Հայտնի են բասկետբոլի Հայաստանի տարբեր տարիքային առաջնություններում 2025-2026 մրցաշրջանի հաղթողները
Ավարտվել են 2025-2026 մրցաշրջանի՝ տարբեր տարիքային տղաների և աղջիկների բասկետբոլի Հայաստանի առաջնությունները, որոնք անցկացվում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հովանու ներքո՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը:
Մինչև 12 տարեկան աղջիկների Հայաստանի առաջնությանը այս մրցաշրջանում մասնակցել է 9 թիմ: Եզրափակիչ խաղում «Բազե» թիմն առավելության է հասել «Լեռնահովիտ ԳՈԼՍ»-ի նկատմամբ և հռչակվել է Հայաստանի չեմպիոն: Բրոնզե մեդալակիր է դարձել «Շենգավիթ» թիմը:
Մինչև 12 տարեկան տղաների առաջնության չեմպիոնի կոչմանն արժանացել է ԽՄՕՄՄ-ը: Արծաթե մեդալակիր է դարձել «Արթիկ» թիմը, երրորդ տեղի համար պայքարում հաղթել է «Շենգավիթը»: Այս տարիքային առաջնությանը մասնակցել է 12 թիմ:
Մ-14 տղաների Հայաստանի առաջնության չեմպիոնը «Աջափնյակ» թիմն է, որը եզրափակչում առավելության է հասել «Կիլիկիայի» նկատմամբ: Բրոնզե մեդալակիր է դարձել «Արաբկիրը»: Նույն տարիքային խմբի աղջիկների առաջնության չեմպիոն է ճանաչվել «Շենգավիթ» թիմը, որը եզրափակչում հաղթել է ՀԱԹ-ին, իսկ բրոնզե մեդալներին արժանացել է «Պատրիոտը»: Մինչև 14 տարեկան աղջիկների առաջնությանը մասնակցել է 9, տղաների առաջնությանը՝ 10 թիմ:
Մինչև 16 տարեկան աղջիկների Հայաստանի առաջնությանը մասնակցել է 10 թիմ: Եզրափակիչ խաղում «Շենգավիթը» հաղթել է ՀԱԹ-ին և նվաճել մրցաշրջանի չեմպիոնությունը, երրորդ տեղի համար պայքարում հաղթել է «Միրաք» թիմը: Նույն տարիքային խմբում տղաների առաջնության չեմպիոն է դարձել «Արաբկիր» թիմը, որն առավելության է հասել «Պատրիոտի» նկատմամբ, երրորդ տեղը զբաղեցրել է «Շենգավիթը»: Տղաների Մ-16 տարեկանների առաջնությանը մասնակցել է 14 թիմ:
Բոլոր տարիքային խմբերի առաջնություններում մրցավարների քվեարկությամբ ընտրվել և պարգևատրվել են մրցաշրջանի լավագույն 5-ական խաղացողներ: