Fastex Պրեմիեր լիգա. 20-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ
Ապրիլի 4-ին կմեկնարկի Fastex Պրեմիեր լիգայի 20-րդ տուրը:
Sportmedia.am-ը ներկայացնում է տուրի անոնսը։
«Արարատ» - «Վան»
Ապրիլի 4, ժամը՝ 19:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
20 խաղ, «Արարատը» հաղթել է 11 անգամ, «Վանը»՝ 5, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 22-21
1-ին շրջան. 09.08.2025 «Արարատ» - «Վան»՝ 0-1 (0-0)
Գոլը՝ 0-1՝ Էրիկի Ռոդրիգես 47՛:
2-րդ շրջան. 07.03.2026 «Վան» - «Արարատ»՝ 1-2 (0-0)
Գոլերը՝ 1-0՝ Մաուրո Նետու 76՛, 1-1-1-2՝ Մամադու Դումբիա 85՛, 90+7՛, 11մ:
«Արարատ»՝ 10-րդ տեղ (6 միավոր), «Վան»՝ 6-րդ տեղ (22 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Արարատը» դուրս մնաց Հայաստանի գավաթի խաղարկությունից՝ թեև քառորդ եզրափակչի պատասխան խաղում 3-2 հաշվով հաղթեց «Ուրարտուին», որից 3 անպատասխան գնդակ էր ընդունել սեփական դաշտում կայացած գավաթային առաջին մրցավեճում:
Առաջնությունում էլ թիմի գործերը վատ են ընթանում: Գարնանային հատվածի առաջին խաղում «Վանին» հաղթելուց հետո արարատցիները 2 անընդմեջ պարտություն կրեցին «Գանձասարից» (0-2, 1-2):
2. «Վանն» «Արարատ-Արմենիային» հյուրընկալվելիս 0-3 հաշվով պարտվելուց հետո Չարենցավանում լուրջ դիմադրություն ցույց տվեց առաջնության առաջատարներից մեկին՝ դրամատիկ պայքարում գրանցելով մարտական ոչ-ոքի (2-2): Թիմին պարտությունից փրկած Արիս Կարապետյանը բացեց գոլերի հաշիվը Fastex Պրեմիեր լիգայում:

3․ Եթե Ջոնել Դեսիրեին հաջողվի «Վանում» նորամուտը գոլով նշել, ապա կխփի Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 50-րդ գնդակը: Իսկ «Վանի» բաց թողած գոլը կլինի 300-րդը պաշտոնական մրցումներում:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Արարատ»՝ Մամադու Դումբիա – 3 գոլ:
«Վան»՝ Մոմո Տուրե - 3 գոլ:
«Նոա» - ԲԿՄԱ
Ապրիլի 5, ժամը՝ 16:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր
17 խաղ, «Նոան» հաղթել է 10 անգամ, ԲԿՄԱ-ն՝ 3, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 33-13
1-ին շրջան. 06.12.2025 «Նոա» - ԲԿՄԱ՝ 2-3 (1-3)
Գոլերը՝ 0-1՝ Գրենիկ Պետրոսյան 3՛, 1-1՝ Հելդեր Ֆեռեյրա 9՛, 1-2՝ Գրենիկ Պետրոսյան՝ 23՛, 1-3՝ Նարեկ Հովհաննիսյան 44՛, 2-3՝ Հելդեր Ֆեռեյրա 55՛:
2-րդ շրջան. 08.03.2026 ԲԿՄԱ - «Նոա»՝ 0-2 (0-1)
Գոլերը՝ 0-1՝ Մարկ Ավետիսյան 45՛, ինքնագոլ, 0-2՝ Հելդեր Ֆեռեյրա 90+8՛, 11մ:
«Նոա»՝ 5-րդ տեղ (32 միավոր), ԲԿՄԱ՝ 8-րդ տեղ (15 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Գործող գավաթակիրն իր տիտղոսի պաշտպանության ճանապարհին առաջին լուրջ քայլը կատարեց՝ քառորդ եզրափակչում առավելության հասնելով «Փյունիկի» նկատմամբ: Պատասխան խաղում գրանցված ոչ-ոքին (2-2) Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմին կիսաեզրափակչի ուղեգիր պարգևեց, քանի որ մրցակիցների առաջին մրցավեճում չեմպիոնը հաղթել էր 2-1 հաշվով:
Առաջնության գարնանային հատվածն էլ «Նոան» գերազանց է սկսել՝ հաղթելով ԲԿՄԱ-ին (2-0) և «Շիրակին» (2-0, 3-0): Այդ հանդիպումներում Արթուր Կոնեգլյանը դարպասն անառիկ է պահել:
2․ ԲԿՄԱ-ն անհաջող է սկսել առաջնության գարնանային հատվածը՝ 3 հանդիպումներում էլ զիջելով մրցակիցներին («Նոա»՝ 0-2, «Ուրարտու»` 1-4, 0-1): Վերջին հաղթանակն առաջնությունում բանակայինները տարել են անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին՝ 3-2 հաշվով հաղթելով չեմպիոնին, որով ընդհատել էին Հայաստանի առաջնություններում «Նոայից» կրած 6 անընդմեջ պարտությունների տխուր շարքը:

Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Նոա»՝ Հելդեր Ֆեռեյրա - 6 գոլ:
ԲԿՄԱ՝ Գրենիկ Պետրոսյան - 4 գոլ:
«Ուրարտու» - «Գանձասար»
Ապրիլի 5, ժամը՝ 19:00, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ
5 խաղ, որոնցից 4-ում հաղթել է «Ուրարտուն», մեկում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 11-3
1-ին շրջան. 09.08.2025 «Ուրարտու» - «Գանձասար»՝ 1-0 (0-0)
Գոլը՝ 1-0՝ Արման Ղազարյան 81՛:
2-րդ շրջան. 06.03.2026 «Գանձասար» - «Ուրարտու»՝ 2-2 (2-0)
Գոլերը՝ 1-0՝ Շունտո Կանդա 6՛, 2-0՝ Մարիանո Ահուանգբո 13՛, 2-1՝ Անտոն Բրատկով 48՛, 2-2՝ Նարեկ Աղասարյան 73՛:
«Ուրարտու»՝ 3-րդ տեղ (36 միավոր), «Գանձասար»՝ 7-րդ տեղ (17 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1․ «Ուրարտուն» հաջողությամբ հաղթահարեց գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլը՝ թեև պատասխան խաղում 2-3 հաշվով պարտվեց «Արարատին», որի դարպասը հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ էր խփել:
Առաջնությունում էլ «Ուրարտուն» հաջող է խաղում: Ռոբերտ Արզումանյանի սաներն առաջնության վերջին 12 հանդիպումներում անպարտելի են՝ տոնելով 7 հաղթանակ, 5 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին պարտությունն առաջնությունում «Ուրարտուն» կրել է անցյալ տարվա սեպտեմբերի 14-ին՝ սեփական դաշտում 2-3 հաշվով զիջելով «Արարատ-Արմենիային»:
2․ «Գանձասարը» հաջող է սկսել առաջնության գարնանային հատվածը: Մեկնարկային տուրում Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմը մարտական ոչ-ոքի էր գրանցել «Ուրարտուի» հետ (2-2), այնուհետև 2 անգամ հաղթել էր «Արարատին»՝ 2-0, 2-1:

3․ Մրցակիցների միջև կայացած առաջնության 2-րդ շրջանի խաղում «Գանձասարին» վերջապես հաջողվեց առաջին միավորը վաստակել «Ուրարտուի» հետ մրցավեճում: Իսկ մինչև այդ 4 հանդիպումներում էլ հաղթել էր «Ուրարտուն», ընդ որում միայն նախորդ առաջնության 3-րդ շրջանի խաղում էր «Գանձասարը» գրավել մրցակցի դարպասը: Այդ խաղում «Ուրարտուն» 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ, իսկ հաղթական գոլը Վլադիսլավ Յակովլևը խփեց ավելացված ժամանակի 7-րդ րոպեին:
4․ Եթե Բրունո Միշելին հաջողվի գրավել «Գանձասարի» դարպասը, ապա առաջնությունում 17-րդ գոլը կխփի և կգերազանցի թիմի նախկին լեգեոնական Բրունո Կորեայի մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը: Վերջինս 2011թ. առաջնությունում 16 գոլի հեղինակ էր դարձել:
Դիմակայության լավագույն ռմբարկուն
«Ուրարտու»՝ Կարեն Մելքոնյան - 3 գոլ:
«Շիրակ» - «Փյունիկ»
Ապրիլի 6, ժամը՝ 17:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ
104 խաղ, «Շիրակը» հաղթել է 29 անգամ, «Փյունիկը»՝ 59, գրանցվել է 16 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 103-172
1-ին շրջան. 11.08.2025 «Շիրակ» - «Փյունիկ»՝ 0-0
2-րդ շրջան. 09.03.2026 «Փյունիկ» - «Շիրակ»՝ 3-0 (2-0)
Գոլերը՝ 1-0-2-0՝ Մոմո Յանսանե 7 ՛, 39՛, 3-0՝ Էդգար Մալաքյան 63՛:
«Շիրակ»՝ 9-րդ տեղ (10 միավոր), «Փյունիկ»՝ 1-ին տեղ (38 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1․ «Շիրակը» դուրս մնաց Հայաստանի գավաթի խաղարկությունից՝ Գյումրիում կայացած քառորդ եզրափակչի պատասխան խաղում կրկին պարտվելով «Արարատ-Արմենիային» (0-2): Հիշեցնենք, որ առաջին խաղում շիրակցիները մրցակցին զիջել էին նվազագույն հաշվով:
Առաջնությունում էլ շիրակցիներն անհաջող են հանդես գալիս՝ պարտվելով գարնանային հատվածում անցկացրած 3 խաղերում էլ («Փյունիկ»` 0-3, «Նոա»՝ 0-2, 0-3), որոնցում չեն գտել մրցակցի դարպասի բանալին: «Շիրակը» 4 անընդմեջ պարտություն է կրել, իսկ վերջին հաղթանակը տարել է անցյալ տարվա նոյեմբերի 22-ին՝ նվազագույն հաշվով առավելության հասնելով «Գանձասարի» նկատմամբ:
2․ Առաջնությունում 5 անընդմեջ հաղթանակ տարած «Փյունիկն» անհաջողության մատնվեց գավաթի մրցաշարում՝ դուրս մնալով հետագա պայքարից: Գավաթի քառորդ եզրափակչի պատասխան խաղում փյունիկցիներին չհաջողվեց ռևանշի հասնել առաջին հանդիպման ժամանակ սեփական դաշտում 1-2 հաշվով «Նոայից» կրած պարտության դիմաց: Գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2-2:

3․ Հենրի Ավագյանի համար այս հանդիպումը կլինի 100-րդը Fastex Պրեմիեր լիգայում: Առաջնության վերջին 5 հանդիպումներում նա դարպասն անառիկ է պահել՝ 495 րոպե շարունակ գոլ բաց չթողնելով: Վերջին գոլն առաջնությունում նա բաց է թողել անցյալ տարվա նոյեմբերի 21-ին «Ուրարտուի» հետ հանդիպման 45-րդ րոպեին Բրունո Միշելի հարվածից հետո: «Շիրակի» հետ խաղում առնվազն 5 րոպե գոլ բաց չթողնելու դեպքում Ավագյանը կընդգրկվի դարպասապահների խորհրդանշական «500-ի ակումբում»:
4․ Հանդիպմանը մասնակցելու դեպքում Ալեքսա Վիդիչը Fastex Պրեմիեր լիգայում անցկացրած 108 խաղով կդառնա ՀՀ առաջնություններում «Շիրակում» հանդես եկած ամենափորձառու լեգեոնականը: Նա կգերազանցի Մուսա Փոլ Բակայոկոյի ռեկորդային ցուցանիշը, որը թիմի կազմում 107 խաղ էր անցկացրել:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Շիրակ»՝ Արթուր Պետրոսյան - 8 գոլ:
«Փյունիկ»՝ Գևորգ Ղազարյան - 11 գոլ:
«Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ»
Ապրիլի 6, ժամը՝ 19:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր
28 խաղ, «Արարատ- Արմենիան» հաղթել է 15 անգամ, «Ալաշկերտը»՝ 6, գրանցվել է 7 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 43-23
1-ին շրջան. 25.09.2025 «Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ»՝ 2-1 (1-0)
Գոլերը՝ 1-0՝ Արայիկ Էլոյան 32՛, 2-0՝ Ուգո Օլիվեյրա 56՛, 2-1՝ Կարեն Նալբանդյան 90+8՛, 11մ:
2-րդ շրջան. 07.03.2026 «Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա»՝ 1-0 (0-0)
Գոլը՝ 1-0՝ Մոմո Տուրե 57՛:
«Արարատ-Արմենիա»՝ 2-րդ տեղ (38 միավոր), «Ալաշկերտ»՝ 4-րդ տեղ (32 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1․ «Արարատ-Արմենիան» հաջողությամբ հաղթահարեց գավաթի քառորդ եզրափակչի արգելքը՝ պատասխան խաղում կրկին հաղթելով «Շիրակին»: Այս անգամ Մանուել Տուլիպայի սաները 2 անպատասխան գնդակ խփեցին: Առաջին խաղում «Արարատ-Արմենիան» «Շիրակին» պարտության էր մատնել Ալիունե Նդուրի խփած միակ գոլի շնորհիվ:
2․ Չեմպիոնական մրցավազքում իր հիմնական մրցակիցների հետ անցկացրած առաջնության վերջին 5 հանդիպումներում «Ալաշկերտն» ընդամենը 4 միավոր վաստակեց («Նոա»՝ 2-2, «Ուրարտու»՝ 0-2, «Արարատ-Արմենիա»՝ 1-0, «Փյունիկ»՝ 0-1, 0-1), որի հետևանքով նահանջեց 4-րդ հորիզոնական: Վահե Գևորգյանի գլխավորած թիմը ներկայումս 6 միավոր է զիջում առաջնության առաջատարներ «Փյունիկին» ու «Արարատ-Արմենիային»:

3․ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ 2-րդ շրջանում տարած հաղթանակով «Ալաշկերտն» ընդհատել էր այդ թիմի հետ առաջնությունում առանց հաղթանակների 8 հանդիպումների շարքը (6 պարտություն, 2 ոչ-ոքի): Նախորդ անգամ «Ալաշկերտն» «Արարատ-Արմենիային» հաղթել էր 2023թ. մայիսի 10-ին ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում Յեիսոն Ռասինեսի խփած միակ գոլի շնորհիվ:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Արարատ-Արմենիա»՝ Տենտոն Յենե - 6 գոլ:
«Ալաշկերտ»՝ Կարեն Նալբանդյան - 3 գոլ: