Հաղթական էներգետիկան Երևանի փողոցներից հասցնենք մարզադաշտ. FAF-ի հայտարարությունը
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլիում Հայաստանի հավաքականն այսօր սեփական հարկի տակ ընդունում է Վրաստանի ընտրանուն:
Խաղից առաջ Հայաստանի հավաքականի երկրպագուների Առաջին հայկական ճակատ՝ FAF շարժման ֆեյսբուքյան էջում հրապարակվել է լուսանկար՝ «Հանրապետական» մարզադաշտից:
«Մենք պատրաստ ենք:
Սիրելի երկրպագուներ, տաք հագնվեք, միացեք երկրպագուների միասնական երթին։ Հաղթական էներգետիկան Երևանի փողոցներից հասցնենք մարզադաշտ»:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստան - Վրաստան խաղից առաջ FAF-ը կազմակերպում է երկրպագուների միասնական երթ` Ֆրանսիայի հրապարակից (Արամ Խաչատրյանի արձանի մոտից): Սախարովի հրապարակում կմիավորվեն FAF-ի և Red Eagles-ի երթերը և միասին կշարժվեն դեպի Հանրապետական մարզադաշտ:
«Հավաքվում ենք 18։00-ից։ Երթի բոլոր մասնակիցներին խնդրում ենք ներկայանալ սև հագուստով, ունենալ հավաքականի կամ Հայաստանի շարֆեր, դրոշներ: Երթը տեղի կունենա եղանակային ցանկացած պայմաններում, ձեզ հետ կարող եք ունենալ անձրևանոց։ Երթը կմեկնարկի 19։00-ին, խաղի սկիզբը` 21։00»
ՀՖՖ մամուլի քարտուղարությունն էլ ավելի վաղ հայտնել էր՝ մարզադաշտում բուռն աջակցություն ապահովելու համար հյուսիսային, հարավային և արևելյան տրիբունաների աթոռների վրա դրված կլինեն եռագույն դրոշի համապատասխան գույնի թղթեր, որոնք պետք է պարզել ՀՀ օրհներգի ժամանակ՝ ամբողջ մարզադաշտում ստանալով եռագույն պատկեր: Աթոռներին կլինեն նաև եռագույն դրոշներ, որոնք ևս պետք է օգտագործվեն հանդիպման ընթացքում: