Բարսեղյանի վերադարձն ու նոր անուններ․ Հայաստան-Վրաստան խաղին ընդառաջ
Մարտի 20-ին ու 23-ին ֆուտբոլի Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականները Ազգերի լիգայի B դիվիզիոնի համար անցումային խաղեր կանցկացնեն։
Նախորդ հոդվածում ներկայացրել ենք Վրաստանի հավաքականի կազմը։
Հայաստանի ազգային հավաքական
Հայաստանի ազգային հավաքականի կազմում չկան ֆուտբոլիստներ, որոնք ներկայացնում են թոփ առաջնություններ։ Հրանտ Լեոն-Ռանոսը ներկայացնում է Բունդեսլիգա 2-ը։ Կան ներկայացուցիչներ նաև Սլովակիայից, Ռումինիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Մոլդովայից, Հունգարիայից։
Թիմի առաջատարներից Էդուարդ Սպերցյանի բացակայությունն, իհարկե կազդի մեր ընտրանու խաղի վրա։ Այս պարագայում, հաշվի առնելով նաև խաղի սկզբունքայնությունն ու կարևորությունը, մեծ դեր կունենա թիմի ավագը՝ Վարազդատ Հարոյանը։ Վերջինս, Չինաստանից տեղափոխությունից հետո ստաբիլ խաղաժամանակ է ստանում «Փյունիկի» կազմում և ձմեռային դադարից հետո մասնակցել է թիմի բոլոր խաղերին՝ ընդգրկված լինելով մեկնարկային կազմում։
Հարոյանի կողքին, ամենայն հավանականությամբ, պաշտպանության կենտրոնում կտեսնենք Գեորգի Հարությունյանին։ «Կրասնոդար 2»-ից հեռանալուց հետո Հարությունյանն ամրապնդվել է Հունգարիայի առաջնության առաջատար «Պուշկաշ Ակադեմիայի» մեկնարկային կազմում և աչքի է ընկնում հաջող մրցելույթներով։ Իր հերթին մեր մյուս կենտրոնական պաշտպանը՝ Ստյոպա Մկրտչյանը, որն ապաքինվել է վնասվածքից ու կհասցնի օգնել Հայաստանի հավաքականին, Խորվաթիայի առաջնության վերջին տուրում, ընդգրկված լինելով «Օսիեկի» մեկնարկային կազմում անցկացրել է ամբողջական հանդիպում՝ օգնելով իր թիմին «Վարաժդինի» դեմ խաղում։

Հավաքականի հնաբնակներ Կամո Հովհաննիսյանն ու Հովհաննես Համբարձումյանը նույնպես ստաբիլ խաղաժամանակ են ստանում համապատասխանաբար «Արարատ-Արմենիայի» և «Նոայի» կազմերում։ 32-ամյա Հովհաննիսյանը Վարդան Մինասյանի սիրելի ֆուտբոլիստներից է և մասնակցում է բոլոր հանդիպումներին՝ առանց փոխարինման, իսկ 34-ամյա Համբարձումյանը, չնայած թիմի վերջին 5 խաղերից միայն 3-ին է մասնակցել, այն էլ ոչ ամբողջությամբ, բայց հասցրել է գրավել «Գանձասարի» դարպասն ու դառնալ գոլային փոխանցման հեղինակ «Շիրակի» դեմ խաղում։
«Նոայի» մեկ այլ պաշտպան, 20-ամյա Սերգեյ Մուրադյանը, որը դառնում է հավաքականի մշտական անդամ, երևանյան ակումբի հաջողության գրավականներից մեկն է։ Նա մասնակցել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 18 հանդիպման՝ 16 դեպքում ընդգրկված լինելով մեկնարկային կազմում։
Ներքին առաջնությունում հանդես եկող մեկ այլ պաշտպան՝ Էդգար Գրիգորյանը կրկին հավաքականում է։ Նա Հայաստանի հավաքականի մարզաշապիկը կրել է 4 անգամ՝ 3 դեպքում ընկերական խաղերում։ Գրիգորյանը նույնպես «Արարատ-Արմենիայի» պաշտպանության կառուցման գործի կարևոր դերակատարներից է։
Հետաքրքիր է, որ հոլանդացի մարզիչը հավաքական է հրավիրել 18-ամյա Պետիկ Մանուկյանին։ 2006 թվականին ծնված պաշտպանի համար շատ կարևոր է հավաքի ընթացքում իրեն ճիշտ դրսևորելը։ Արմեն Գյուլբուդաղյանցը վստահում է Մանուկյանին։ Նա ՀՊԼ-ի 18 խաղերից 16-ում ընդգրկված է եղել բանակայինների մեկնարկային կազմում և խաղացել փորձառու պաշտպան Արգիշտի Պետրոսյանի կողքին։ Մանուկյանն ու ԲԿՄԱ-ի մեկ այլ ֆուտբոլիստ՝ 20-ամյա Արայիկ Էլոյանը (6 գոլ, 1 գոլային փոխանցում ՀՊԼ-ի ընթացիկ առաջնությունում) պետք է առավելագույնը քաղեն հավաքականից ստացած փորձից։
Որոշիչ դեր կունենա Նաիր Տիկնիզյանը։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Տիկնիզյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» կազմում խաղադաշտում անցկացրել է 926 րոպե: Նաիրը հավաքականի կազմում հասցրել է դառնալ գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։ Շատ կարևոր է նրա ձախ եզրից կատարած փոխանցումներին հավաքականի հարձակվողների ճիշտ արձագանքը։
ՌՊԼ-ի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Ուգուչուկվու Իվուն, Էդուարդ Սպերցյանի ու Հովհաննես Հարությունյանի բացակայության պայմաններում կդառնա հենակետային դիրքի «թելադրողը»։ 25-ամյա կիսապաշտպանը «Ռուբինի» մեկնարկային կազմում մասնակցել է ՌՊԼ-ի ընթացիկ առաջնության բոլոր հանդիպումներին՝ բոլոր դեպքերում լինելով մեկնարկային կազմում։ Նույն առաջնությունում հանդես եկող Էդգար Սևիկյանը, ցավոք, չամրապնդվեց «Ֆերենցվարոշի» մեկնարկային կազմում և վերադարձավ «Լոկոմոտիվ», որտեղ արդյունավետ գործողությամբ դեռ աչքի չի ընկել, բայց պետք չէ մոռանալ Սևիկյանի հեռահար ու դիպուկ կրակոցները։
Ռումինական լեգեոնը՝ Արթուր Միրանյան, Նարեկ Գրիգորյան. Չնայած Միրանյանը չի համարվում «Ունիվերսիտատյա Կլուժի» հիմնական կազմի ֆուտբոլիստ, բայց արդյունավետ գործողություններով աչքի է ընկնում փոխարինման դուրս գալիս։ Նա Ռումինիայի Սուպերլիգայում իր բոլոր՝ 3 գոլերն էլ խփել է փոխարինման դուրս գալուց հետո։ Չմոռանանք նաև, որ հենց Միրանյանի՝ Լատվիայի ընտրանու դարպասը խփած հաղթական գոլի շնորհիվ հնարավորություն ստացանք Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբում 2-րդ տեղը զբաղեցնելու ու անցումային հանդիպումներին մասնակցելու։ Ի տարբերություն Միրանյանի, Նարեկ Գրիգորյանը «Ֆարուլի» կազմում մասնակցել է Ռումինիայի Սուպերլիգայի նախորդ առաջնության բոլոր՝ 30 հանդիպումներին, 28 անգամ ընդգրկված լինելով թիմի մեկնարկային կազմում։ 24/25 մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը հասցրել է դառնալ 5 գոլի հեղինակ։

Իրենց խոսքն ունեն ասելու նաև Վահան Բիչախչյանը, Հրանտ Լեոն-Ռանոսն ու հավաքական վերադարձած Տիգրան Բարսեղյանը։ Անտեղի ենք համարում խոսել Բարսեղյանի կայուն ու փայլուն ելույթների մասին «Սլովանի» կազմում։ Նա հասցրեց տխրեցնել նույնիսկ «Միլանի» երկրպագուներին՝ Չեմպիոնների լիգայում։ Բիչախչյանը տեղափոխվել է լեհական ֆուտբոլում մեծ ավանդ ունեցող «Լեգիա», որը շարունակում է մրցելույթներն եվրոպական մրցասպարեզում։ Վարշավան ներկայացնող ակումբը Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչում մրցելու է «Չելսիի» հետ։ Գյումրեցի ֆուտբոլիստը «Լեգիայի» կազմում դեռ արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել, բայց ադապտացիոն փուլը հաղթահարելուց հետո, վստահաբար հայ ֆուտբոլիստը երկրպագուներին ուրախացնելու բազմաթիվ առիթներ կպարգևի։
Մոլդովական «Շերիֆի» նորեկ Արթուր Սերոբյանը, մինչ հավաքականին միանալը, հասցրել է նոր թիմի կազմում մասնակցել 2 հանդիպման՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ։
Ավաղ, Հրանտ Լեոն-Ռանոսի մասին խոսելիս, չենք կարող նշել ոչ արդյունավետ գործողությունները, ոչ էլ ստացած խաղաժամանակը։ Մրցաշրջանի 2-րդ մասը «Կայզերսլաութերնում» անցկացնող Ռանոսը նոր թիմի կազմում ստացել է ընդամենը 27 րոպե խաղաժամանակ։
Հարձակման կրակակետում հետաքրքիր կլինի հետևել նաև «Ուրարտուի» նորեկ Նիկոլաս Կալուկյանի խաղին։ Ամբողջ կյանքն ԱՄՆ-ում անցկացրած ֆուտբոլիստը, «Ուրարտու» տեղափոխվելուց հետո հենց առաջին պաշտոնական խաղում դարձավ գոլի հեղինակ։ Նա իր ակտիվ ունի նաև 1 գոլային փոխանցում։ Կալուկյանը հրավիրվել է նաև Հայաստանի Մ21 հավաքական՝ 2023-ին, որտեղ իր անվան դիմաց ունի 1 գոլ։
Վերադառնանք Հայաստան։ Կիսապաշտպանության գոտում ՀՊԼ-ից հրավիրվել են Գոռ Մանվելյանը, Արտակ Դաշյանն ու Սոլոմոն Իմե Ուդոն։ Մանվելյանը «Նոայի» կազմում մասնակցել է նախորդ 5 խաղից 2-ին՝ 2 դեպքում էլ դառնալով գոլի հեղինակ։ 2-րդ երիտասարդությունն ապրող Արտակ Դաշյանը, ՀՊԼ-ի ընթացիկ առաջնության առաջատարի կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ 6 անգամ լինելով թիմի մեկնարկային կազմում՝ դառնալով 1 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։ Հայկական 7 տարբեր ակումբների կազմում հանդես եկած Սոլոմոն Իմե Ուդոն այժմ «փյունիկցի» է։ Վերջինս դարձավ գոլային փոխանցման հեղինակ «Շիրակի» դեմ ՀՊԼ-ի վերջին տուրի խաղում։
Դարպասապահների մասին. Օգնյեն Չանչարևիչը անցած տարվա դեկտեմբերի 4-ին «Արարատ-Արմենիայի» դեմ հանդիպման ընթացքում ստացած վնասվածքից վերջապես նախորդ ամիս ապաքինվեց ու խաղադաշտ դուրս եկավ Օգնյեն Չանչարևիչը։ «Նոան» վերջին 5 խաղերում անառիկ է պահել սեփական դարպասը, իսկ 2 դեպքում դա Օգնյենի «շնորհքն» է։ Նա ընթացիկ մրցաշրջանում հասցրել է անցկացնել 4 «չոր» հանդիպում։
Մյուս դարպասապահներից Արսեն Բեգլարյանը «Վան» տեղափոխությունից հետո անցկացրել է 1 չոր հանդիպում՝ «Վեստ Արմենիայի» դեմ վերջին տուրի խաղում, իսկ Հենրի Ավագյանը, հավաքական հրավիրված 3 դարպասապահներից ՀՊԼ-ի ընթացիկ առաջնությունում ամենաշատ «չոր» խաղ անցկացրածն է՝ 7։ Արդարության համար նշենք, որ Ավագյանը մասնակցել է 16, իսկ Բեգլարյանն ու Չանչարևիչը՝ 10-ական խաղերի։