Մենք կմասնակցենք մրցաշարին, բայց չենք հրաժարվի մեր համոզմունքներից, մշակույթից և հայացքներից․ Իրանի ՖՖ-ի նախագահը ԱՄՆ-ին պայմաններ է ներկայացրել
Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը հայտարարել է, որ Թեհրանը մի շարք պայմաններ է ներկայացրել աշխարհի 2026 թվականի առաջնությունը հյուրընկալող երկրներին՝ ազգային հավաքականի մասնակցության համար պահանջելով հստակ երաշխիքներ։
Այդ պայմանները ներառում են մուտքի արտոնագրերի (վիզաների) տրամադրումը, հարգալից վերաբերմունքը անձնակազմի, Իրանի դրոշի և օրհներգի նկատմամբ։ Թեհրանը նաև պահանջում է անվտանգության բարձր մակարդակ օդանավակայաններում, հյուրանոցներում և այն բոլոր երթուղիներում, որոնք տանում են դեպի մարզադաշտեր։
«Մենք կմասնակցենք մրցաշարին, բայց չենք հրաժարվի մեր համոզմունքներից, մշակույթից և հայացքներից։ Բոլոր խաղացողները և մարզչական շտաբի անդամները, հատկապես նրանք, ովքեր զինվորական ծառայություն են անցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում (ԻՀՊԿ), պետք է առանց խնդիրների վիզաներ ստանան»,- Թաջի խոսքերը մեջբերում է Le Parisien-ը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հավաստիացրել է, որ իրանցի ֆուտբոլիստներին ջերմ կընդունեն, սակայն զգուշացրել է, որ Միացյալ Նահանգները կարող են մերժել պատվիրակության այն անդամների մուտքը, ովքեր կապեր ունեն ԻՀՊԿ-ի հետ։
Իրանի հավաքականն արդեն նվաճել է ԱԱ-2026-ի ուղեգիր և ընդգրկվել G խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Բելգիան, Եգիպտոսը և Նոր Զելանդիան։ Թիմի բոլոր երեք հանդիպումները պետք է կայանան ԱՄՆ տարածքում։
Հիշեցնենք, որ Աշխարհի 2026 թվականի առաջնությունը կանցկացվի հաջորդ ամռանը երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Աշխարհի գործող չեմպիոնը Արգենտինայի հավաքականն է, որը 2022-ի եզրափակիչում 11-մետրանոցներով հաղթեց Ֆրանսիային: