ում հաջողությունն ուղեկցեց հյուրերին, մեկ խաղում էլ գրանցվեց ոչ-ոքի: Գավաթի ընթացիկ խաղարկությունում անցկացված 19 հանդիպումներում դաշտի տերերն ու հյուրերը 8-ական հաղթանակ են տարել, 3 խաղ ավարտվել է ոչ-ոքի:
Պատասխան հանդիպումներն աչքի ընկան բարձր արդյունավետությամբ. 4 խաղում խփվեց 18 գոլ (միջինը մեկ խաղում՝ 4,5 գոլ): Անցկացված 19 հանդիպումներում 57 գոլ է գրանցվել (միջինը մեկ խաղում՝ 3 գոլ):
2. «Ուրարտուն» գավաթի ընթացիկ խաղարկությունում առաջին պարտությունը կրեց՝ 2-3 հաշվով զիջելով «Արարատին»: Սակայն դա չխանգարեց Ռոբերտ Արզումանյանի սաներին կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել, քանի որ առաջին խաղում 3 անպատասխան գնդակ էին խփել մրցակցի դարպասը: «Ուրարտուն» 23-րդ անգամ հանդես կգա գավաթի կիսաեզրափակչում:

3. «Անդրանիկը» պատմական նվաճման հասավ՝ թիմի կենսագրությունում առաջին անգամ գավաթի կիսաեզրափակչի ուղեգիր նվաճելով: Վարդենիսը ներկայացնող թիմն ընդամենը 3-րդ անգամ է մասնակցում Հայաստանի գավաթի խաղարկությանը: Միայն ընթացիկ խաղարկությունում է «Անդրանիկը» բացել գոլերի հաշիվն ու առաջին հաղթանակն է տոնել գավաթի մրցաշարերում:
4. «Արարատ-Արմենիան» քառորդ եզրափակչի մասնակիցներից միակն էր, որ պատասխան խաղում էլ հաղթեց մրցակցին: Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը նաև միակն է, որ գավաթի ընթացիկ խաղարկությունում դեռ գոլ բաց չի թողել:
5. Գավաթի մրցաշարերում 2-րդ անգամ մրցելով «Փյունիկի» հետ, «Նոան» առաջին անգամ հաղթահարեց մրցակցի արգելքը՝ առավելության հասնելով երկու խաղերի ընդհանուր արդյունքով՝ 2-1, 2-2: Մրցակիցների գավաթային առաջին դիմակայությունը կայացել էր 2022թ. նոյեմբերի 26-ին մրցանակի խաղարկության քառորդ եզրափակչում և ավարտվել էր «Փյունիկի» 3-0 հաշվով հաղթանակով։

6. «Արարատը» գավաթի մրցաշարերում հոբելյանական՝ 60-րդ հաղթանակը տարավ, որը սակայն չօգնեց թիմին շարունակելու պայքարը: «Արարատի» ցուցանիշը 4-րդն է «Փյունիկից» (88 հաղթանակ), «Ուրարտուից» (66) և «Շիրակից» (63) հետո:
7. Արամ Խամոյանն առաջին գոլը խփեց «Նոայում»՝ բացելով գոլերի հաշիվը Հայաստանի գավաթի խաղարկություններում: «Նոային» պարտությունից փրկած Մարին Յակոլիշն էլ գավաթի մրցաշարերում իր անվան դիմաց առաջին գոլը գրանցեց:
8. Ալեքսանդր Միլկովիչն էլ առաջին գոլը խփեց գավաթային հանդիպումներում: Իսկ Կառլեն Հովհաննիսյանը բացեց գոլերի հաշիվը «Փյունիկում» պաշտոնական մրցումներում: Գավաթի մրցաշարերում Հովհաննիսյանը 3-րդ գոլը խփեց: Նախորդ երկուսը նրա օգտին գրանցվել էին ԲԿՄԱ-ի կազմում խաղալիս:
9. «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Ալեքսանդր Լլովեն և Նիկոլաս Կալուկյանը, արարատցիներ Գայ Ֆելիքս Լիման ու Մուսա Կանտեն բացեցին գոլերի հաշիվը գավաթի մրցաշարերում:

10. Վելթոնն առաջին գոլը խփեց «Արարատ-Արմենիայում», իսկ նրա թիմակից Պաուլ Այոնգոն բացեց գոլերի հաշիվը գավաթի մրցաշարերում: Իրենց հաշվին գավաթային առաջին գոլերը գրանցեցին նաև սյունիքցի Պետրոս Աֆաջանյանը, «Անդրանիկի» ֆուտբոլիստներ Միքայել Նդիդին, Վաչե Հակոբյանն ու դուբլի հեղինակ դարձած Օնորե Կամիլ Յեն։