Առաջնության ամենագոլառատ խաղը, Նալբանդյանի տպավորիչ ցուցանիշը. Fastex Պրեմիեր լիգայի 26-րդ տուրը՝ 10 փաստով
Առաջնության 26-րդ տուրից հետո չեմպիոնական մրցավազքից դուրս մնաց նաև «Փյունիկը»: Ոսկե մեդալների հարցը կարող է հանգուցալուծվել մայիսի 23-ին կայանալիք «Փյունիկ» - «Նոա» մրցախաղում, եթե վերջինիս չհաջողվի հաղթել: Հակառակ դեպքում չեմպիոնը հայտնի կդառնա ավարտական տուրում:
Sportmedia.am-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1. Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք տոնեցին 3 հաղթանակ, կրեցին մեկ պարտություն, մեկ խաղում էլ գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:: Առաջնությունում անցկացված 129 հանդիպումներում դաշտի տերերը 54 հաղթանակ են տարել, 29 խաղում գրանցվել է ոչ-ոքի, 46 անգամ հաջողության են հասել հյուրերը:
26-րդ տուրն ամենաարդյունավետն էր առաջնության գարնանային հատվածում: 5 խաղում խփվեց 19 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,8 գոլ): Իսկ ավելի շատ գոլեր (20-ական) գրանցվել են առաջնության 6-րդ և 7-րդ տուրերում: Առաջնության 129 հանդիպումներում 335 գոլ է գրանցվել (միջինը մեկ խաղում՝ 2,59 գոլ):

2. «Նոա» - «Արարատ» հանդիպումն ընթացիկ առաջնությունում ամենագոլառատն էր, որում 11 գոլ գրանցվեց (8-3): Մինչև այդ առաջնության մեկ խաղում առավելագույնը 6 գոլ էր գրանցվել («Ուրարտու» - «Արարատ»՝ 6-0, «Փյունիկ» - «Վան»՝ 5-1, «Արարատ-Արմենիա» - «Արարատ»՝ 4-2, «Ուրարտու» - «Գանձասար»՝4-2, «Շիրակ» -«Արարատ»՝ 4-2):
ՀՀ առաջնություններում «Նոայի» մասնակցությամբ հանդիպումներում նախկինում առավելագույնը 8 գոլ էր խփվել (2021/22թթ., «Արարատ»՝ 1-7, 2024/25թթ., «Վեստ Արմենիա»՝ 7-1): «Նոան» առաջին անգամ առաջնության մեկ խաղում 8 գոլ խփեց: Գործող չեմպիոնն ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով 8-րդ հաղթանակը տարավ:
3. «Արարատ-Արմենիան» ԲԿՄԱ-ի հետ մրցավեճում քամբեք գրանցեց՝ 3-2 հաշվով կամային հաղթանակ տանելով: «Արարատ-Արմենիան» ԲԿՄԱ-ի ամենադժվարին մրցակիցներից է Fastex Պրեմիեր լիգայում: Բանակայիններին դեռ չի հաջողվել հաղթել մրցակցին՝ կայացած 18 հանդիպումներում կրելով 14 պարտություն, որոնցից 4-ը՝ խոշոր հաշվով:

4. «Շիրակն» ընդհատեց 4 անընդմեջ պարտությունների շարքը՝ գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Ուրարտուի» հետ: Վերջին 3 խաղերում գյումրեցիները գոլ չեն խփել: Թիմում արդեն 317 րոպե գոլային երաշտ է:
5. «Գանձասարը» 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Այդ հանդիպումներում գանձասարցիներն ընդամենը 2 գոլ են խփել, սեփական դարպասը 10 գոլ են բաց թողել:
6. Կարեն Նալբանդյանը վերջին երկու խաղերում հստակ է իրացրել 11մ 3 հարվածներն էլ՝ Fastex Պրեմիեր լիգայում գոլերի թիվը հասցնելով 30-ի: Ընթացիկ առաջնությունում Նալբանդյանը 14 գոլ է խփել, որից 9-ը՝ 11մ հարվածով: Այդ ցուցանիշով նա յուրօրինակ ռեկորդակիր է: Նալբանդյանն ընթացիկ առաջնությունում միայն մեկ անգամ է վրիպել 11մ նշակետից. գնդակը հետ է մղել «Ուրարտուի» դարպասապահ Ալեքսանդր Միշիևը:

7. Մաթեուս Այասն առաջնության 2-րդ անընդմեջ խաղում դուբլի հեղինակ դարձավ՝ ընթացիկ առաջնությունում խփած գոլերի թիվը հասցնելով 10-ի: Նա Հելդեր Ֆեռեյրայի և Նարդին Մուլահուսեյնովիչի հետ ընթացիկ առաջնությունում «Նոայի» լավագույն ռմբարկուն է: Մուլահուսեյնովիչն առաջնության վերջին 3 խաղերում խաղադաշտից առանց գոլի չի հեռացել՝ 4 անգամ գրավելով մրցակիցների դարպասը:
8. Արսեն Բեգլարյանը «Վանի» հետ հանդիպման ավելացված ժամանակում հետ մղելով Ջոնել Դեսիրեի 11մ հարվածը, ոչ միայն ապահովեց «Ալաշկերտի» հաղթանակը, այլև Հայաստանի առաջնություններում դարպասը 103-րդ անգամ անառիկ պահեց՝ հավասարվելով Հարություն Աբրահամյանին: Նրանց գերազանցում է միայն Գևորգ Կասպարովը, որը 123 խաղում գոլ բաց չի թողել:

9. ԲԿՄԱ-ի դարպասը Ժոաո Կեյրուշի խփած գնդակը Հայաստանի առաջնություններում «Արարատ-Արմենիայի» մասնակցությամբ հանդիպումներում ընդհանուր առմամբ գրանցված հոբելյանական՝ 650-րդ գոլն էր:
10. Գոռ Մանվելյանը պաշտոնական մրցումներում «Նոայում» հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց: Նա դարձավ այդ սահմանագիծը հատած թիմի 2-րդ ֆուտբոլիստը: Ռեկորդակիրը Սերգեյ Մուրադյանն է, որը թիմում 119 խաղ է անցկացրել: