BazaResidence
Ռոնալդուն կարիերայի 969-րդ գոլն է խփել| Ծանրամարտի ԵԱ․ Այսօր մրցահարթակ դուրս կգա Հայաստանի 2 ներկայացուցիչ| Կարեն Նալբանդյան. Շատ ուրախ եմ, որ խաղային իրավիճակից գոլ խփեցի (տեսանյութ)| ՊՍԺ-ն պարտվեց Լիոնին (տեսանյութ)| Յուվենտուսը հաղթեց Բոլոնյային, Միլանը՝ Վերոնային․ Ա Սերիայի խաղային օրվա արդյունքները | Հայտնի են Բարսելոնայի ու Մյունխենի մրցաշարերի հաղթողները|
Հայաստանի գավաթ. Կիսաեզրափակչի առաջին հանդիպումներին ընդառաջ
14 Ապրիլ 2026

Հայաստանի գավաթ. Կիսաեզրափակչի առաջին հանդիպումներին ընդառաջ

Ապրիլի 15-ին կմեկնարկի Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ փուլը:

Sportmedia.am-ը ներկայացնում է գավաթային հանդիպումների անոնսը։

«Անդրանիկ» - «Ուրարտու»

Ապրիլի 15, ժամը՝ 18:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ 

Գավաթի մրցաշարերում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Գավաթի ընթացիկ խաղարկությունում «Անդրանիկն» իր պատմության մեջ աննախադեպ հաջողության է հասել՝ իրավունք ստանալով մասնակցելու կիսաեզրափակիչ փուլին: Վարդենիսը ներկայացնող թիմն ընդամենը 3-րդ անգամ է մասնակցում Հայաստանի գավաթի խաղարկությանը: Նախորդ երկու խաղարկություններում «Անդրանիկը» նախնական փուլում մեկական խաղ էր անցկացրել՝ պարտվելով համապատասխանաբար ԲԿՄԱ-ին (0-6) և «Վանին» (0-3): 

Եվ ահա գավաթի ընթացիկ խաղարկությունում «Անդրանիկը» ոչ միայն բացեց գոլերի հաշիվը, այլև առաջին հաղթանակը տարավ պատվավոր մրցանակի մրցաշարերում՝ նախնական փուլում 3-0 հաշվով առավելության հասնելով «Բենտոնիտի» նկատմամբ: Թիմի առաջին գոլի հեղինակն Իսմաիլ Օգունսոլա Օլավալեն էր: Աչքի էին ընկել նաև Էրիկ Պետրոսյանն ու Խուան Բարենեչին:

1/8 եզրափակչում էլ «Անդրանիկը» 2 անպատասխան գնդակ խփեց ԲԿՄԱ-ի դարպասը: Գոլերի հեղինակներ դարձան Կայ Մորոզումին և Խուան Բարենեչին: 

Կիսաեզրափակչի ուղեգրի համար պայքարում «Անդրանիկը» պայքարից դուրս մղեց «Սյունիքին»: Կապանում կայացած առաջին խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի, իսկ Երևանում «Անդրանիկը» 5-2 խոշոր հաշվով հաղթանակ տարավ: Օնորե Յեն դարձավ դուբլի հեղինակ, մեկական գոլ խփեցին Միքայել Նդիդին, Էրիկ Պետրոսյանն ու Վաչե Հակոբյանը:



2․ Հայաստանի առաջին գավաթակիր և պատվավոր մրցանակը 4 անգամ նվաճած «Ուրարտուն» պայքարը սկսել է 1/8 եզրափակչից՝ 4 անպատասխան գնդակ ուղարկելով «Վանի» դարպասը: Այդ խաղում Կարեն Մելքոնյանը դուբլի հեղինակ է դարձել, մեկական գոլ էլ խփել են Էդիկ Վարդանյանն ու Օլեգ Պոլյակովը:

Քառորդ եզրափակչում Ռոբերտ Արզումանյանի սաները երկխաղյա դիմակայությունում առավելության հասան «Արարատի» նկատմամբ: Առաջին խաղում հյուրընկալվելիս «Ուրարտուն» Արտեմի Գունկոյի դուբլի և Կարեն Մելքոնյանի իրացրած 11մ հարվածի շնորհիվ վստահ հաղթանակ տարավ: Պատասխան խաղում «Ուրարտուն» սեփական դաշտում 2-3 հաշվով պարտվեց, ինչը չխանգարեց կիսաեզրափակիչ դուրս գալու: «Ուրարտուից» գոլերի հեղինակներ դարձան Ալեքսանդր Լլովեն և Նիկոլաս Կալուկյանը:



3․ «Ուրարտուն» 23-րդ անգամ է կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել: Նախկինում թիմին 11 անգամ հաջողվել է կիսաեզրափակչում հաղթահարել մրցակցի արգելքն ու եզրափակչի ուղեգիր նվաճել: Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2023/24թթ. խաղարկությունում, երբ Գյումրիում «Ուրարտուն» 2-1 հաշվով հաղթել է «Շիրակին»: Թիմին հաղթանակ էին պարգևել Անդրեյ Կրավչուկի և Ալեքսանդր Դոլգովի խփած գոլերը:

4․ «Անդրանիկն» Առաջին խմբի առաջնության 23-րդ տուրում Գյումրիում 4 անպատասխան գնդակ է խփել «Շիրակ-2-ին»: Վարդենիսը ներկայացնող թիմը 23 խաղում վաստակած 50 միավորով ընթանում է 5-րդ տեղում՝ 12 միավորով զիջելով առաջատար «Սարդարապատին», որից մեկ խաղ պակաս է անցկացրել:

«Արարատ-Արմենիա» - «Նոա» 

Ապրիլի 16, ժամը՝ 18:30, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր

3 խաղ, «Արարատ-Արմենիան» հաղթել է 1 անգամ, «Նոան»՝ 1, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 9-10

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ



1․«Արարատ-Արմենիան»
գավաթային պայքարը սկսել է քառորդ եզրափակչից՝ առավելության հասնելով «Շիրակի» նկատմամբ: Երևանում կայացած մրցակիցների առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթել էր Ալիունե Նդուրի խփած միակ գոլի շնորհիվ: Գյումրիում էլ Մանուել Տուլիպայի գլխավորած թիմին հաղթանակ էին պարգևել Պաուլ Այոնգոյի և Վելթոնի խփած գոլերը:

«Արարատ-Արմենիան» 6-րդ անգամ է հանդես գալու կիսաեզրափակչում: 3 անգամ թիմին հաջողվել է եզրափակչի ուղեգիր նվաճել, իսկ պատվավոր մրցանակին արժանացել է 2023/24թթ. խաղարկությունում՝ վճռորոշ խաղում հետխաղյա 11մ հարվածներով հաղթելով «Ուրարտուին» (հիմնական և լրացուցիչ ժամանակում գրանցվել էր ոչ-ոքի՝ 1-1):

2․ Գործող գավաթակիր «Նոան» իր տիտղոսի պաշտպանության համար պայքարը ևս սկսել է քառորդ եզրափակչից՝ երկխաղյա դիմակայությունում առավելության հասնելով «Փյունիկի» նկատմամբ: Առաջին խաղում հյուրընկալվելիս «Նոան» Վալենտին Կոստակեի և Հովհաննես Համբարձումյանի խփած գոլերի շնորհիվ հաղթել էր 2-1 հաշվով: Պատասխան խաղում գրանցվել էր մարտական ոչ-ոքի՝ 2-2: Չեմպիոնի կազմում աչքի էին ընկել Արամ Խամոյանն ու Մարին Յակոլիշը:

Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը 4-րդ անգամ է կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել: «Նոային» երկու անգամ հաջողվել է հաղթահարել այդ փուլի արգելքը:

3․ Գավաթի մրցաշարերում մրցակիցները 4-րդ անգամ են հանդիպելու: Երկու անգամ նրանց մրցավեճը կայացել է եզրափակչում: Երկու դեպքում էլ գավաթակիր է դարձել «Նոան» (2019/20թթ.՝ 5-5, 7-6՝ 11մ, 2024/25թթ.՝ 3-1): 

«Արարատ-Արմենիան» «Նոային» հաղթել է 2023/24թթ. խաղարկության քառորդ եզրափակչում՝ 3-2: Հետագայում «Արարատ-Արմենիան» նվաճել է գավաթը: Ստացվում է, որ մրցակիցների մրցավեճում հաղթած թիմը դարձել է Հայաստանի գավաթակիր:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Արարատ-Արմենիա»՝ Յուսուֆ Օտուբանջո, Լուիս Օգանա - 2-ական գոլ:

«Նոա»՝ Վլադիմիր Ազարով, Հելդեր Ֆեռեյրա - 2-ական գոլ:

Նախորդ հոդվածը
Բարսելոնա․ Խաչանովը պարտվեց ու լքեց պայքարը
Հաջորդ հոդվածը
Լիվերպուլը փոխարինող է գտել Ռոբերտսոնին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։