BazaResidence
Ֆլիկն ու Բարսելոնան երկարաձգել են պայմանգիրը․ Ռոմանո| Չեմպիոնության գրանցումը հետաձգվեց, Փյունիկը 3 հոբելյան նշեց. Fastex Պրեմիեր լիգայի 25-րդ տուրը՝ 10 փաստով| Վահե Գևորգյանը՝ Fastex ՊԼ-ի ապրիլի լավագույն մարզիչ| Հայ մարզիկները 9 մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում| Բարսելոնան այսօր կանցկացնի չեմպիոնական շքերթ. հրապարակվել են մանրամասները | Ռեալը ստիպված է վաճառել խաղացողների՝ նոր տրանսֆերներ կատարելու համար. The Athletic|
Չեմպիոնության գրանցումը հետաձգվեց, Փյունիկը 3 հոբելյան նշեց. Fastex Պրեմիեր լիգայի 25-րդ տուրը՝ 10 փաստով
Այսօր 19:00

Չեմպիոնության գրանցումը հետաձգվեց, Փյունիկը 3 հոբելյան նշեց. Fastex Պրեմիեր լիգայի 25-րդ տուրը՝ 10 փաստով

Առաջնության 25-րդ տուրում ոսկե մեդալների հարցը կարող էր հանգուցալուծվել, սակայն «Արարատ-Արմենիան» պարտվեց «Նոային»՝ պահպանելով չեմպիոնական մրցավազքում ինտրիգը:

Sportmedia.am-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 3 հաղթանակ, կրեցին 2 պարտություն: Առաջնությունում անցկացված 124 հանդիպումներում դաշտի տերերը 53 հաղթանակ են տարել, 28 խաղում գրանցվել է ոչ-ոքի, 43 անգամ հաջողության են հասել հյուրերը: 

5 խաղում խփվեց 12 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,4 գոլ): Առաջնության 124 հանդիպումներում 316 գոլ է գրանցվել (միջինը մեկ խաղում՝ 2,54 գոլ): 



2. «Նոան» ընթացիկ առաջնությունում առաջին հաղթանակը տարավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ: Մրցակիցների միջև անցկացված առաջնության վերջին 9 հանդիպումներում «Նոան» 7 հաղթանակ է տարել, մեկ խաղում ոչ-ոքի է գրանցվել և միայն ընթացիկ առաջնության 2-րդ շրջանի խաղում է «Արարատ-Արմենիային» հաջողվել հաղթել: Գործող չեմպիոնը խոշոր հաշվով 2-րդ անընդմեջ հաղթանակը տարավ, որը 7-րդն էր ընթացիկ առաջնությունում:

3. «Արարատ-Արմենիայի» 5 անընդմեջ հաղթանակների և 8 անպարտելի խաղերի տպավորիչ շարքն ընդհատվեց: Նախորդ պարտությունը Հայաստանի կրկնակի չեմպիոնը կրել էր մարտի 7-ին՝ նվազագույն հաշվով զիջելով «Ալաշկերտին»: «Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով առաջին պարտությունը կրեց, 4-րդ անգամ խաղադաշտից հեռացավ առանց գոլ խփելու («Վան»` 0-0, «Փյունիկ»` 0-1, «Ալաշկերտ»` 0-1):

«Նոայի» հետ խաղում բաց թողած 3-րդ գոլը, որի հեղինակը Մաթեուս Այասն էր, ՀՀ առաջնություններում «Արարատ-Արմենիայի» դարպասը խփված 200-րդ գնդակն էր:

4. ԲԿՄԱ-ի 5 անպարտելի խաղերի շարքն ընդհատվեց: Այդ ընթացքում բանակայինները 2-1 հաշվով հաղթել էին «Վանին», 4 հանդիպում ավարտել էին ոչ-ոքի:

5. Վարդան Բիչախչյանը վեցամյա ընդմիջումից հետո վերադարձը «Շիրակ» պարտությամբ նշեց: Շիրակցիներն առաջնությունում 4-րդ անընդմեջ պարտությունը կրեցին: Արդեն 11 խաղ է, ինչ «Շիրակն» առաջնությունում չի հաղթել:

6. Կարեն Նալբանդյանը հստակ իրացնելով 11մ երկու հարվածներն էլ, Fastex Պրեմիեր լիգայում «Ալաշկերտում» ընդհանուր առմամբ խփած 21 գնդակով ընդգրկվեց թիմի պատմության լավագույն ռմբարկուների եռյակում: Առջևում Միհրան Մանասյանն (67 գոլ) ու Արտակ Եդիգարյանն են (48): Ընթացիկ առաջնությունում Նալբանդյանը 13 գոլ է խփել, որից 8-ը՝ 11մ հարվածով:



7. Էմեկա Մադուկան բացեց գոլերի հաշիվը Fastex Պրեմիեր լիգայում՝ դառնալով Հայաստանի առաջնություններում «Վանի» խփած հոբելյանական՝ 200-րդ գոլի հեղինակը: Հոբելյանը նշելու համար «Վանից» 186 խաղ պահանջվեց:

8. ԲԿՄԱ-ի հետ խաղում «Փյունիկը» 3 հոբելյան նշեց: Այդ խաղը պաշտոնական մրցումներում փյունիկցիների 1150-րդ հանդիպումն էր: Մարիուս Նուբիսիի իրացրած 11մ հարվածը դարձավ ՀՀ առաջնություններում «Փյունիկի» անցկացրած հանդիպումներում գրանցված ընդհանուր 2800-րդ գոլը: Իսկ Մոմո Յանսանեի 11մ հարվածով խփած գոլը ՀՀ առաջնություններում «Փյունիկի» հոբելյանական՝ 1950-րդ գնդակն էր:

Մարիուս Նուբիսին առաջնության գարնանային հատվածում առաջին գոլը խփեց, որը Fastex Պրեմիեր լիգայում նրա հոբելյանական՝ 25-րդ գնդակն էր: Նա 7 գնդակով ընթացիկ առաջնությունում «Փյունիկի» լավագույն ռմբարկուն է:



9. Մաթեուս Այասը դառնալով դուբլի հեղինակ, պաշտոնական մրցումներում «Նոայում» հոբելյանական՝ 30-րդ գոլը խփեց: Այդ ցուցանիշով նա ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է: Հելդեր Ֆեռեյրան էլ «Նոայում» բոլոր մրցաշարերում 25-րդ գոլի հոբելյանը նշեց:

10. «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպման 13-րդ րոպեին բացելով հաշիվը, Նարդին Մուլահուսեյնովիչն ընդհատեց Բրունո Պինտուի տպավորիչ ցուցանիշը, որն առաջնությունում 488 րոպե շարունակ դարպասն անառիկ էր պահել: «Արարատ-Արմենիայի» դարպասապահների մեջ դա 4-րդ արդյունքն է: Իսկ ռեկորդակիրը Վալերիո Վիմերկատին է, որը 2021/22թթ. առաջնությունում 632 րոպե շարունակ գոլ բաց չի թողել:

Նախորդ հոդվածը
Բարսելոնան այսօր կանցկացնի չեմպիոնական շքերթ. հրապարակվել են մանրամասները
Հաջորդ հոդվածը
Հայ մարզիկները 9 մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։